Ani Harutynyan

Փոխվե՞նք

Մութն էլ կարծես իմ կողմից էր այսօր. սպասվածից էլ շուտ իջավ։ Չնայած մութն այդքան էլ տեղին չէ, ավելի ճիշտ կլինի ասել խավարը։ Հազիվ էին ուրվագծվում մարդկանց կերպարանքները։ Պատուհաններից երևացող լույսերը մի տեսակ պայծառ էին. ուզում էին ազատվել վարագույրե պատնեշից ու ավելի ուժեղ լուսավորել արտաքին խավարը։ Ահա այնտեղ մի տուն կա, երևում է՝ ինչպես է վարագույրը պար գալիս. տանը չարաճճի երեխա կա։ Լույսի աչքն էլ լույս. ճանապարհ է բացվում։

Հաճախ չեք տեսնի ինձ գյուղի փողոցներում այս ժամերին, բայց եթե տեսնեք, չնեղանաք, որ ի պատասխան ձեր բարևի մի ցրված հայացք ստանաք։ Ինքս էլ չգիտեմ՝ ինչն է ստիպում այդքան շատ զգալ երեկոյի այդ ժամը, փողոցը, սառը օդը, իմ մտքերը։ Հուզվելու աստիճան շատ։ Ինձ թվում է՝ ոչ ոք այդքան չի զգում։

Քայլում եմ։ Գյուղում մի շենք կա, տարիներ առաջ այրվել է, ու անունը հենց այդպես էլ կնքել ենք՝ «վառված շենք»։ Տարիները կարծես արհամարհանքով թարս նայել ու անցել են այդ շենքի կողքով կամ, որ ավելի վատ է, դեռ մի քանի անգամ էլ հարվածել նրան։

Ինչ-որ մեկի կյանքին է նման այդ շենքը՝ լքված, տխուր, անէ։ Կյանք, որի կողքով ամեն օր ավելի պայծառ ու լուսավոր կյանքեր են անցնում՝ իրենց երջանկության մեջ չնկատելով, չզգալով նրա ցավը։ Ես էլ շատ եմ անցել, չեմ էլ նայել նրա կողմը։ Բայց այս երեկո խավարի մեջ շենքն ավելի տխուր տեսք է ստացել, մանավանդ այսօր, երբ կարծես ինչ-որ մի բան ստիպեց ինձ նայել ու մտածել նրա մասին։ Ինչքան է այն խորհրդավոր, առեղծվածային, վախ ներշնչող, ամբողջությամբ սպասում դարձած։

Սովորական ճանապարհից ավելի բարձր է տեղակայված. դիրքն ավելի ազդեցիկ է դարձնում։

Ուշադիր նայում ես ու լսում. պատերն իրենց ներսում դեռ պահում են բնակիչների աղմուկն ու երեխաների զվարթ ծիծաղը։

Հա, ասում էի՝ մենք անցնում ենք ու չենք մտածում օգնել այն կյանքերին, որոնց ընդամենը մի կայծ է հարկավոր։ Մեր մեծ լույսից մի փոքր հույս։

Անտարբեր ենք։

Փոխվե՞նք։

 

 Մայիս, 2017