Երեկո էր, երբ մեզ հյուր եկավ հայրիկիս ընկերը՝ իր փոքր տղայի ձեռքը բռնած:
Հաճախ փոքրերը չեն կարողանում արտասանել իրենց սեփական անունը. օրինակ ես «թլոշ» էի ու ինքս ինձ Ֆոֆան էի ասում: Այս երեխան նույնպես չէր կարողանում արտասանել իր անունը, բայց հակառակ դրան ինձ նման «թլոշ» չէր: Ուղղակի ուներ իր ստեղծած փոքրիկ աշխարհը:
Նա ուներ շատ գեղեցիկ, խոշոր և կապույտ աչքեր: Իսկ բառե՜րը…
Երբ տեսա, որ արդեն ձանձրանում է հայրիկիս և իր ընկերոջ խոսակցությունից՝ որոշեցի տուն տանել և զբաղեցնել: Ճանապարհին, ի զարմանս ինձ, առաջինը նա խոսեց (չէ՞ որ առաջինը միշտ մեծերն են խոսում).
-Ողջույն, ես Ապերն եմ, իսկ դո՞ւ,-զարմանալի է, և սա ասում է ընդամենը երեք տարեկան երեխան՝ այն էլ գրական հայերենով (սակայն Ապերի իրական անունը Վահրամ է):
-Ախ, Ապե~ր, ես էլ Սոֆյան եմ:
-Չէ՛, դու Աստղիկն ես:
-Աստղի՞կ, ինչի՞:
-Որովհետև բարձրահասակ ես, քեզ նայելուց գլուխս բարձրացնում եմ, համ էլ, որ մթության մեջ ժպտում ես` աստղի պես փայլում ես:
Ի՜նչ հետաքրքիր է, ուրեմն ինձ աստղի նմանեցրին:
Քիչ անց հասանք պատշգամբին, որտեղ տատիկը լվացքն էր փռում:
-Բարև տատիկ, ես Ապերն եմ, բա որտե՞ղ ա պապիկը, ախր, առանց պապիկի տատիկ չի լինում, -վրա հասավ Ապերը:
Տատիկը զարմացած շուռ եկավ, նայեց կապուտաչյա փոքրիկին ու ջերմ ժպիտով ասաց.
-Վա՜յ, բալիկ ջան, պապը ներսում հեռուստացույց ա դիտում:
Ապերը ներս վազեց, հետո հետ նայեց դեպի ինձ ու ասաց.
-Աստղի՜կ, Աստղի՜կ, դուրսը ցուրտ ա, կաթ եմ ուզում:
Ինչ արած, գնացի խոհանոց, ու մինչ ես կաթն էի տաքացնում, Ապերը պապիկի հետ զրույցի էր բռնվել.
-Պապիկ, արդեն ձմեռ ա գալիս, ես էլ նամակ պետք ա գրեմ Ձմեռ Պապին, գիտե՞ս ինչ եմ ուզելու:
-Է՜հ բալիկ ջան, ի՜նչ Ձմեռ Պապ, ես որ քո տարիքին էի՝ սով էր, ու մի կտոր հաց էի ուզում: Ասա տեսնեմ` դո՞ւ ինչ ես ուզում:
-Ես որոշել եմ Ձմեռ Պապ դառնալ, դրա համար էլ խաղալիքներ եմ ուզում ու մորուք, որ մեծանամ, եղնիկները ինձ Լապլանդիա տանեն:
Մինչ Ապերը կաթն էր խմում, եկել էր ժամանակը տուն գնալու, և նա շտապեց, խոստանալով նորից այցելել:
Ապերը իմ տեսած ամենահետաքրքիր երեխան էր: