-Վայոց Ձորը Հայաստանի ամենափոքր մարզն է, բայց ամենափոքր լինելով, ունի ամենամեծ սիրտը: Եվրոպայի օրը մենք տոնում ենք այն արժեքները, որոնք մեզ դարձնում են եվրոպացի: Այդ արժեքները շատ պարզ են՝ խաղաղությունը, միասնությունը, համերաշխությունն ու արդարությունը: Դրանք մեր ընդհանուր արժեքներն են: Արժեքներ, որոնք կիսում են հայերը և մնացած եվրոպացիները: Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Եվրոպայի օրվա տոնակատարությանը և մասնակցելու տարբեր մրցույթների: Մենք այս գեղեցիկ քաղաքում զգում ենք մեզ՝ տանը: Վայելե՛ք այս օրը, որովհետև սա ցնծության օր է: «Աչողությու՜»:
Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքերով էլ սկսվեց Եվրոպայի օրվա տոնախմբությունը Եղեգնաձորում: Շուրջբոլորը ուրախ հայացքներով մարդիկ են, որոնք շատ երջանիկ են, որ նմանատիպ միջոցառում է կազմակերպվել Եղեգնաձորում: Ինչպես արդեն տեղյակ եք նախորդ նյութերից, Եղեգնաձորում նույնպես կային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և տաղավարներ, որտեղ ներկայացվում էին տվյալ կազմակերպությունների գործառույթները:
Վիդեոն՝ Նարեկ Բաբայանի, Սերյոժա Բաբոյանի, Վահե Ստեփանյանի
Հետաքրքրությունս շարժեց երիտասարդներով լի և հետաքրքիր դիզայնով մի տաղավար:
-Բարև ձեզ, պատմեք խնդրում եմ ձեր կազմակերպության մասին:
-Մենք ներկայացնում ենք «Աղքատության վերացումը Ուրցաձոր համայնքային փնջում ինքնուրույն զբաղվածությունների ստեղծումով» ծրագիրը, որը իրենից ենթադրում է բիզնեսպլանների ներկայացնելու, մշակման և վաճառելու ծառայություն: Գյուղացիները հանդես են գալիս բիզնես ծրագրերով, և մեր հիմնադրամը Եվրամիության աջակցությամբ ֆինանսավորում է բիզնես ծրագրերը՝ կյանքի կոչելով դրանք: Դրանք կարող են վերաբերվել օրգանական գյուղատնտեսությանը, վայրի հավաքին, հյուրատների ցանցի ստեղծմանը: Սկզբնական փուլում մենք դասընթացներ ենք անցկացրել գյուղաբնակների համար: Հետո նրանք ներկայացնում են իրենց ծրագրերը, իսկ հետո արտադրանքը հիմնադրամը պատրաստ է արդար առևտրի սկզբունքով հետ գնել և հանել միջազգային շուկա:
-Շատ օգտակար առաջարկ է գյուղացիներին:
Տաղավարում ներկայացված էր նաև գյուղացիների կողմից պատրաստված խոտաբույսերով սառը թեյը:
Մի փոքր ձախ ցուցադրվում էին արևային էներգիայով աշխատող սարքեր, որոնք ներկայացնում էր Արման Հովհաննիսյանը:
-Պատմեք խնդրում եմ, ի՞նչ սարքեր են սրանք:
-Սրանք արևային էլեկտրակայանի մոդելներ են, որոնք արևային պանելների միջոցով արևի լույսը և էներգիան վերածում են էլեկտրական էներգիայի, որից հետո էլեկտրական էներգիան բերվում է համապատասխան չափանիշների՝ այսինքն, հաստատունը դառնում է փոփոխական և միանում է էլեկտրական ցանցին: Ըստ էության, դառնում է փոքր մասշտաբներով գործող հիդրաէլեկտրակայանի պես բան: Հոսանքից կարող են օգտվել բոլորը, որը էկոլոգիապես մաքուր է և ոչ մի բանի չի վնասում:
-Իսկ Վայոց Ձորում կա՞ն այդպիսի արևային էլեկտրակայաններ:
-Սկսել ենք կառուցումը, որոշ ժամանակ անց այն արդեն կօգտագործվի:
Սա ին շատ ոգևորեց, քանի որ Վայոց Ձորի մարզում արևային օրերի քանակը շատ է, և մենք կարող ենք «մաքուր» էներգիա ունենալ:
Երեկոյան սկսվեց համերգը: Մենք՝ Վայոց Ձորի երիտասարդներս, շատ ուրախ ենք տեսնելու այսպիսի միջոցառում մեր մարզում:
Հ.Գ. Ինչպես այսօր ասաց ԵՄ-ի դեսպանը. «Եղեգնաձորն ունի ամենամեծ սիրտը»: Այսօր մենք զգացինք Եվրոպայի շունչը Եղեգնաձորում և տեսանք Վայոց Ձորի տնտեսապես զարգանալու հեռանկարները:
Նոնա Պետրոսյան
***
ԵՄ դեսպանի ողջույնի խոսքից հետո մոտեցանք տաղավարներին և սկսեցինք ծանոթանալ ծրագրերին: Մոտեցա «Աշխատանք և հայրենիք» հկ-ի ներկայացուցիչ Ռուզաննա Ղազարյանին:
-Բարև ձեզ, մենք ներկայացնում ենք Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը, խնդրում ենք ներկայացնել մեզ ձեր ծրագիրը:
-Մեր ծրագիրը ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող մի ծրագիր է, ուղղված Վայք համայնքի խոշորացմանը: Ինչպես գիտեք, Վայք քաղաքին միացվել են ևս հարևան չորս գյուղեր, որը տարածքային զարգացման բարեփոխում է: ԵՄ-ն աջակցում է այս ծրագրի իրականացմանը: Ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի բաղադրիչներ: Այն ունի մեկ գյուղատնտեսական բաղադրիչ, որը համայնքներին ապահովում է գյուղտեխնիկայով, որի կարիքը, ինչպես գիտեք, մեր գյուղերում շատ կա: Մյուս բաղադրիչն ուղղված է մեր համայնքի երեխաների զարգացմանը: Քանի որ Վայք համայնքը խոշորացվել է, ապա այդ գյուղերի երեխաները ևս ունեն Վայքում գործող խմբակներին հաճախելու հնարավորություն, որին մենք աջակցում ենք, մասնավորապես տրամադրում ենք ավտոբուսներ՝ երեխաների Վայք տեղափոխումն ավելի հեշտացնելու համար: Այս ծրագրի շնորհիվ արդեն մեր երեխաներն ունեն բազում հաջողություններ, գավաթներ, մեդալներ, պատվոգրեր և այլն: Այսինքն, այս ինը ամիսների ընթացքում արդեն այս երեխաների կյանքում կան էական փոփոխություններ: Ինչպես նաև ունենք հասարակական բաղադրիչ, որի շրջանակներում համայնքի մարդիկ մասնակցում են համայնքային կյանքը կազմակերպող ու կարգավորող մի շարք նախաձեռնությունների: Ծրագիրը երեսուն ամսով է, արդեն մեկ տարի է, ինչ մեր ծրագիրը կա, և արդեն ունենք բավական մեծ առաջընթաց:
-Դուք ասացիք, որ ծրագիրն ուղղված է Վայք համայնքի խոշորացմանը: Արդյո՞ք ազդեցությունը մյուս համայնքների վրա ավելի մասնակի է, քան հենց Վայք քաղաքի վրա:
-Դե քաղաքը, այսպես թե այնպես, ունի իր առավելությունը, թե իր դիրքի, թե՝ զարգացած ենթակառուցվածքների շնորհիվ: Այստեղ խնդիրն այն է, որ օգտվեն նաև գյուղերի ժողովուրդը, քանի որ հիմնականում այդ խոշորացումներին հենց գյուղերի ժողովուրդն է հոգեբանորեն անպատրաստ: Մեր ծրագրի հաջող իրականացումը մյուս համայնքների համար օրինակ կծառայի, թե ինչպես խոշորացված քաղաքներում ճիշտ կազմակերպել կառավարումը:
-Իսկ ի՞նչ ծրագրեր կան ապագայի հետ կապված:
-Մենք ապագայի համար ունենք նախատեսված բազմաթիվ ծրագրեր, թե արդեն խոշորացված Վայք համայնքում, և թե Վայոց ձոր մարզի մյուս համայնքներում: Նոր ծրագրերն ուղղված են մասնավորապես տուրիզմի զարգացմանը:
Քաղաքապետ Դ. Հարյությունյանի հետ հարցազրույցը մեզ փոքր ինչ դժվար տրվեց, քանի որ նա խուսափում էր կոնկրետ պատասխան տալ մեր հարցերին, որոնք հիմնականում ուղղված էին ԵՄ-ի հետ իրականացվող ծրագրերին: Ամեն դեպքում մենք պարզեցինք, որ այժմ իրականացվում է այլընտրանքային էներգիայի օգտագործման հետ կապված մի ծրագիր, ինչպես նաև Եղեգնաձորում Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ շուտով կբացվի գերմանական այգի, որի վրա հիմա վերջին աշխատանքներն են տարվում:
Հասմիկ Գիվարգիզյան, Մանե Բաբաջանյան
***
Հնարավորություններ ակտիվ երիտասարդների համար
Գիտե՞ք, ինչքա՜ն ենք սպասել ու պատկերացրել, որ Եղեգնաձորը մի օր նույնպես կմիանա ակտիվ երիտասարդության նախաձեռնություններին: Այո, մենք Եղեգնաձորի նոր սերունդն ենք, և մենք պահանջում ենք քիչ մը ժամանց ու անմոռանալի տրամադրություն: Ձեզ ուրախացնելով՝ կնշեմ, որ այսօր այն ստացվեց:
Սկզբում Եվրոպական միության դեսպանը ելույթ ունեցավ: Իսկ ես այդ ժամանակ նայում ու մտածում էի. «Ի՜նչ հավես ա, որ դեսպանը Եղեգնաձորում ա, որ մեզ չեն մոռացել, որ մենք էլ էս մեծամասշտաբ միջոցառման մի մասն ենք»:
Դեռ ժամը 3-ն էր, երբ շրջում էինք տաղավարներով՝ ծանոթանալով ԵՄ-ի կողմից ֆինանսավորված և երիտասարդների համար նախատեսված ծրագրերին: Ամեն մեկը յուրօրինակ էր, ուներ իր հետաքրքիր մտահղացումը և, իհարկե, ակտիվ, ոգեշնչող երիտասարդների թիրախ խումբը, առանց որի անհնար էր ծրագրին թևեր տալ:
Ահա մի տաղավար, որը անմիջապես ուշադրությունս գրավեց, և մոտեցա նրանց.
-Բարև ձեզ, ես 17.am-ի պատանի թղթակիցներից եմ,- հպարտ-հպարտ ասում եմ ես,- կցանկանամ մի փոքր ավելին իմանալ ձեր նախաձեռնած ծրագրի մասին:
-Բարև Ձեզ, ուրախ եմ, որ հետաքրքրված եք մեր նախաձեռնությամբ: Ես Դիանա Չոբանյանն եմ՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի մարզային ծրագրերի ղեկավարը: Նշեմ, որ մեր կազմակերպությունը հիմնադրվել է դեռ 2009 թվականից: Մենք իրականացնում ենք դասընթացներ՝ զարգացնելով երիտասարդների միտքը:
-Լավ, իսկ ո՞րն է Ձեր հիմնական նպատակը:
-Մեր նպատակն է՝ աջակցել, ոգեշնչել և ներգրավել երիտասարդներին Հայաստանից և նրա սահմաններից դուրս:
-Իսկ մոտակա ժամանակներս որևէ բան նախաձեռնե՞լ եք Եղեգնաձոր համայնքի համար:
-Այս ծրագրով մենք նախատեսում ենք Հայաստանի հինգ ընտրված քաղաքներում անցկացնել տարբեր դասընթացների շարք՝ տարբեր թեմաներով: Մեր թեմաներն են՝ աշխատանքային հարցազրույց անցնելու հմտություններ, ինքնակենսագրականի կազմում (CV), միջազգային և տեղական կրթական հաստատությունների մասին տեղեկատվության տրամադրում և այլն:
Ընտրված մարզերում, առանց բացառության, փորձում ենք հնարավորինս շատ երիտասարդների ներգրավել: Բայց մինչև դասընթացներին մասնակցելը, նրանց հնարավորություն կտանք հարցաթերթ լրացնել, որտեղ թեմաները նշված են, և առավելագույն միավորը հավաքած թեմաները կներկայացվեն դասընթացների ընթացքում:
-Ինձ հետաքրքրեց, թե որո՞նք են ձեր գործունեության ուղղությունները:
-Մեր հիմնական ուղություններն են՝ ակտիվ քաղաքացիությունը, կայուն զարգացումը, միջմշակութային երկխոսությունը, գենդերային հավասարությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները:
-Ո՞ր տարիքային խումբն է կազմում ձեր թիրախային խումբը:
-Մեր թիրախային խումբը կազմում են 16-25 տարեկան երիտասարդները, ովքեր բնակվում են մարզերում:
-Իսկ դասընթացներից հետո ծրագիրը շարունակական բնույթ կրո՞ւմ է:
-Այո՛, դասընթացներից հետո մենք անցնում ենք ծրագրի երկրորդ փուլին, դա միջազգային ֆորումն է, որին իրենց մասնակցությունն են ունենում Հայաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում անցկացված մեր դասընթացների մասնակիցները:
Կցանկանամ, որ մեր դասընթացներին մասնակցած երիտասարդները կապ հաստատեն մեզ հետ և մասնակցեն նաև մեր այլ ծրագրերին:
Սոֆյա Աբրահամյան
***
Եվրամիության աջակցությամբ իրականացվող ծրագրերի կողքին իր տեղն էր գտել նաև մեր՝ «Մանանա» կենտրոնի տաղավարը, քանի որ մենք էլ իրագործում էինք «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագիրը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակը Հայաստանում երիտասարդական քաղաքացիական լրագրության զարգացումն է: Ծրագրի ընթացքում լրագրության, լուսանկարչության և կինոնկարահանման գործնական դասընթացներ, սեմինարներ և մեդիա ճամբարներ են կազմակերպվել բոլոր մարզերի 14-ից 24 տարեկան պատանիների ու երիտասարդների համար:
Մեր ծրագիրը ներկայացնում էր ծրագրի համակարգող Լիլիթ Կարապետյանը.
-Մենք ներկայացնում ենք Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը, որը հովանավորվում է ԵՄ-ի կողմից: Մեր ցանցը իր շուրջն է միավորում Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից 14-24 տարեկան շուրջ 800 թղթակիցների: Երեխաները սովորում են լրագրություն, ֆոտոլրագրություն, վավերագրական կինո: Գրում են նյութեր իրենց հուզող խնդիրների մասին, կիսվում իրենց մտքերով: Նյութերը տեղադրվում ենք 17.am կայքում, ինչպես նաև թողարկում ենք «Խաբարբզիկ» ամսագիրը, որտեղ տպագրվում են մեր թղթակիցների նյութերը և լուսանկարները:
Չնայած նրան, որ Վայոց Ձորից բավականին շատ թղթակիցներ ունենք, բայց բազմաթիվ եղեգնաձորցի երիտասարդներ մեծ հետաքրքրությամբ էին լսում, նրանցից ոմանք մեզ միանալու ցանկություն հայտնեցին:
Մեր հարցազրույցները այլ տաղավարների մոտ ավարտելուց հետո վայոցձորցի պատանի թղթակիցներով շտապեցինք մեր տաղավարի մոտ, որպեսզի ինքներս էլ այցելուներին ներկայացնենք մեր աշխատանքը:
Պետք է նշել, որ ոչ ոք չէր կարողանում անտարբեր անցնել մեր վրանի կողքով: Սեղանին մոտեցած երեխաներից մեկը, ով 10-12 տարեկան հազիվ լիներ, ուզում էր իմանալ, արդյոք ինքն էլ կարո՞ղ է թղթակցել 17-ին: Նրան ասացինք, որ կարող է, բայց միայն մեկ պայմանով. եթե լավ գրի ու հետևի մեր տված խորհուրդներին: Հետաքրքրքական էր նաև մեծերի վերաբերմունքը, որոնց դեմքին ակնհայտ դժգոհություն էր հայտնվում, երբ իմանում էին, որ թղթակիցները հիմնականում 14-24 տարեկան են: Երևի իրենք էլ էին ուզում թղթակցել, և ափսոսում էին կորցրած ժամանակի համար: Մեր տաղավարին մոտեցողներին, ծրագրի մասին պատմելուց զատ, նվիրում էինք նաև մեր «Խաբարբզիկ» ամսագրերը, որոնք տուն տանելով և ընթերցելով, վստահ ենք, շատերը կցանկանան դառնալ պատանի թղթակից:
Իսկ Վայոց Ձորին շատ թղթակիցներ ունենալը անհրաժեշտություն է, և ասենք՝ ինչու: Եվրոպայի օրերի շրջանակում մենք միակ մարզն էինք, որտեղ ԵՄ պատվիրակությունը մամլո ասուլիս չարեց: Պատճառն այն էր, որ մեր մարզում չկան մամուլի միջոցներ: Կարելի է ասել, միայն մենք՝ 17-ի Վայոց Ձորի պատանի թղթակիցներս ենք մարզում կատարվող իրադարձությունների, մեզ հուզող խնդիրների մասին գրում, և առհասարակ, մեր մարզը ներկայացնում մամուլում:
Մանե Բաբաջանյան, Հասմիկ Գիվարգիզյան
***
- Մասնավոր հայացք
- Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի
-Կներկայանա՞ք:
-Ես Գուրգեն Ալեքյանն եմ, «Եվրոպայի օրեր» ծրագրի այս տարվա հաղորդավարը։
-Առաջին անգա՞մ է, որ մասնակցում եք։
-Այո, հայտարարվեց հաղորդավարների մրցույթ ֆեյսբուք սոցիալական ցանցում, որոշեցի մասնակցել: Ուղարկեցի կարճ հոլովակ, փուլերը անցնելով՝ հասա եզրափակիչ փուլ ու դարձա հաղորդավար և այսօր այստեղ եմ։
- -Առաջին անգա՞մն եք Եղեգնաձորում։
-Այո, առաջին անգամն եմ։ Երբ ավտոբուսից իջա, իմ սովորության համաձայն, հետաքրքրասեր եմ տեսակով, շտապեցի տեսնել հնարավոր ամեն ինչ քաղաքում: Քանի որ տարբեր մարզերով շրջեցինք երկու շաբաթվա ընթացքում, ես մի պարզ ճշմարտություն հասկացա,որ մենք՝ Երևանում ապրողներս, շատ բան ունենք անելու, որպեսզի մարզերում ևս ակտիվանա կյանքը։ Եղել եմ ուրիշ քաղաքներում, որ իջնում եմ բեմից, բոլորն ասում են՝ կարելի՞ է ձեզ հետ նկարվել, կարելի՞ է ստորագրություն վերցնել։ Դա տարօրինակ է ինձ համար, որովհետև ես ոչ հայտնի մարդ եմ, ոչ էլ հեռուստատեսությամբ եմ երևում, պարզապես այսօր վարում եմ այս միջոցառումը։ Այսինքն, էնքան քաղց կա մարզերում նորությունների և հայտնի մարդկանց, որ անգամ անծանոթ հաղորդավարի հետ են ուզում լուսանկարվել: Մեր մշակույթի գործիչների պարտքն է՝ իրենց գործունեությունը ծավալել նաև մարզերում և հաղորդակից դարձնել մարզերի բնակիչներին ևս։
-Իսկ կա՞ն հետագա ծրագրեր, որոնց նախաձեռնողը կուզենայիք հենց դուք լինել։ Ի՞նչ կուզենայիք անել մարզերի համար։
-Կկազմակերպեի հետաքրքիր վարպետաց դասեր: Այն մարդիկ, ովքեր անցել են ճանապարհ և ունեն կիսվելու փորձ՝ տարբեր ոլորտներից, սկսած քաղաքականությունից վերջացրած երաժշտությամբ, իրենց փորձով կիսվեին մարզերի երիտասարդների հետ:
Շատ կուզեի, որ Երևանի երիտասարդները իրենց գործունեությունը տեղափոխեն և ծավալեն մարզերում։ Ինչպես արել էին Դիլիջանում երկու երևանցի երիտասարդ աղջիկներ, որոնք սրճարան էին բացել: Նրանցից մեկի հետ կարճ զրույց ունեցա։
Տարբեր կրթական ծրագրեր կարելի է իրականացնել։ Չգիտեմ, պետք է մտածել։ Եղեգնաձորցին մեղավոր չէ, որ ծնվել է Երևանից հեռու և պետք է կտրված լինի երևանյան եռուզեռից։ Չէ, պետք է այնպես անել, որ դուք էլ հաղորդակից լինեք։
-Ասացիք, մինչև միջոցառման սկիզբը շրջել եք քաղաքում, ի՞նչն է ձեզ ամենաշատը հուզել այստեղ։
-Մշակույթի տան վիճակը։ Ես ներս չեմ մտել, բայց տեսնելով արտաքինից, արդեն իսկ պատկերը հուսադրող չէ։ Հնարավոր է, որ ներսում լինեն մի քանի սենյակներ, որոնք վերանորոգված են, որ հյուրերին մշտապես ներկայացվեն դրանք։ Պետք է մտածել այդ մասին և ֆինանսավորումը պետբյուջեից պետք է ճիշտ օգտագործել։ Ես գիտեմ, որ քիչ է, չի հերիքում, բայց պետք է ամեն ինչ անել, մտածել ինչ-որ բաներ։ Եթե կարողանանք մի քիչ ժամանակ տրամադրել, մտածել պետության մասին, երկրի ապահովման և առաջընթացի մասին, համոզված եմ, որ լուծումներ կգտնվեն։ 21-րդ դարն է, և կան բազմաթիվ ֆինանսավորման հարթակներ օնլայն, որտեղ դու կարող ես հավաքել գումար։ Պարզապես պետք է ճիշտ մատուցել խնդիրը, որպեսզի օգնության պատրաստ մարդիկ դրան արձագանքեն։
Հարցազրույցը վարեց Անի Շահբազյանը