milena araqelyan

Վստահությունը գործի կեսն է

Սովորականի պես օր էր: Դասարանում նստած էինք, նորից անգլերենի դասն էր: Այս անգամ դասը նախորդներից տարբերվեց նրանով, որ հայտարարեցին «Ֆլեքսի» մասին: Իմացանք, որ անգլերենի մրցույթ է, և որ ամենակարևորն է՝ հաղթողների մրցանակը ԱՄՆ-ում մեկ տարի ապրել-սովորելն է: Ամեն նոր փորձության հանդիպելիս մի պահ ինքնավստահությունս կորչում է, այս անգամ բացառություն չեղավ: Մտածեցի, որ ես հաստատ չեմ կարող, հաստատ չեմ անցնի, ու ի՞նչ իմաստ ունի մասնակցել, եթե արդյունքը դրական չի լինելու: Մինչ ես մտքումս գծագրում էի այս ամենը, ուսուցչուհիս ասաց.

-Միլենա, դու անպայման մասնակցելու ես:

Ու այստեղ արդեն մտքերս բարձրաձայն արտահայտեցի: Ուսուցչուհիս չզարմացավ՝ լսելով իմ թերահավատություն ներշնչող խոսքերը: Իմ մտքերին հակառակ՝ ես մասնակցեցի առաջին փուլին: Մեր դպրոցից յոթ հոգով էինք: Առաջին փուլը հեշտ էր, այդ պատճառով վեցս անցանք: Նույնը օրը տեղի ունեցավ նաև երկրորդ փուլը: Այս անգամ արդեն դժվարություններ առաջացան. պետք է 4 թեմայով շարադրություններ գրեինք: Արդեն քչերին էր վիճակված անցնել: Պետք էր մոտ մեկ ամիս սպասել արդյունքներն իմանալու համար: Ես ընդհանրապես չէի մտածում անցնելու մասին:

Անցավ մոտ երկու շաբաթ: Հոկտեմբերյան ցուրտ օր էր: Պարապմունքներս էի անում, երբ հանկարծ անծանոթ համարով զանգ եկավ: Վերցրի հեռախոսը՝ առանց մտածելու, որ դա հենց այն զանգն էր, որին շատերը երևի անհամբերությամբ էին սպասում, իսկ ես պարապմունքներիս պատճառով գրեթե մոռացել էի դրա մասին: Զանգից պարզվեց, որ անցել եմ վերջին՝ երրորդ փուլ: Վեցիցս ընդամենը երկուսս էինք անցել: Զարմանքը, ուրախությունը, շփոթմունքը խառնվել էին իրար: Մեկ շաբաթից լինելու էր վերջին փորձությունը, որն իր մեջ ներառում էր խմբային աշխատանք, էսսեներ և բոլորիս համար սարսափելի թվացող հարցազրույց: Հոկտեմբերի 18-ն էր, բայց Հրազդանում արդեն ձմեռ էր: Սևան-Հրազդան ճանապարհը ամբողջությամբ սպիտակ էր, ու շարունակ մեծ փաթիլներով ձյուն էր տեղում: Արդեն ինքնավստահությունս սկսել էր վերադառնալ, ու անցնելու ձգտումն էլ դրա հետ մեծանում էր: Լարվածություն էր առաջացել ներսումս, քանի որ հենց երկրորդը ես պետք է մտնեի: Բոլորի պես վախենում է հարցազրույցից: Բայց մթնոլորտը այնքան դրական ու մոտիվացնող էր, որ վախն ու լարվածությունը սենյակ մտնելուն պես վերացան: Ամեն ինչ շատ լավ անցավ, և ժպիտը դեմքիս դուրս եկա այդ սարսափելի թվացող, բայց իրականում ամենադրական լիցքերով լիցքավորված սենյակից: Հարցերը շարունակվեցին նաև դրսում.
-Հը՞ն, ո՞նց էր, ի՞նչ հարցեր էին տալիս, դժվա՞ր էր, խի՞ստ էին…
Ու այդպես շարունակ:

Երևի այդ փուլն էլ հաղթահարեցինք: Դեռ երկար պետք է սպասենք արդյունքներին:Եթե անցնեմ, կարծում եմ կկիսեմ տպավորություններս հենց քո հետ ու կխոսեմ ինքնավստահության անհրաժեշտության մասին:

Ամեն դեպքում ինքնավստահությունը գործի կեսն է: