Արեգի սիրտը փնտրեք լեռներում

«Քո հանդեպ սերը սկսվում է հայրենիքի հանդեպ սիրուց, ու եթե ես չպահեմ ամեն միլիմետրը, որ մերն է, էդ սերը գնալով կպակասի թե՛ քո հանդեպ, թե՛ հայրենիքի», – այսպես էր 44-օրյա պատերազմի հերոս Արեգ Ադուրյանը պատասխանել սիրած աղջկա խնդրանքին` փորձել ծառայության չգնալ։

Արեգը, ում ընկերները հաճախ Արեգակ էին կոչում լուսավորության ու պայծառության համար, չափից շատ սիրում էր Հայաստանի լեռները, ու նրանց երկարաժամկետ հրաժեշտ տալ կարող էր միայն ծառայության գնալու և հայրենիքն ու լեռները պաշտպանելու համար։ Հայրն ասում է՝ լեռներն իր կյանքն էին։ Երբ ծառայում էր Իջևանում, լեռնագնացների իրենց խումբը այդ տարածքում լեռ էր բարձրանալու։ Արեգը հատուկ այդ օրվա համար արձակման թերթիկ էր խնդրել ու միացել թիմին։ Հատիսն էր սիրելի լեռը։

«Արեգի ներսում փիլիսոփա էր ապրում. դա նաև զգացվում էր ֆեյսբուքյան էջի գրառումներից։ 2020թ․-ին՝ անկախության օրը շնորհավորելիս, գրել էր` խնդրում եմ չդադարել ստեղծել ու ստեղծագործել, ժամանակ չկորցնել մեր պետությունն ավելի լավը դարձնելու գործում, քանի որ անկախության ամեն մի օրն անգին է», – պատմում է հայրը՝ Արտակը։

Արեգն ամենուր էր․ բժշկությունից մինչև գրաֆիկ դիզայն, ԹՈՒՄՈ ու լեռներ։ Իսկ Երևանը, իր ամեն անկյունով ու շենքով, Արեգի հավերժական սերն էր։ Երբ կարճաժամկետ մեկնում էր Ռուսաստանի Դաշնություն՝ հորն այցելելու, անընդհատ գրում էր ընկերներին․ «Երևանս ո՞նց ա, կարոտել եմ»։

Շարունակելով հոր գործը՝ Արեգն ընտրել էր բժշկության ուղին։ Սովորել էր Մխիթար Հերացու անվան քոլեջի ատամնատեխնիկական բաժնում, ընդունվել Հայբուսակ համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը։ Ծառայության ընթացքում էլ բուժակ էր։

Հայրը պատմում է․ «Շատ ընկերասեր էր ու առանց չափազանցնելու՝ իր ընկերների համար անգամ կյանքը կտար։ Եվ այդպես էլ եղավ։ Հոկտեմբերի 19-ի առավոտյան 10։15 իր դասակի վիրավոր հրամանատարին բերում, հասցնում է մեքենային ու կարող էր հրամանատարի հետ դուրս գալ դիրքից, բայց նրան թողնում, ինքը վերադառնում է մարտի դաշտ։ 10։45 արդեն անմահացել էր»։

Հայրն ասում է, որ մինչ դեպքը տեղի ունենալը, կապվել էր բոլոր սիրելիների հետ ու խոսել, կարծես զգում էր՝ ինչ է լինելու։ Արեգի զոհվելուց հետո նրան փնտրել են 51 օր, ընտանիքն անգամ չգիտեր՝ զոհվել է, թե գուցե գերի է։ Երկար փնտրտուքների արդյունքում կարողացել են գտնել զինծառայողների, ովքեր գիտեին դեպքը տեղի ունենալու վայրը և ուղեկցել են ընտանիքին։

Արեգը միշտ լեռներում է ու ամեն անգամ լեռներ գնալիս կհանդիպեք իրեն։

Արեգ Ադուրյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։