Արթուր Բալասանյանն իր գրեթե բոլոր լուսանկարներում ու տեսանյութերում լայն ժպտում ու բարձր ծիծաղում է։ Անգամ լուսանկարից ժպիտը վարակում է, ու հանկարծ գիտակցում ես, որ դու էլ լայն ժպտում ես։
Դժվար է կյանքում Արթուրի պես նվիրված ու լավ ընկեր գտնելը, բայց գտնելուց հետո էլ կորցնելն անպատմելի ցավ է բերում` փաստում են ընկերները։ Մագնիսի պես Արթուրը ձգում էր բոլորին ու գրավում իր դրական էներգիայով, տարբերվող տեսակով։
Դեռ մանկուց ճշգրիտ գիտություններով հետաքրքրված լինելով՝ Արթուրը անսպասելիորեն արվեստի ուղին է բռնում, սկսում նկարել և ընդունվում է Գեղարվեստի պետական ակադեմիա․ ճարտարապետ-դիզայներ պիտի դառնար։ Նպատակները կապում էր այդ մասանգիտության ու ստեղծագործելով աշխարհը գեղեցկացնելու հետ։
Երգով ու պարով գնաց ծառայության: Մեկնելու առավոտյան էլ ընկերները ուրախ ու երգելով ճանապարհեցին։ Ամբողջ ծառայության ընթացքում երբեք չէր բողոքում, բնավորության համաձայն ժպտում էր։
Պատերազմից մի քանի օր առաջ արդեն դիրքերում էին։ Հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, ոչնչացրին հակառակորդի մեկ տանկ ու տանկի հետևակ։
Արթուրն ընտանիքի հետ վերջին անգամ կապ էր հաստատել սեպտեմբերի 26-ին։ Սեպտեմբերի 27-ին Արթուրն ու իր 5 ընկերները անմահացան։ Երկար որոնումներից հետո՝ 2021թ․-ի փետրվարին, հարազատները գտան Արթուրի մարմինն այն նույն դիրքում, որը հերոսաբար պաշտպանել էր։
Արթուր Սերյոժայի Բալասանյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։