Հոկտեմբերի 21-ին Մասիս քաղաքում անցկացվում էր «Շախմատային աշուն» խորագիրը կրող միջոցառում, որի հատուկ հյուրն էր ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոլին՝ Լևոն Արոնյանի կինը:
Զրուցակիցս Արմեն Նազարյանի անվան մարզադպրոցի շախմատի մարզիչ Անահիտ Վարդանյանն է:
-Պատմեք միջոցառման գաղափարի և ֆորմատի մասին:
-Միջոցառումը, որը կրում է «Շախմատային աշուն» խորագիրը, այս տարի անցկացվում է առաջին անգամ, բայց նպատակ ունի դառնալու ամենամյա: Միջոցառման նպատակն է՝ պատանի շախմատիստներին հնարավորություն ընձեռել խաղալ փորձառու շախմատիստի հետ և նոր հմտություններ ձեռք բերել:
-Այսօր ձեր հյուրն է Արիանա Կաոլին: Ինչպե՞ս հաջողվեց նրան դարձնել օրվա հյուրը:
-Երբ նպատակ կար միջոցառումն իրականացնելու, մենք փնտրում էինք հարմար թեկնածու, ով կհամաձայներ անցկացնել խաղի միաժամանակյա սեանս երեխաների հետ: Մի օր ես համացանցում տեսա, որ Արիանան շախմատային սեանս է անցկացրել բանտարկյալների հետ և որոշեցի, որ հենց նա կարող է դառնալ մեր հյուրը: Օգոստոս ամսվանից սկսած համագործակցում ենք նրա օգնականի հետ, և այսօր դուք տեսնում եք արդյունքը:
-Ըստ ձեզ՝ ի՞նչ կտա երեխաներին այս միջոցառումը:
-Կարծում եմ՝ երեխաները առաջին հերթին կունենան փորձի փոխանակում: Սա երեխաների համար կարևոր է, քանի որ նրանք կհասկանան, որ պարտությունը աշխարհի վերջը չէ, և որ յուրաքանչյուր կայացած շախմատիստ իր հաջողություններին է հասել պարտությունների գնով:
Արիանան անցնում է ավելի քան 20 խաղատախտակների մոտով և խաղում տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ: 10-ամյա Լիլիան Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից է: Նրան հինգ տարեկանում խաղալ է սովորեցրել եղբայրը, որը 13 տարեկանում արդեն շախմատի առաջին կարգ ունի: Լիլիան, իր հաջորդ քայլը մտածած, սպասում է Արիանային:
Աչքերում տեսնում եմ լարվածություն, հույս ու հավատ, որ մի օր ինքն էլ Արիանայի տեղում կանգնած կասի՝ շախ և մատ: