«Բայղուշը»

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Մրգեր գնեցինք, թթվասեր, կաթնաշոռ, մայիսյան գերուրախ, հաղթական տրամադրությունն էլ կար ու կար, ու շարժվեցինք Այգեձոր` տատիկին ու պապիկին տեսակցության: Ամռանը թոռնիկներով շրջապատված են լինում, իսկ մյուս եղանակներին, ցավոք, հաճախ գնալ չենք կարողանում` դասեր, աշխատանք… Ու այդպես մնում են, ինչպես իրենք են ասում՝ մենակ, ինչպես մենք ենք ասում` երկուսով: Առանց մեզ մենակ են, մենք էլ գիտենք, բայց իրենց չենք խոստովանում, հաստատուն տոնով ասում ենք` երկուսով եք, իրար թև ու թիկունք:

Չնայած արդեն պատկառելի տարիքին, տատս հավեր է պահում: Ասում է. «Էդքան ասիլ միք՝ հավ չպահես, չըրչարվես վեչ: Զբաղվըմ եմ, էլի: Րեխի պես են. կերը կես ժամ էլ ուշացավ` րեխի պես լաց են լըմ, ծեն ածըմ…»,- ու տատս, միշտ այս պատասխանը տալով, երկար տարիներ է, հավեր է պահում: Ամեն թոռնիկի գնալով` թոռան ընտրությամբ, մեկին մորթում, թոռան ուզած ճաշը եփում: Երբ փոքր էինք, հավերին «տանջում էինք»` քարերով խփում, ջրում, խեղդում…

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Մինչև հիմա էլ, ամեն գյուղ գնալիս, տատս ասում է. «Արդեն կուճուր չեք, հավերիս քեփին կպչեք վեչ»:

Նստած էինք տան առաջ` պապիս սարքած նստարանին: Հանկարծ տատս վեր թռավ. «Րեխեքը ծեն են ածըմ, կերի ժամն ա»: Տատիս հետ գնացի: Հանկարծ նկատեցի` հավերից մեկը ընդհանուր հավաբնում չէ, տատս էլ հավերին կեր տալիս հավերի հետ խոսում է, ու տեսնեմ՝ այդ հավին «բայղուշ»-ով է դիմում: «Ան, ա բայղուշ, տյու էլ կե»:

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Հարցուփորձ արի, տատս պատմեց. «Էսքան տարի ա՝ հավ եմ պահըմ, սհե զատ տեսած չեմ: Էս հավը բայղուշ ա, բայղուշ: Էն մնացած հավերի հետ յոլա չի քընմ, մի հվապընըմ նրանց հետ կենըմ չի, կռիվ ա անըմ, մի ամանից նրանց հետ կեր չի ուտըմ: Ստիպված առանձին հավապընմ եմ պահըմ, առանձին ամանով կեր տալի: Առաջին երկու օրը ասեցի՝ դաստիարակեմ սրյա, բայց թե բայղուշ օքմուն կարաս փոխես՝ սրյա էլ հետը»: