Վերջերս տեղի ունեցավ Հայաստանի պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխությունը, ու ես համարվեցի «Ամենանախաձեռնող թղթակից »: Վստահ եմ, պատկերացնում եք` ինչ պարտավորեցնող, ոգևորող է մոտ 1000 թղթակիցներից համարվել ամենանախաձեռնողը : Դե, իսկ մրցանակները … 17-ի թղթակցի քարտ, «Խաբարբզիկի» հատուկ թողարկման շապիկին լավագույն թղթակիցների մեջ կար նաև իմ նկարը, իսկ ներսում ` իմ ամենասիրելի նյութը , անվանական բաժակ, թաբլեթ…
Դե ինչպես շատ թղթակիցներ, ես էլ սկսեցի մտովի հետ քայլել, հիշել՝ ինչպես հանդիպեցի 17-ին, ինչպես այն դարձավ ինձ այսքան հարազատ: Մոտ մեկ տարի առաջ էր, ճամբարում էի, նկատում էի հանգստի ժամերին ընկերներիցս շատերը մի հարմար տեղ էին գտնում, նստում, գրում, ջնջում, էլի գրում, հետո վազում համակարգչի մոտ ու մի քանի օրից ոգևորված ու հպարտորեն ցույց տալիս իրենց նյութը 17-ում: Իսկ մի քանի ժամից հայտարարում էին. «Այսքան մարդ հավանեց, այ այս մասը շատ լավ ստացվեց, ա~, ընկերներս տարածել են, նոր մեկնաբանություն…»,- ու այսպես իմացա 17-ի մասին: Մինչ այդ էլ ես շատ էի սիրում գրել, բայց նյութերս տեսնողներն ու գնահատողները միայն ընկերներս ու հարազատներս էին, նրանցից այն կողմ՝ ոչ ոք, իսկ այժմ իմ նյութերը հասանելի են բոլորին: Առանց ժամանակ կորցնելու 17-ին ուղարկեցի առաջին նյութս. «Աղմկեք իմ սրտում ու հոգում» վերնագրով: Դեռևս ոչ մի մեդիա դասընթացի չէի մասնակցել, և կար որոշ շտկումների կարիք, և 17-ցիները ինձ օգնեցին, որից հետո նյութս բավականին լավ արձագանք ստացավ, ինչը ինձ ավելի ոգևորեց: Երբ ուղարկում էի առաջին նյութս, մտածում էի՝ գուցե լավ չեմ գրել, գուցե ինչ-որ բան այն չէ, բայց չէ, 17-ը ինձ սովորեցրեց հավատալ սեփական ուժերին ու միշտ սովորել: Ճիշտ է, մի քանի նյութերս արդեն 17-ում կային, բայց միայն որոշ ժամանակ անց հասկացա, թե ինչ է նշանակում լինել 17-ի թղթակից: Երբ անկախ քեզնից ինչ-որ հետաքրքիր կամ քեզ հուզող բանի մասին մտածելիս արագ վերցնում ես գրիչ ու թուղթ ու գրում, երբ մի նոր վայրում ես լինում, միանգամից լուսանկարում ես, չէ, ինստագրամի համար չէ, այլ 17-ի:
Ու այս ամենից բացի 17-ը ինձ տվել է նաև «շատ թանկ նվերներ»` ՀՀ տարբեր մարզերից լավ ընկերներ, նրա շնորհիվ ծանոթացել եմ շատ հետաքրքիր մարդկանց հետ, որոնց հետ խոսակցությունը սովորաբար սկսվում է այսպես.
-Բարև, վերջին նյութդ շատ լավն էր,- կամ,- բարև, 17-ից ես, չէ՞:
17-ը միշտ իմ կողքին է, կարծես լավ ընկերը լինի, ամեն ինչ ուզում ես պատմել իրեն, ամեն ինչ: 17-ի հետ դեռ մի երկար ճանապարհ ունեմ անցնելու: