Երևի մի 20 րոպե գրիչը վերցրել էի ձեռքս ու քառակուսի պատուհանից դուրս էի նայում ՝ չգիտեի` ինչ գրել:
Պատուհանից այն կողմ գրված էր Էջմիածին: Ես գնացքում էի, հասել էինք Էջմիածին: Առավոտ ժամը 8: 30 էր: Այս անգամ որոշեցի Գյումրի գնալ գնացքով: Մտածում էի` ինձ մի հրաշք ուղևորություն է սպասվում: Իրականում այն բացահայտումներով էր լի:
Սպասում էի, որ կտեսնեմ ինձ նման արկածներ փնտրող երիտասարդների, կտեսնեմ յուրահատուկ մարդկանց, որոնք զուտ նախասիրություններից ելնելով ընտրել են գնացքը: Բայց պատկերը այլ էր՝ ավելի իրական էր:
Ուրբաթ առավոտ՝ աշխատանքային էր: Ես վազելով հասա գնացքին, մտա, նստեցի: Մի աղջիկ ինձ տեսնելով եկավ ու նստեց իմ դիմացը: Ես երևի նրան ապահովություն ներշնչեցի, դրանից ինձ ավելի քաջ զգացի:
Եկան մի քանի կանայք` 50-55 տարեկան, նստեցին ինձ հետ: Արևից մգացած դեմքերով, ձեռքերի չորացած մաշկով ու հոգնած աչքերով: Շտապում էին դաշտային աշխատանքի: Խոսում էին, ծիծաղում, ինձ էլ փորձում ծիծաղեցնել, բայց ծիծաղել չէր ստացվում, նրանց չորացած ձեռքերը թույլ չտվեցին: Ես աչքս չէի կտրում. նրանց չորսի ձեռքերին էի հերթով նայում: Ինձ համար այնքան գեղեցիկ էին, կնճռոտ էին, ափերի մասը` ճաքճքած: Այդ ձեռքերը պատմում էին, թե որտեղ է աշխատում իրենց տերը, ու թե ինչքան հոգս կա այդ ձեռքերի վրա, չնայած նրան, թե ինչքան հեզ ու նուրբ էին ծնվել դրանք: Կանայք չթողեցին, որ երկար հետազոտեմ իրենց: Իրենց կանգառում իջան:
Գնացք բարձրացան ծանր, մեծ պարկերով մարդիկ: Պարկերում բանջարեղեն էր, կանաչի, միրգ: Դե, երևի դրանք նախատեսված էին մի ողջ օր շուկայում դրվելու ու իրենց մշակողին վերջապես շահույթ բերելու համար: Իսկ երբ մենք գնում ենք շուկա, սկսում ենք սակարկել, 400 դրամը սարքել 200 դրամ, չնայած դրանից մեր գրպանը այդքան չի տուժում, իսկ այդ մարդկանց քրտինքը, տանջանքը չի գնահատվում, և գուցե այդ օրվա հացն էլ կիսվում է, մեր իսկ ձեռքով:
Աստիճանաբար վագոնը լցվում էր, ապա դատարկվում: Լցվում էր ամենատարբեր մարդկանցով: Շրջում էր մի տատիկ.
-Ընտի՜ր մածունով գաթա՜…
Մյուսը դիմացից եկավ.
-Թարմ կանաչի՜…
Ի՞նչն է ստիպել այս կանանց շրջել գնացքում, վաճառել այստեղ, չէ որ շատ-շատ քչերին էին հետաքրքրում միջանցքով անցնող, որոշներին նույնիսկ նեղություն տվող կանայք:
Նստած էին շատերը, յուրաքանչյուրն ուներ իր մթնոլորտը, իր շնչելու տարածքը, իր քառակուսին: Յուրաքանչյուրն ուներ իր մտահոգության առարկան, իր հոգսերը, որ եթե նայեինք` շատերի հոգսերը գրվում էին նրանց մռայլ, կնճռոտ դեմքերին:
Իսկ քառակուսի պատուհանից այն կողմ ինչ-որ գործարանից սև ծուխ էր բարձրանում վեր: Նույնիսկ դրսում գորշ մթնոլորտ էր տարածվում:
Մի կին, որը երևի 90-ամյա տատիկ լիներ, օգնեց մի կնոջ ծանր տոպրակները տեղափոխել: Բա՞ , ոչ մի «ծանր սոցիալական վիճակ» կոչված մեզանից շատերին չի զրկի մարդկությունից: Իսկ ինձ էլ թվում էր, թե ծանրաբեռնված դասերը՝ կիսատ ռեֆերատը, հոգս է: Այստեղ մարդիկ ընտանիքների կերակրման հարց են լուծում:
Առավոտը մռայլ բացվեց, այնքան մռայլ, որ անգամ այդ մի քանի տեղանոց վագոնից դուրս, այդ քառակուսի պատուհաններից այն կողմ պատկերը չի փոխվում: