Հոգնեցրել էին այդ խանութի փափուկ խաղալիքներն ու անիմաստ շարված գունավոր տետրերը: Բայց սկզբից մի անտարբեր հայացքով շոշափեցի, իսկ հետո մոտեցա ու սկսեցի մանրակրկիտ ուսումնասիրել արձանը: Այդ արձանի մետաղե դեմքը ծանոթ էր, չնայած աչքերը փակված էին «մետաղե լաթով» : Մի քանի վայրկյան ևս և…
- Ֆեմիդա˜ն…,-բարձր ու զարմացած ճչացի ես:
Սկզբից մայրս մոտեցավ, հետո աշխատակիցները:
-Մա՛մ, մա՛մ նայիր, Ֆեմիդան, արդարության Ֆեմիդան…
-Ի՞նչ Ֆեմիդա, ո՞ր Ֆեմիդան…
Ես մատնացույց արեցի գեղեցիկ արձանը:
- Արդարության, օրինականության Ֆեմիդան:
Մորս վախվորած աչքերը լցվեցին ուրախությամբ, որովհետև ես ուրախացել էի. գտել էի երկու շաբաթ փնտրած Ֆեմիդային:
-Սա Ֆեմիդան չէ, սա կշեռք համաստեղությունն է:
-Ի՞նչ կշեռք, սա Ֆեմիդան է , աստվածուհի է, հասկանո՞ւմ եք…
Ու երկար-բարակ սկսեցի պատմել Ֆեմիդայի մասին: Բայց աշխատակցի անտարբեր հայացքից հասկացա, որ նա արձանի մեջ միայն կշեռքն է նկատել, իսկ Ֆեմիդայի մասին չի հասցրել կարդալ…
-Դե՛, մի երկարացրու , ես սա գնում եմ քեզ համար, ուղղակի նվեր…
-Չէ՛, մամ , ես սա իմ փողերով պետք է գնեմ:
-Դու չես աշխատում, չէ՞:
-Բուֆետի փողերը չեմ ծախսի, կհավաքեմ:
-Իսկ դպրոցում սոված կմնա՞ս, առողջությանդ հետ խա՞ղ ես անում:
-Առավոտյան կուտեմ, կքայլեմ, առողջ ապրելակերպ, և կխնայեմ նաև տրանսպորտի փողը:
-Իսկ ինչքա՞ն է արձանը:
-2000 դրամ, 10 աշխատանքային օր, 2 շաբաթ, հա մա՛մ , խնդրում եմ, արդարության աստվածուհու արձանը մայրիկիդ փողերով չէ , որ պետք է գնես:
-Լավ, լավ, լավ…
Խանութը դադարեց լսել մեր խոսակցությունը, և շարունակվեց այնտեղ տիրող անառևտուր լռությունը:
«Երկու շաբաթ: 2000 դրամ: Ամեն ինչ ճիշտ է»:
Ուրախ, առողջ, և որ ամենակարևորն է, նպատակասլաց երկու շաբաթ: Ամենադժվարը երկուշաբթին էր. մի քիչ հոգնեցուցիչ, բայց հարմարվեցի 200+200+200…=2000: Այդ երկու շաբաթվա ընթացքում Ֆեմիդան այնքան սիրալիր հայացքներ ստացավ, որ երբևէ չէր ընդունել: Ինչ լավ է , որ նրա աչքերը փակ էին, թե չէ մետաղե արձանը կշիկներ…
…-Բուֆետ կգա՞ս:
-Չէ՛, բուֆետ չէ,- ասացի ես ու կիսաուրախ, կիսահեգնական նայեցի դրամապանակիս 2000 դրամին:
-Գոնե դուրս գանք՝ մաքուր օդ շնչելու:
-Լավ, լավ գնացինք:
Եթե չլսեի ընկերուհուս և դուրս չգնայի կամ եթե դրամապանակս սեղանին չթողնեի, ապա այդ օրը տուն վերադառնալիս կգնեի Ֆեմիդայի արձանը: Բայց ամեն ինչ այդպես չեղավ, ու դրամապանակս այդ օրը դատարկվեց գողության պատճառով: Չհետաքրքրվեցի, թե ով է վերցրել, չէի ուզում ինչ-որ մեկին մեղադրել գողության մեջ…
Խանութի կողքով անցնելիս Ֆեմիդայի վրա մի արհամարհական հայացք էի ձգում…Ինչ լավ էր, որ աչքերը փակ էին , և ավելի լավ էր, որ աչքերը փակ էին «մետաղե լաթով»: Մանկական պատկերացումներս կյանքի արդարության մասին բախվեցին անարդար կյանքին…Անարդար կյանք, որտեղ Ֆեմիդան ոչինչ փոխել չի կարող: