Հարցազրույց մայրիկիս՝ Լուսինե Սմբատյանի հետ
-Մայրի′կ, ինչո՞ւ ընտրեցիր դեղագործի մասնագիտությունը։
-Ինչու դեղագործի՞, որովհետև այն բժշկության ճյուղերից մեկն է համարվում, և այդ կերպ իմ օգնությունն եմ ցուցաբերում մարդկանց։
-Երբ փոքր էիր, այդ մասին երազո՞ւմ էիր:
-Փոքր ժամանակ երազում էի բժշկուհի դառնալ, սակայն բախտի բերմամբ, թե պատահմամբ, ընդունվեցի դեղագործական բաժինը։
-Իսկ տանը դեմ չէի՞ ն այդ որոշմանը, թե՞ իրենք առաջարկեցին։
- Մայրիկս միշտ երազել է, որ բժշկուհի դառնամ։ Իմ տոհմում հորաքույրս՝ Անժելա Սմբատյանը, նույնպես բժիշկ է։ Սկզբում ծնողներս անակնկալի եկան. մանկությունից երազած բժշկուհու մասնագիտությունը փոխվել էր դեղագործի մասնագիտության։ Բայց հետո խրախուսեցին, և ամեն կերպ աջակցեցին։
-90-ականներին սովորելը հե՞ շտ էր, թե հիմա առավել դյուրին է։
- Տեխնոլոգիաների դարաշրջանը, ինչպես գիտենք, բավականին հեշտացրել է ուսման գործընթացը։ Հետևաբար, իմ կարծիքով, ներկայիս ուսուցումն առավել դյուրին է։
90-ականներին տրանսպորտը չէր գործում` էլեկտրականություն և վառելիք չկար։ Համալսարան հասնելու համար ոտքով՝ Դավիթաշեն համայնքից, քայլում էի դեպի «Բարեկամություն» մետրո, մետրոյով հասնում էի «Երիտասարդական» կայարան, և կրկին ոտքով քայլում էի դեպի Նորքի չորրորդ զանգված` այնտեղ գտնվող համալսարան։ Հոսանքի բացակայության պատճառով էլ դասերս մոմի լույսի տակ էի սովորում։
-Կուզեի՞ ր, որ երեխաներդ նույնպես դեղագործ դառնան։
-Այո, շատ կցանկանայի։ Դեղերի իմացությունն անհրաժեշտություն է։
-Միշտ զարմացել եմ, թե դեղագործներն ինչպես են այդքան դեղերի անուններ հիշում։ Ինչպե՞ ս է դա քեզ հաջողվում։ Դժվար չէ՞։
-Հիշելու համար պետք է շատ աշխատես։ Սկզբում դժվարանում էի, սակայն նույնը անընդհատ կրկնելով, աստիճանաբար սովորեցի։
-Երբևէ քեզ այլ ոլորտում պատկերացրե՞ լ ես:
-Բացի բժշկության բնագավառից, կցանկանայի մանկավարժ դառնալ, քանի որ շատ եմ սիրում երեխաների հետ աշխատել։
-Կպատմե՞ ս որևէ հետաքրքիր դեպք քո աշխատանքային առօրյայից։
-Քանի որ մեր գյուղի` Ագարակի դեղատանն եմ աշխատում, հետաքրքիր դեպքեր շատ են պատահում։ Մի օր, մի պապիկ եկավ թոռնիկի հետ։ Թոռնիկի այտը շորով կապված էր՝ ատամն էր ցավում։ Պապիկը մոտեցավ ինձ ու ասաց. «Բալե′ս, արևու′դ ղուրբան, թոռնիկիս ատամը ցավում ա, մի հատ կգա՞ ս, քաշես»։ Երկար բացատրում էի, որ ես միայն դեղ կարող եմ տալ, ատամնաբույժ չեմ: