shushan stepanyan portret

Դու

Դու, որ սովոր էիր կյանքի ամենասիրուն ու հեռավոր ճախրանքներին, այժմ քեզ ամենակարճ թռիչքն անգամ դժվար է թվում: Քեզ թևաթափ են արել, դու թուլացել ես ու չես էլ կարող երազել անգամ, որ նորից կթռչես: Եվ հենց այն պահին, երբ ավելի սառնասիրտ լինեն ու քեզ թողնեն առանց թևերի, առանց այն թևերի, որոնցով դու թռել ես դեպի քո երազանքների հեռու-հեռուները, հենց այդ պահին կզգաս ուժեղ լինելուդ, ամենահեռուն թռչելու իսկական անհրաժեշտությունը ու կանգ չես առնի: Կանգ չես առնի, քանի որ տեսակիդ մեջ դու պարտվել չունես, ինքդ քո առաջ նվազել չունես: Առաջ կշարժվես, բազում անհաջող փորձեր կանես, պահ առ պահ ինքդ քեզնից կհոգնես, կյանքից կսրտնեղես, բայց չես դադարի թեկուզ մտովի քո երազանքի թևերով ճախրել:

Բա՛րև: Շատերը քեզ պես երևի արդեն ինձ, նյութերս մոռացել են: Ես էլ կարծես մոռացել եմ ինձ՝ համակարգչի առջև նստած ինչ-որ նյութ խմբագրելիս ու քո դատին հանձնելիս: Երկար ժամանակ չգրելուց հետո դժվարանում եմ հստակ ինչ-որ թեմայի, ինչ-որ մեկի մասին գրել, խոսել. մտքերս դեռ խառն են ու չխմբավորված: Այս անգամ ուղղակի ուզում եմ ասել, որ եթե դու էլ ինչ-որ մի պահի ինձ նման դադարել ես լավը տեսնել ու սպասել, հուզվել ես, ես-իդ հետ կռվել ու արդյունքում նորից պարտվել, բնավ մի՛ նեղվիր, որովհետև քեզ պես հենց ես էլ շատ եմ սրտնեղել ու այնքան տխրել իմ առջև ծառացած  փորձություններից, անհաջողություններից, որ արդեն հիմա՝ մի քիչ մեծ ուշացումով, հասկանում եմ, որ չարժեր այդքան սրտնեղել ու խեղճ հայացքով նայել ձախողումներիդ:

Մի պահ եկավ, երբ իսկապես ինձ թվում էր, որ վերջ, կյանքս էլ իմաստ չունի, երազանքներս արդեն կորել են, բոլոր արժեքավոր բաներն ու երևույթներն արդեն անպետք են, շրջապատող ոչ մի բան ինձ չի երջանկացնում, հենց այդ ժամանակ հասկացա, որ պիտի կանգնեմ, որ պիտի քայլեմ ու ճախրանքի պատրաստ մտքերս մարզեմ ու առաջ շարժվեմ: Հասկացա, որ ամեն ինչ ինձնից է կախված ու իմ մտքերից, իմ կամքի ուժից: Ամեն օր նստում, ինքս ինձ համոզում էի, որ չէ, միևնույնն է, ես անհաջողակ եմ ու ոչինչ չեմ կարողանա անել: Եվ իհարկե, գրեթե մի տարի այդ վիճակում էի: Փաստորեն, լավ էլ սրտովս էր տրտնջալն ու անհաջողակ ձևանալը:

Աստիճանաբար, երբ սկսեցի բարեխղճորեն արժևորել ունեցածս, մի կողմ դնել նորը փորձելու վախերս ու գիտակցել, որ ոչինչ միանգամից չի լինում ու ձախողվելն էլ բնական է, բայց դրանից հետո ավելի ուժեղ դառնալը՝ պարտադիր, ես քիչ-քիչ նորից հավատացի «ամեն ինչ լավ կլինի»-ին ու ներսիս լույսի դատարկ տեղը լցվեց: Իմիջիայլոց, չգիտեմ՝ այս աշխարհում կա՞ ինչ-որ մեկը, որ ինձ նման այդքան վախենում է մի նոր բան փորձել: Անգամ եթե դա շատ հեշտ մի բան է ու ուժերիս սահմաններում, ես, միևնույնն է, վախենում եմ ու մտածում՝ բա որ չստացվի՞: Է, հա, թող թեկուզ և չստացվի, բայց ես գոնե փորձեմ: Նման տեսակ վախն էլ է ինձ խանգարում, որ հասնեմ ուզածիս, հասնեմ այն ամենին, ինչ ուզել եմ անչափ։ Հիմա էլ ինչ-որ չափով հուսահատ, ինչ-որ չափով հուսառատ հենված եմ աթոռիս ու երկնքին եմ նայում. գիտեմ, որ տիեզերքն արդեն առաջինը կարդաց տողերս ու ինձ ասաց. «Ա՛յ հիմար աղջիկ, քանի անգամ քեզ ասեմ՝ հավատա ու կհասնես, մի՛ սրտնեղիր ու միայն դրական մտքերով, սպասումներով լցրու ներսդ, որ հենց այդպես էլ լինի: Տիեզերքը կարդում-լսում է, ու իմ քրիստոնեական հավատն էլ հենց նույն գաղափարին է՝ հավատա ու կտեսնես, անգամ մանանեխի հատիկի չափ հավատ ու վերջ…

Գրածս կվերընթերցեմ ու կփորձեմ ինքս ինձ լսել, խորհուրդներիս հետևել:

Քեզ էլ ուզում եմ ասել, որ չհուսահատվես ամեն մի անարդար փորձությունից, ուզում եմ ասել, որ ամեն ինչ քո ձեռքերում է ու քո ուժերի սահմաններում: