susanna harutyunyan girq erkrord kiraki

«Երկրորդ կիրակին ներառյալ»

 «Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին: 

mariam tonoyan

Բացեցի գիրքը, ու իրականությունը շուրջս թափվեց, որ այնքա՜ն ծանոթ էր ինձ, բայց  միաժամանակ դժվարընդունելի։ Պատմվածքների այս ժողովածուն ծովի էր նման. խորը ու փոթորկուն, երբեմն հայելահարթ, երբեմն ալեկոծ… Սկզբում միշտ ամեն տող պարզ է, ամեն բան իր բնականոն, բայցև դեռ ամբողջովին չբացահայտված ընթացքի մեջ է, բայց եթե մի փոքր էլ լողաս, հաղթահարես պարբերությունները, կնկատես, որ ավազը  սղում, գնում է ոտքերիդ տակից, դու արդեն ծովի խորքերում ես ու խորտակվում ես իրականության անսպասելի ալիքների մեջ։

Երբ կարդում ես այն մասին, ինչին հաճախ ականատես ես եղել, ինչը դու արդեն գիտես, բայց որի մասին երբեք խորապես չես մտածել ու իրերի միակողմանի տեսակետով բավարարվել ես, սկսում ես այլընտրանքներ քննել, ճանաչել նախ քեզ ու քո տեսակետը, ապա քոնին ավելացնելով հեղինակի դիտարկումը՝ զգալ, որ հասունանում է աշխարհընկալումդ։

Պատմվածքների հերոսները հայեր են՝ իրենց նիստուկացով, քաղցրահունչ բառապաշարով, հայկական համընդհանուր հոգսերով ու մտքերով. «Հայերը չունեն քավարան, նրանց քավարանը համատեղվում ա կյանքի հետ»։

Հայկական քավարանում էր ապրում նաև «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքի գլխավոր հերոսը՝ Արգոն։

Դեպքերի զարգացումը սկսվում է նկուղի դռան առջև հավաքված մարդկանց՝ խոզատիրոջ ու Արգոյի հարևան կանանց վեճից։ Խոզատերը համոզում էր հարևաններին, որ իրեն տան հավաքած, նամշած հացը, և ինքը փոխարենը սալ կտա նրանց, բայց, չնայած առջևում ձմեռ է, և սալ պետք է, հարևանները պնդում են, որ Արգոյին պետք կգա. «թրջում է, վառարանի վրա տաքացնում, ուտում»։

Արգոն ապրում էր հարևանի նկուղում, ճգնավորի նման. չէր ծխում, չէր խմում, իր հաշվին ո՛չ ուտում էր, ո՛չ հագնվում, խալի ու պատուհան լվանալով փող էր վաստակում, հարևանների երեխաներին օգնում էր փողոցն անփորձանք անցնել, տանում էր դպրոց, տուն էր բերում։ Պարապ ժամանակ երեխաներին կանչում էր, զրուցում, հարցեր տալիս։ Կրթություն չուներ, բայց որոշ բաներ գիտեր Աստվածաշնչից, հեքիաթներից, նույնիսկ քիմիայից։ Հարևանների հին ճաշերի մեջ սոդա էր լցնում, եռացնում, ուտում, որպեսզի փող խնայի։

-Վատ բանի ընդունակ չի,- ասում էին հարևանները։

Կանայք անընդմեջ թակում են նկուղի դուռը, բայց արդեն մեկ շաբաթ է՝ Արգոն չկա ու չկա։ Խոզատերը ամեն օր գալիս, հնացած հացը չստանալով, դժգոհ հեռանում է։ Ափսոս էր՝ երկու պարկ չոր հացը անտեր թողնելը, բայց հարևան տիկնայք անդրդվելի հավատարմությամբ սպասում էին Արգոյի վերադարձին։

Բարյացկամ հարևանները շարունակում են չոր հաց հավաքել, որպեսզի երբ Արգոն գա, ուտելու բան ունենա։

Ոստիկանը, որ պետությունից բազմաթիվ պարգևներ էր ստացել ցանկացած հանցագործություն երեք օրում բացահայտելու համար, զայրանում էր այն փաստից, որ «աշխարհը խուզարկել էր, Արգոն իր քնձռոտ հալով չէր բացահայտվում»։  Իսկ երրորդ հարկի հարևանի տղան ամեն անգամ պնդում էր, որ նա ինչ-որ գյուղում, երեքհարկանի տուն ունի ու հավաքած գումարով իր տունն է ճոխացնում, բայց ո՞վ կհավատար հեքիաթ հիշեցնող այդ վարկածին։

Բայց ահա հայտնվեց նա, ում արդեն փնտրում էին երկրորդ կիրակին ներառյալ։ Ոստիկանը, ում չէր հաջողվել գտնել կորածին, հեռատեսորեն որոշում է խոսք կորզել.

-Մեր երկրի վատն էն ա, որ փոքր ա, էնտեղ հնարավոր չի կորչել, բոլորը գիտեն քո քնել-արթնանալու, մեռնել-ապրելու ժամերը: Հնարավոր չէ տանից դուրս գալ և այլևս չվերադառնալ: Ես ամեն ինչ գիտեմ, ուղղակի քո ազնվությունն եմ փորձում:

Արգոն հաստատում է տղայի վարկածը, թե երբ փող է հավաքվում, գնում է իր եռահարկ տունը նորոգելու։ Ոստիկանը միայն իր աչքերով աշխարհից կտրված, հեռու, գյուղական տունը տեսնելուց հետո հանդիմանում է Արգոյին թե՝ ծախի, քաղաքում հարմարավետ տուն առ։

-Բա որ ծախեմ, ես ո՞ւր կվերադառնամ, տարվա մեջ իմ էրկու-իրեք օրը ո՞ւր կկորչեմ… Ո՞նց կարելի ա ապրել առանց վերադարձի հույսի… Անհնար ա առանց վերադարձի… Լավ ա էստեղ տուն չունենամ, բայց վերադառնալու տեղ ունենամ։ Թե չէ՝ ո՞նց կլինի… Բա մարդ կապրի՞ առանց վերադարձի հույսի։

 

Այս պատմվածքում ամեն կերպար իր մտատանջանքն ունի. խոզատերը մտահոգված է իր խոզերին կերակրելով, տիկնայք՝ հացը խոզատիրոջը տալով-չտալով, ոստիկանը՝ իր գործի բարեհաջող ավարտով, Արգոն՝ վերադարձի հույսով…

«Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքը բազմաշերտ է։ Այն կարելի է վերլուծել որպես պատմություն վերադարձի ու հույսի մասին, կարելի է վերլուծել որպես ազգային ոգու ու հոգեկերտվածքի հոգեբանական պատմություն, այն կարելի է վերլուծել նաև  փիլիսոփայորեն և բոլորովին նոր տեսակետի հանգել։

Պատմվածքի վերջին տողերը կարդալիս ակամա աչքերիս առջև պատկերացան սփյուռքահայ այն գործարարները, ովքեր օտարության մեջ աշխատում-աշխատում են և Հայաստանում ներդրումներ են անում, որքան էլ որ այն անհարմար աշխարհագրական դիրք ու պայմաններ ունենա կամ հեռավոր ու գյուղական թվա, որովհետև հայրենիքն էլ Արգոյի տան նման այն վայրն է, որտեղ միշտ վերադառնում են, թեկուզ երկու-երեք օրով աշխարհից կորչելու համար։

Արգոյի տունը ինքնին հույս էր, որը միշտ ամեն վերադարձի ժամանակ նորոգվում էր։ Հայի երակների, դիմագծի, խառնվածքի մեջ հույսը միշտ ներարկված է եղել։ Արգոն աշխատում էր, քրտինք թափում, զրկում իրեն հաճույքներից, հավաքած գումարով տունը նորոգում շատ հայ տղամարդկանց նման, ովքեր անում են դա հանուն իրենց տան, հանուն ընտանիքի բարեկեցության։ Թեև պատմվածքում տունը քարաշեն կառույց է, բայց այն խորհրդանշական է, չէ՞ որ, հայը միշտ այդ կառույցի մեջ հոգի է դնում, միշտ բնակեցնում է այն, որպեսզի երբ վերադառնա (հայերը սիրում են վերադառնալ) իրեն սպասողներ լինեն։ Գուցե Արգոն զրկում էր իրեն հաճույքներից հենց ա՞յդ հույսի համար, որ ոչ միայն տունն էր, այլ ապագա ընտանիքը։

Գրքում տեղ գտած մյուս պատմվածքները ևս կարդալով կարելի է հստակ պատկերացում կազմել Հայի մասին։ Դեպքերի հաջորդական ընթացքի մեջ աչքից անվրեպ է մնում հայի հարգանքը («Իսկական հարգանքն էն ա, որ մատուցվում ա մարդու բացակայությամբ՝ նրա անվանը, նրա հիշատակին…»), հայրենասիրությունը («Ձեզ ինչի՞ ա թվում, որ դուք հիշողություն ունեք, իսկ հողը՝ չէ։ Հողը չի ընդունի քեզ, Թաթոս, որովհետև դու էս հողի վրա ոչ արյուն ես թափել, ոչ քրտինք»), արժանապատվության ու պատվի բարձր գիտակցությունը («Ի՞նչ մեղքս թաքցնեմ, միշտ ուզում էի, որ մեռներ, որ իմ ստորացումը ինձ հիշեցնող չլիներ, թե չէ ամեն տեսնելուց ապրում էի էդ վիճակը»), հյուրասիրությունը («Մտածեց՝ ո՞նց եփի այդ միակ ու մի կիլոյանոց աքլորը, որ այսքան մարդու փոր լցնի»), կյանքի մասին պատկերացումները («մահն էլ են վաստակում, հո հանաք չի՞»), նվիրվածությունը («Բայց էդ դեպքում… սրտիս անկյուններում անուններ կան թանկ պահած, բա դրանց ճակատագիրը ո՞նց պիտի լինի»)։