Առավոտյան արթնացա ինչ-որ տարօրինակ մտքերով։ Սուրճի բաժակը ձեռքիս՝ մոտեցա պատուհանին ու գիտունիկի դեմքով սկսեցի զննել տեսարանը։ Իրականում արտասովոր ոչինչ չկար։ Միապաղաղ առավոտներից մեկն էր։ Բայց չէ… Ինչ-որ բան այն չէր։
-Երանի հրաշագործ լինեի,- ասացի ես՝ երեխայական խանդավառությամբ։
Ձայնիս մեջ սենտիմենտալ երանգ նկատեցի։
-Դե վերջացրո՜ւ, արդեն 19 տարեկան ես, ի՞նչ հրաշագործ։
Գրողը տանի, ես մենախոսում եմ։ Ափերովս տրորեցի աչքերս ու նորից պատուհանից դուրս նայեցի։
-Եթե հրաշագործ լինեի, վերջ կտայի այս անիմաստ միապաղաղությանը։
-Միապաղաղությունը մեզ ստիպում է հաշտվել իրականության հետ,- հակադարձեցի ինքս ինձ։
-Իսկ եթե մենք դեմ ենք այս իրականությանը, եթե այս իրականությունը մեզ զոմբիների է վերածում՝ ստիպելով համակերպվել անիմաստ օրենքներին, եթե այս իրականությունը տապալում է մեզ՝ ստիպելով հաշտվել ամեն օր նույն սցենարը տեսնելուն, արդեն հոգնել եմ այդ գրողի տարած նույնից, ամեն օր նույնը, առավոտյան՝ նույնը, կեսօրին՝ նույնը, երեկոյան՝ նույնը, գիշերը… Գիշերը, միայն գիշերն են մեր մտքերը փոխվում, միայն գիշերն ենք մենք կոտրում մեր երևակայության պատնեշը ու պատկերացնում աշխարհը մեր ուզած ձևով։ Ուզում եմ հրաշագործ լինել, որ վերջապես ազատեմ մարդկանց այս անիմաստ միապաղաղությունից։
-Շունչ քաշիր, միևնույնն է, ոչինչ փոխել չես կարող։
Դե հա, ճիշտ է։ Անիմաստ էի ըմբոստանում։ Հանկարծ հայացքս ընկավ իմ սենյակի գրապահարանին։ Վերցրի առաջին պատահած գիրքը (Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» գիրքն էր) ու սկսեցի թերթել։ Թերթում էի՝ միաժամանակ մտածելով գլխավոր հերոս Ռասկոլնիկովի մասին։
-Երանի հրաշագործ լինեի ու կարողանայի հանդիպել նրա հետ։ Ու ամեն կերպ նրան հետ կպահեի ծեր կնոջը սպանելու մտքից, ու նա բանտ չէր ընկնի։
Այո՜, իրականում գիրքն ընթերցելիս շատ էի ազդվել այն հատվածից, որտեղ Դոստոևսկին շատ հուզական կերպով նկարագրում էր Ռասկոլնիկովի ապրումներն ու մտքերը բանտում անցկացրած ժամանակ։
-Հիմա ի՞նչ, երազելով ինչ-որ բան կփոխե՞ս։
-Խնդիրը հենց դա է, ես չեմ ուզում համակերպվել այս իրականության հետ, ուզում եմ՝ կյանքը լինի երազների նման, ուզում եմ շունչ տալ իմ սիրելի գրական հերոսներին, ուզում եմ նրանց հետ պահել բոլոր այն սխալներից, որոնք նրանք արել են իրենց գրքային կյանքում։
Գիրքը դրեցի գրապահարանում ու նորից մոտեցա պատուհանին։ Անձրևում էր։ Աչքերս ամուր փակած՝ լսում էի այն արտասովոր «երաժշտությունը», որը լսվում է անձրևելիս։ Անձրևի ձայնը ինձ մի պահ հիպնոսացրել էր։ Չգիտեմ՝ ինչքան ժամանակ էի աչքերս փակ ունկնդրում այդ էսթետիկ երաժշտությունը, որին անվանում էի «Անձրևի ակորդներ», երբ հանկարծ լսվեց դռան ճռռոց։ Դուռը կամաց բացվեց, ու ներս մտավ Օբաման՝ իմ սև կատուն։
-Երևի քաղցած է,- ասացի բարձրաձայն։
Նայում էի նրա կանաչ աչքերին ու փորձում էի կարդալ այնտեղ ապաստանած հայացքի ողջ խորությունը։
-Իսկ եթե հրաշագործ լինեի, կկարողանայի հասկանալ, թե Օբաման ինչ է ուզում ինձ հասկացնել։
Կատվիս կերակրելուց հետո նկատեցի, որ նոր հաղորդագրություն ունեմ։ Վերցրի հեռախոսս ու տեսա․
-Արդեն ժամը 14:30 է, անգլերենի օնլայն դասը հիմա կսկսվի։
Դե հա, վերջապես վերադարձա իրականություն։ Ես ճիշտ էի, մենք պետք է համակերպվենք դրա հետ։ Իրականությունը սթափեցնում է մեզ, երբեմն նաև դասեր է տալիս։ Իսկ հրաշագործությունը միայն հեքիաթներում է հանդիպում։ Կյանքն էլ հեքիաթ չէ, այն մենամարտ է՝ իրական մենամարտ։ Իսկ եթե իրոք հրաշագործ լինեի, ոչինչ էլ չէի փոխի, ես սիրում եմ այս իրականությունը։