vahe stepanyan

Ես էլ չգիտեմ

Չգիտեմ՝ ինչու եմ ուզում սրա մասին պատմել: Չնայած՝ չէ: Էս դեպքից մի քիչ հետո ուզում էի տղերքին պատմել, բայց մտածեցի՝ խոսելով չեմ կարող բացատրել այնպես, ինչպես ես տեսա: Հիմա կպատմեմ: Երևի մի շաբաթ էլ չի անցել: Դպրոցում էինք՝ վերջին զանգի փորձի: Դե, ի՞նչ փորձ: Ինչպես միշտ, ոչ մի բան չարեցինք ու ցրվեցինք: Դե, դպրոցից դուրս եկանք, տղերքով նստեցինք մեքենան: Չեմ հիշում՝ ուր պիտի գնայինք: Մի 50 մետր գնացինք, հետո մեքենայից իջա՝ մեր դասարանի աղջիկներից մի երկուսին ճանապարհելու, տղերքին էլ ասացի, որ գնան իրենց գործին ու արագ հետ գան: Դուռը բացեցի, իջա: Հետները քայլեցի մինչև խաչմերուկ: Մեկը քայլեց ուղիղ, մյուսն իջավ ներքև: Չեմ ասի՝ որ խաչմերուկն էր, որովհետև երևի պետք չի: Նստեցի խաչմերուկի անկյուններից մեկի պատի վրա՝ ծառի տակ: Այդ պատին շատ ենք նստել ու դեռ շատ էլ կնստենք:

Մութն արդեն ընկնում էր ու երկնքում մի քանի կտոր կարմիր ամպ էր թողել: Դրա համար էլ նա ինձ չտեսավ: Քայլում էր ինչպես միշտ՝ գլուխը կախ, արագ-արագ: Ես նրան տեսա, երբ նա փողոցի ծայրին էր: Երևի տնից էր գալիս: Քայլում էր արագ-արագ, ձեռքը մի քանի մետրը մեկ հետ տանելով: Շոյում էր գլուխը՝ կարծես մազերն ուղղելով: Ես չեմ ասի նրա անունը, որովհետև հաստատ պետք չի: Եկավ կանգնեց խաչմերուկի մեջտեղում: Հետո չորս կողմը նայեց: Ինձ թվաց, թե կտեսնի, բայց չտեսավ: Մի անգամ էլ խաչմերուկի բոլոր կողմերով նայեց: Նայեց ներքև գնացող ճամփին, հետո՝ վերև: Հետո կտրուկ շրջվեց ու քայլեց խաչմերուկի մոտի խանութի կողմը: Խանութը փակ էր: Քաշքշեց դուռը: Հետո նորից նայեց չորս կողմը: Հետո մոտեցավ խանութի դիմացի սյունից կախված մեծ տոպրակին, որը աղբաման էր ծառայում: Քրքրեց աղբամանը: Դես ու դեն գցեց մեջի տուփերն ու տոպրակները:
Փողոցի ծայրից մեքենայի ձայն լսվեց: Լույսերը տեսավ: Վազեց աղբամանից հեռու ու կանգնեց փողոցի մեջտեղում: Կանգնեց ու սկսեց արագ-արագ գլուխը շոյել: Մեքենան եկավ, խաչմերուկից թեքվեց ցած ու գնաց: Իսկ նա ամբողջ ժամանակ նայում էր գետնին ու գլուխը շոյում: Հենց փողոցի ծայրին մեքենան կորավ, արագ քայլեց աղբամանի կողմը: Ես խոսելու ունակությունս կորցրած նայում էի նրան: Նրա շարժումներին: Ձեռքս ինքն իրեն գնաց գրպանս: Մի քանի մետաղադրամ շոշափեցի: Ուզեցի մտնել խանութ, մի բանով օգնել գոնե: Վեր կացա: Նա շարժումս զգաց: Չտեսավ: Նորից հեռու քաշվեց աղբամանից ու կանգնեց փողոցի մեջտեղում: Գլուխը կախ: Ձեռքով արագ-արագ սկսեց գլուխը շոյել: Անունով կանչեցի: Ուզում էի ասել, որ սպասի՝ մտնեմ խանութ: Բայց չկարողացա: Մի անգամ էլ կանչեցի: Ձայն չհանեց: Փողոցով նայեց ցած, հետո վեր: Այնպես, որ միանգամից զգացվեց, որ աննպատակ է քայլում: Մեկ էլ կանչեցի: Նա արագ-արագ քայլում էր փողոցով վեր՝ անընդհատ գլուխը շոյելով: Նա նույնիսկ չպտտվեց: Մտքով երևի ուրիշ տեղ էր, ուղղակի ասաց.
-Հը՞:

Ասաց այնքան աննպատակ, որքան իր քայլելն էր: Չգիտեմ՝ քանի րոպե քարացած կանգնեցի մինչև տղերքն եկան: Մեքենայի դուռը բացեցին, քաշեցին ներս: Աշոտն ասաց.
-Հա, լավ, ի՞նչ ես ջիր արե: Կյնացիյ Ռաֆենց, եկայ:
Ես մտքիս մեջ որոշում էի՝ պատմեմ, թե չէ: Մեքենայում բարձր երաժշտություն էր միացված: Որոշեցի, որ չասեմ:
-Այ մարդ, ռադդ քյաշ է: Քշի դպրոց, շկայ ինչ կը:
Միգուցե սա ինձ չի էլ հուզում: Չգիտեմ՝ ուզում եմ ինքս ինձ հետ արդար լինել: Լավ կլիներ՝ չտեսնեի:

Մենք մեքենայում երգ լսելով գնում ենք: Իսկ նա գլուխը կախ քայլում է փողոցով վերև: Մեկ-մեկ էլ մազերն է շոյում: