-Բայց էս աղջիկը… Ինչ մի տեսակ ուրիշ ա, չէ՞,- ասաց ընկերուհիս, երբ ինչպես միշտ երկար դասամիջոցին բուֆետում ուսումնասիրում էինք բոլորին:
-Հա,- համաձայնեցի ես` շարունակելով զննել «տարբերվող» աղջկան:
Ոչ մի արտասովոր բան նրա վրա չկար: Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչով է նա այդքան տարբեր մեզնից:
-Բա սրա մազերը,- շարունակվում էր քննարկումը,- օրը մի գույն ա ներկում:
-Աչքերի գույնը բա, բնակա՞ն ա:
-Մարիամին ցույց տվեք, կասի,- ընկերուհիներս հեռախոսով մեր դպրոցից անծանոթ աղջկա նկար ցույց տվեցին:
-Գունավոր լինզաներ են,- արդեն պրոֆեսիոնալի պես որակավորեցի ես:
«Ինչի՞ են բոլորը ուզում մի անսովոր բան անեն,- մտածեցի ես և հայացքս ընկավ իմ բազմաթիվ թևնոցների վրա: -Չէ, չէ, հաստատ չէ: Ես տարբերվելու համար չեմ արել: Ուղղակի դուր է գալիս, շատ թևնոցներ եմ կապում: Դե հա, գունավոր լինզաներով աղջիկն էլ նույնը կասի: Չէ, բայց թևնոցն ու լինզան նույնը չի, ինքը հաստատ տարբերվելու համար ա արել,- շարունակում եմ ինքս ինձ խոսել ես,- վրայից էլ երևում է, որ ձևիստի մեկն է»:
-Ինչո՞վ էր ուրիշ որ,- կարծես քնից արթնացա ես:
-Ո՞վ,- ընկերուհիներս արդեն լրիվ ուրիշ բանից էին խոսում:
-Էն աղջիկը, որ ոչ մի արտասովոր բան չուներ:
-Դե, եսիմ…
Լռեցի և շարունակեցի զննել բուֆետում հավաքված ամբոխին: Մեկը ամեն օր գեղեցիկ զգեստով և սանրվածքով է դպրոց գալիս, մյուսը հակառակը` աղջիկ է, բայց տղայի նման է հագնվում: Համարյա բոլորը իրենց մազերից մի փունջ ուրիշ գույն են ներկել, և ես էլ ինքս ինձ հաճախ եմ բռնացնում այն մտքի վրա, որ ես էլ այդպես կուզեի: Մեկը չափից դուրս մեծ ականջակալներով է միշտ, իսկ մյուսը իմ նման` բազմաթիվ թևնոցներով: Նայեցի, թե ինչպես է «տարբերվող» աղջիկը դուրս գալիս բուֆետից, և հասկացա, թե ինչով է նա այդքան տարբերվում: Նա ոչ մի բան չէր արել անսովոր կամ օրիգինալ լինելու համար: Ոչ մազերն է ներկել, ոչ վառ գույներով հագնվել և ոչ էլ կոպիտ է խոսում, «բնավորությամբ աղջիկ» երևալու համար: Եվ այս միօրինակ «տարբերվող» ամբոխի մեջ դարձել է իսկապես տարբերվող: Մտածում եմ, որ նա ճիշտ է անում, բայց, միևնույնն է, թևնոցներիցս չեմ հրաժարվի: Ես տարբերվելու համար չեմ անում: