Մարիամ Նալբանդյանի բոլոր հրապարակումները

mariam nalbandyan

Մի տեղ անտառում՝ եղնիկների հետ

Եթե հավես չունես, ու առաջ տալով ես կարդալու, խնդրում եմ՝ մի կարդա, որովհետև ես հավեսով եմ գրել, իսկ դա կարևոր բան է:

1.

Եթե դուք իսկապես ուզում եք իմանալ այս պատմությունը, ապա հավանաբար, կցանկանաք իմանալ, թե որտեղ եմ ծնվել ես, ովքեր են իմ ծնողները, որտեղ եմ անցկացրել իմ անմիտ մանկությունը, հիմա որտեղ եմ արդյոք սովորում ու ինչ գնահատականներ եմ ստանում: Բայց ես, ճիշտն ասած չեմ պատրաստվում փորփրել այդ ամբողջ շիլաշփոթ պատմությունը, կպատմեմ միայն այն, ինչը տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ՝ իմ գլխում: Չգիտեմ՝ իմ գլխում կատարվող պատմությունները որքանով ու ում են հետաքրքրում, բայց զգում եմ, որ դրանից հետո մի բան փոխվել է. գլխումս էլ: Դե, ձեզ հանգիստ կարող եմ պատմել: Մեկ է՝ քույրս չի կարդում, նա երբեք իմ գրածները չի կարդում: Հազարից մեկ կգա ու կասի՝ էդ դու էիր գրե՞լ: Չեմ ասի, թե նեղանում եմ, ընդհանուր առմամբ ինձ մեկ է՝ կարդում են, թե չէ, ես էլ լինեի՝ չէի կարդա: Բայց քույրս լավն է շատ: Կարծում եմ՝ նա ձեզ դուր կգար, դուք պարզապես նրան չեք տեսել: Նա մուգ սև մազեր ունի, բոլորը հարցնում են՝ ներկե՞լ ես, բայց չի ներկել, ես հո գիտեմ, վերջապես, իմ քույրն է, ամբողջ կյանքումս միասին ենք ապրել: Փոքր ժամանակվա մի նկար ունի՝ կարմիր ու կլոր թուշիկներով, որ տեսնեք՝ շատ կհավանեք: Դե, ես նրան փոքր ժամանակ չեմ տեսել, ինչքանն էլ տեսել եմ՝ չեմ հիշում, ինձնից 4 տարի 6 ամիս մեծ է: Ու էդ ամբողջ շիլաշփոթն էլ իմ գլխի մեջ սկսվեց հենց նրա հետ մի մեծ վեճից հետո: Մենք երբեք անձնական թեմաներով չենք վիճում, չգիտեմ՝ թե ինչ է դա, բայց վերացական, ընդհանուր թեմաների ու մեր կարծիքների տարբերության շուրջը մի կես ժամ կգոռանք իրար վրա: Հատկապես՝ ես, շատ եմ բորբոքվում: Մի բան կասի ու ամեն ինչ շուռ կտա, միշտ այդպես է: Ուրիշների հետ էլ է, չէ՞ այդպես պատահում: Խոսում ես մի մարդու հետ, քեզ թվում է, թե նորմալ մարդ է, սողուն չէ, մեկ էլ կբռնի ու մի այնպիսի բան կասի, որ երեսին նայել էլ չես ուզենա: Քրոջս հետ այդպիսի վեճերը հետո երկար լռություն են ունենում: Ամբողջ գիշեր մտածում եմ, որ էլ կյանքում հետը նորմալ խոսել չեմ կարողանա, իսկ առավոտը չեմ էլ հիշում, որ կռվել էինք, մինչև էլի մի այդպիսի վեճ չի ծագում: Նա պատմաբան է, մի տեսեք, ինչքան անպետք թիվ ու անուն կա՝ կհիշի: Ես էլ, ճիշտն ասած՝ այդ առարկան անցնելուս հենց առաջին օրվանից ամբողջ սրտով ատել եմ: Ու ինչ էր պատահել՝ հեռուստացույցով մի հատ ապուշ հաղորդում էր նայել, որ քայլում են փողոցով ու պատահած մարդկանց տալիս մեր միլիոն տարի առաջ եղած թագավորներից մեկի անունը, նրանցից, որ լսած էլ չեք լինի, եթե քույրս չեք, ու հարցնում, թե ազգանունն ինչ է: Դե, պետք է իմանան, թե որ տոհմից է էլի եղել: Ու քույրս պատմում էր, որ մեր քաղաքի ժողովուրդը դեբիլ են ու անգրագետ, որովհետև ոչ ոք չգիտեր, թե որ տոհմից է նա: Մեկ էլ շրջվում է դեպի ինձ ու ասում.

-Մարիամ, հլը դու ասա՝ ազգանունն ինչ ա:

Փչում եմ մի բան: Դե, էդ թագավորների ազգանունները էդքան էլ շատ չեն, մի բան փչես, հնարավոր է՝ բռնի: Ես էլ փչեցի ու ճիշտ եղավ: Ասում է.

-Ապրես, թե չէ սպանելու էի:

Բայց, դե հո չէր սպանելու: Ինձ թվում է՝ լավ էլ հասկացավ, որ փչել եմ: Ասում եմ՝ ինչու պետք է մարդու ընդհանուր ինտելեկտը որոշեն պատմության ինչ-որ հարցով: Ու բոլորի մոտ էլ այդ տպավորությունն է, հենց որոշեն մարդու ինտելեկտը չափել, պատմությունից հարց կտան: Մի օր չեղավ՝ մեկը մոտենա ու հարցնի.

-Հեյ, եղբայր, հիմնական եռանկյունաչափական նույնությունը չես ասի՞:

Նա էլ փչի.

-Եռանկյան անկյունների գումարը 180 աստիճան է:

Ու կողքից բոլորը սկսեն էդ մարդուն ինչ ասես ասել.

-Տո այ դեբիլ, չգիտես, գոնե ասա՝ չգիտեմ, ինչ հիմար են մարդիկ, հասարակ բաներ են, է:

Չէ, ես չեմ ասում, որ բոլորը պիտի իմանան եռանկյունաչափությունն ինչ է, ես ուղղակի ասում եմ, որ մաթեմատիկայի մեջ իմ ասած հարցը ամենապարզերից էր, հազար անգամ ավելի պարզ, քան պատմություն իմացողների համար՝ էդ միլիարդ տարի առաջ եղած կամ չեղած եղբոր ազգանունը: Բայց չէ, էդ հեչ, որ մինչև հիմա էն կարծիքին ես, որ սինուսն ու կոսինուսը կյանքում պետք չեն գալու, բայց որ մի հատ թագավորի ազգանուն չգիտես, վերջ. մահ, սպանել, վտարել դրան մեր երկրից: Չգիտեմ՝ հասկանում եք՝ ինչ եմ ասում, թե չէ: Ես պատմության դեմ բան չունեմ, այնպիսի բաներ կան, որ այո, եթե չիմանաս, դեբիլ ես, բայց ինչ-որ մի թագավորի ազգանունը էն հարցը չի, էլի, որ ստուգի մարդու ընդհանուր ինտելեկտը: Այսպես էլ քրոջս հետ կռվեցի, հետո նա քնեց, իսկ ես ամբողջ գիշեր մտածում էի բարձով խեղդեմ, պրծնեմ: Բայց, դե չխեղդեցի, դեռ առիթ կլինի: Էդպես քույրս իր համար հանգիստ քնեց, իսկ ես թեք նստած էի բազկաթոռին՝ ոտքերս բազկակալից վեր ցցած: Նայում էի առաստաղին ու ակնոցիս հետ խաղում: Ընդհանրապես՝ ես բավականին կարճատես եմ ու առանց ակնոցի ոչինչ չեմ տեսնում: Ակնոցս հանում դնում էի, ու նայում առաստաղին: Կարող եմ էդպես ժամերով նստել ու խաղալ տեսողությանս հետ մինչև չզզվեմ: Սարսափելի տրամադրություն ունեի: Նույնիսկ հավես չունեի մտածելու, որ ես մեռել եմ: Ես միշտ այդպես եմ անում՝ պատկերացնում եմ, որ մեռել եմ: Պատկերացնում եմ բոլորի դեմքերը, կեսը կեղծ, կեսը՝ անկեղծ տխուր, պատկերացնում եմ ֆեյսբուքիս էջին կատարված հիմար փոստերը, իբր թե՝ քո հոգին միշտ մեզ հետ կլինի: Մտածում եմ բոլոր նրանց մասին, ովքեր իսկապես ծանր կտանեն մահս ու տրամադրությունս բարձրանում է: Դե, մարդիկ քո մասին հաճելի բաներ կասեն, միայն, երբ մեռնես: Դրա համար հաճախ ինքդ քեզ մեռած պատկերացնելը տրամադրություն է բարձրացնում: Միայն թե չեմ ուզում իմ թաղմանը մեկը բարձր լացի: Ընդհանրապես՝ ոչ մի բարձր ձայն չեմ սիրում՝ բացի երաժշտությունից: Խնդրում եմ՝ հիշեք, եթե թաղմանս ներկա լինեք, բոլորին կասեք՝ թող ցածր խոսեն:

2.

Էդ կռվի հաջորդ մի քանի օրը ոչ մի հետաքրքիր բան չէր կատարվում: Քրոջս հետ էլ չէինք վիճում, զբաղված էինք: Պատրաստվում էինք մեր գյուղ գալուն, որտեղ էլ ես հիմա գտնվում եմ: Դե, ես Երևանում եմ ապրում, եթե դա հետաքրքիր է: Էդպես պատրաստվում էինք ոչ թե որովհետև գյուղ գալը մեծ տուրուդմփոց է պահանջում, այլ որովհետև լրանում էր հորս մահվան մի տարին: Արդեն մի տարի է անցել, բայց դուք առաջին մարդն եք, ում պատմում եմ նրա մասին: Ես խոսել չեմ սիրում, ոչ այդ թեմայով:

Հայրս շատ անկեղծ, կոպիտ մարդ էր: Ընդհանրապես՝ ես նրան շատ եմ նման: Փոքր ժամանակ արտաքնապես էլ էլի շատ նման, բայց հիմա ինչքան մեծանում, այնքան տարբերվում եմ արտաքինով ու նմանվում՝ բնավորությամբ: Հորս էլ որ տեսնեիք, ձեզ դուր կգար: Եթե, իհարկե, քաղաքավարության զոհ ձևիստներից չեք, էն որ հումոր էլ չեն հասկանում: Հայրս ամեն ինչի վրա կատակ էր անում, անգամ իր սարսափելի հիվանդության: Ես սիրում եմ, որ ինձ համեմատում են հորս հետ, սիրում եմ, որ ասում են՝ նման եմ նրան: Դե, բնավորության համար ասում են, որ նույն ներվայինն ենք ու քննադատող-ձեռ առնողը, բայց կապ չունի: Ես ուզում եմ հորս նման լինել:

Ամբողջ ճանապարհին ձևացնում էի, թե քնած եմ, որ հետս չխոսեն: Գիշերը չէի քնել ու կուզեի՝ մի քիչ աչք կպցնեմ, բայց մեր տաքսու վարորդը էնքան բարձր էր միացրել իր երաժշտությունը, որ ավելի շուտ կմեռնեի, քան կքնեի: Ճանապարհը մի երեք ժամվա է, եթե վարորդը նորմալ վարել գիտի: Այդ առումով բախտներս բերել էր՝ շատ լավ ու արագ էր քշում: Վանաձորում ինչպես միշտ, լիցքավորեց մեքենան, ես էլ, օգտվելով նրա բացակայությունից, մի քանի տափակ հումորներ արեցի վարորդի ու նրա երաժշտության մասին, քույրս էլ ծիծաղեց: Նա միշտ ծիծաղում է իմ հիմար հումորների վրա: Երևի թե դա այն հիմնական պատճառն է, որ դեռ քնած ժամանակ բարձով չեմ խեղդել:

Հետո նորից քնած էի ձևանում ու մտածում գյուղի մեր բարեկամների մասին, թե ինչքան մարդ է գալու, սկսեն գովել հորս սիրուն այգին, թփերը, ինձ ու քրոջս մի հազար անգամ համբուրեն ու ուշադիր նայեն, թե ոնց եմ ես ամանները լվանում: Ամեն ինչ այդպես էլ եղավ, չեմ պատմի այդ օրվանից, թե չէ ձանձրույթից կմեռնեք:

Գյուղում մի լավ շուն ունենք: Հորս շատ էր սիրում, ու առանց բացառությունների ենթարկվում էր: Հայրս էլ սովորեցրել էր. կանգնում ես դիմացն ու ձեռքերով թմփթմփացնում ոտքերիդ, շունը թռչում է վրադ: Կանգնում եմ դիմացն ու կրկնում հորս ժեստը, շունս ցատկում է վրաս ու լպստում ձեռքերս: Հրաշալի կենդանի է:

3.

Հորս մահվան տարելիցի օրվանից հետո ամեն ինչ խաղաղվեց: Խաղաղն էլ որն է, այստեղ երբեք խաղաղություն չի լինում: Օրվա մեջ ինչքան հարևան կա, կգան: Ամեն առավոտ կամ հարևանների երեխաների ձայներից էի արթնանում, կամ էլ նույն հարևանի աքլորի: Ճիշտն ասած՝ վրաս շատ են ազդում, կարող է պատճառն այն է, որ ես շատ շուտ եմ նյարդայնանում, բայց կարող է՝ չէ: Ընդհանրապես՝ հա, զզվելի բնավորություն ունեմ: Բայց չեմ ուզում պատմել դրանից: Հենց հորս մահվան տարելիցի հաջորդ օրը՝ հուլիսի 11-ին, եղբայրս՝ մորաքրոջս տղան, բանակից վերադարձավ: Ղարաբաղում էր ծառայել: Մի քանի օր հետո պարզվեց, որ մայրս նեղացել է, որ չեմ զանգել մորաքրոջս ասեմ՝ աչքդ լույս: Մեռնեմ, թե անգամ մտքովս անցել է: Ես ընդհանրապես այդպիսի բաներից շատ հեռու եմ: Եղբորս հետ սքայփով խոսել էի, բայց որ պետք է մորաքրոջս հետ էլ խոսեի ու ասեի՝ աչքդ լույս, էդպիսի բան չգիտեի: Կան, չէ այդպիսի արտահայտություններ, որ ընդունված է՝ պետք է ասես: Որտեղից են ընդհանրապես մարդիկ իմանում դրանց մասին: Կամ որ ժամանակն է՝ այ հիմա պիտի ասես: Վերջերս լսում եմ մի պապիկի ու ինձնից էլ փոքր մի աղջկա խոսակցություն: Դե, որ լավ պատկերացնեք, ասեմ, որ 18 տարեկան եմ, բայց այն ժամանակ 17 էի: Պապիկը պատմում էր իր թոռներից, աղջիկն էլ պատասխանեց՝ Աստված պահի: Գրողը տանի, որտեղից էր նա լսել էդ արտահայտությունը: Ինձ եթե մեկը իր երեխաներից է պատմում, լուռ ժպտում եմ, ու մտածում, թե երբ է վերջապես լռելու: Դե, կամ էլ դեմքիս այնպիսի արտահայտություն եմ տալիս՝ իբր պատկերացրի ու շատ սիրեցի էդ երեխային: Ես երևի աննորմալ եմ, ազնիվ խոսք: Տեսնես՝ մարդիկ դա հասկացել են, թե չէ: Միևնույնն է, կյանքում չեմ հասկանա այդպիսի արտահայտությունների իմաստը, դրանց օգտագործման ճիշտ կոնտեքստները, ու թե որտեղից են մարդիկ դրանց մասին իմանում: Ես ավելի լավ է՝ ամբողջ կյանքում մի բռի մարդու տպավորություն թողնեմ, քան թե իմանամ, թե որտեղ ասեմ՝ Աստված պահի, որտեղ՝ աչքդ լույս, որտեղ էլ շնորհավոր: Կեղծավորություն է, ազնիվ խոսք: Շնորհավորը մի ուրիշ պատմություն է: Հիմնականում այն շատ հաճախ են, չէ՞ օգտագործում: Քննությունդ բա՞րձր ես ստացել՝ շնորհավոր, աշխատանքի՞ ես ընդունվել՝ շնորհավոր, աշխատանքից դո՞ւրս ես եկել՝ շնորհավոր, տո լավ էլ արել ես, ով են դրանք՝ ներվերդ քայքայես, ուրիշ լավ գործ կգտնես: Ու իմ ամենասիրելին՝ ընդունվե՞լ ես, վայ շնորհավոր: Համալսարան ընդունվելու ի՞նչն են շնորհավորում: Կամ մարդիկ կան, չէ՞, էնպես մի ամբողջ սըքսես սթորի կգրեն իրենց համալսարան ընդունվելու վերաբերյալ, ոնց որ եսիմինչ են արել: Ախր մեր երկրում էդ մի եսիմինչ չի, ամեն բուհում թափուր տեղեր են, իբր մեծ գո՞րծ ես արել, որ ընդունվել ես: Նույնիսկ ամենադժվար բուհն ընդունվելը մեծ գործ չի: Ինչ է, սպասում ես, որ քեզ մրցանակ ու թխվածքաբլիթ կտան էն բանի համար, որ ընդամենը տանը նստել մի քանի բա՞ն ես սովորել: Մե՞ծ բան ես արել: Կամ որ բուհ ընդունվելը չեն ներկայացնի որպես իրենց երազանք: Այսպիսի բաներից արյունս եռում է, ազնիվ խոսք, շատ եմ բարկանում: Եթե էս աշխարհում բուհ ընդունվելը կամ մի գրողի տարած մարքեթոլոգ դառնալը պիտի լիներ իմ երազանքը, ավելի լավ էր՝ չծնվեի: Ոնց կարող է մարդու կյանքի երազանք լինել ինչ-որ մի անտեր բուհ ընդունվելը, չեմ հասկանում, ազնիվ խոսք, ուրիշ երազելու բան չկա՞ր: Հիմա երևի կմտածեք, բա տեսնես ես ինչ եմ երազում, որ մարդկանց երազանքներն էլ փնովում եմ, ես բան չեմ երազում: Ազնիվ խոսք, ոչ մի բան: Մասնագիտություն էլ չեմ ուզում, ի՞նչ պետք է, է անեմ: Մարքեթոլո՞գ աշխատեմ, ո՞ւմ է պետք: Ոչ մի բան էլ ես չեմ ուզում, անկեղծ: Մարդ եմ ուզում լինի, որի հետ կարելի էր խոսել, իսկ ընդհանրապես ի՞նչ եմ ուզում անել կյանքումս: Չգիտեմ: Գիտե՞ք ինչ կուզեի. գնալ բոլորից ու ապրել մի հեռու տեղում, անտառում: Այնպիսի մի տեղ, որտեղ շատ եղջերուներ են ապրում, ու ոչ ոք նրանց մասին հոգ չի տանում: Կուզեի ես լինեի այդ մեկը. ես շատ լավ կարող եմ եղջերուների մասին հոգ տանել, ազնիվ խոսք: Ու դա լիներ իմ մասնագիտությունը. մի տեղ անտառում՝ եղջերուների հետ ապրել ու հոգ տանել նրանց մասին:

Մի անգամ գրադարանում նստած էի կուրսեցիներիցս մեկի հետ: Շատ դասերի ենք իրար հետ նստում, ու նա նկատել էր իմ անվերջ քննադատող հայացքները ամեն ինչի նկատմամբ, անհավեսությունս ու դասերին զզվանքով վերաբերվելս: Նա, ընդհանրապես, լավն էր, հետը նորմալ կարող ես զրուցել, հենց այդ օրը, որ գրադարանում նստած էինք, ասաց.

-Դու սոցիոֆոբ ես:

Չհակաճառեցի. հավես չկար:

4.

Էն սովորական օրերից մեկն էր, երբ արթնանում էի հարևանի երեխաների ձայնից, ու ընդհանրապես շատ վատ էի քնում: Այստեղ՝ գյուղում, շատ վատ եմ քնում: Որոշեցի Ագաթա Քրիստի կարդալ, դե, բոլորը շատ էին գովում: Ես Շերլոկ Հոլմսին շատ եմ սիրում, կարդացել եմ համարյա բոլոր պատմվածքները նրա մասին, հիմա էլի եմ կարդում, նայել եմ շատ էկրանիզացիաներ: Ընդհանրապես, ես միշտ այդպես եմ անում՝ երբ մի բան դուրս գալիս է, անընդհատ նորից եմ կարդում, կամ դիտում, եթե ֆիլմ է: Քույրս ասում է, որ էդպես չեմ զարգանում, իսկ ինձ մեկ է: Քույրս շատ կարդում, նա ուտում է գրքերը, իսկ ես՝ չէ: Ես գիրք զարգանալու համար չեմ կարդում: Կարող է մի հարյուր էջանոց բանը մի քանի օր կարդամ, նույնիսկ՝ շաբաթ: Ինձ համար կարևորն այն չէ, թե վերջում ինչ կլինի, այլ ընթացքը: Ու եթե ես հավանում եմ այս կամ այն գիրքը, ես կարիք չունեմ նոր բան կարդալու, ես անընդհատ կարող եմ կարդալ նույնը ու նույն հաճույքն ստանալ: Երևի, այնուամենայնիվ, ես աննորմալ եմ: Ու ինձ շատ էին խորհուրդ տալիս Ագաթա կարդալ, որովհետև ասում էին՝ դետեկտիվ է, եթե Շերլոկ սիրում ես, դա էլ կհավանես: Քույրս Ագաթայի ֆանատ է, և լիքը գրքեր ունենք նրանից: Էդ մեկի անունը դուրս եկավ՝ «Ժամադրություն մահվան հետ»: Սկսեցի կարդալ: Առաջին իսկ տողերից ուղղակի գարշելի էր: Պատմում էր ինչ-որ ընտանիքի մասին, որը կազմված էր ծեր մորից, երկու որդուց, որդիներից մեկի կնոջից, ու երկու դուստրերից: Այդ մայրը՝ միսիս Բոյնտոնը, սարսափելի վհուկ է, ու իր բոլոր երեխաների ուղեղները լվացել, իրեն է ենթարկել: Իբր թե չի թողնում շփվել այլ մարդկանց հետ, չի թողնում գնալ առանձին ապրել, ու սրանք էլ, որոնք մոր հարազատ երեխաները չեն, այլ մնացել են ամուսնուց, ենթարկվում են, ու չեն կարողանում մոր իշխանության տակից դուրս գալ: Զզվելի էր, ազնիվ խոսք, առաջին իսկ էջերից ոչ մի հետաքրքրություն չկար, ուղղակի կարդում էի, որ մի բան Ագաթայից կարդացած լինեմ: Ու մի ճանապարհորդության ժամանակ էս մորը սպանում են, ու բոլորը երջանիկ են: Մահը կարծես թե բնական էր, բայց քանի որ Էրկյուլ Պուարոն՝ հայտնի խուզարկուն, այդ պահին ձեռքի տակ էր, նրան են հանձնարարում իմանալ, թե արդյոք պառավ վհուկի մահը բնական է, թե սպանել են: Նա էլ, իհարկե, մի օրում գործը լուծում է, մի երեք էջ իրեն գովում, հետո պարզվում է, որ կախարդ Բոյնտոնին սպանել է ոչ թե իր երեխաներից մեկը, այլ մի լեդի Ուեստհոլմ, որը հին ժամանակների իր ծանոթն էր: Քեզ ոչ մի շանս չի տրվում հասկանալու, որ դա կարող էր նա լինել: Իսկ էդ սուպերխելացին էլ մենակ մի բրիջիի գույնից էր այդքանը հասկացել: Սիրտս խառնում էր, ազնիվ խոսք: Ու ամեն ինչ ավարտվում է նրանով, որ էդ մարդասպանը, քանի որ հայտնի քաղաքական դեմք էր, ինքնսպան է լինում, իսկ մորից ազատված, նախկինում շատ դժբախտ Բոյնտոնները նստած մի մեծ սեղանի շուրջ քրքջում են: Եղբայներից մեկը պսակվել է էլի էդ գործի մեջ խառը բժիշկ Սառայի հետ, մյուս եղբայրը՝ Լեննոքսը ու իր կինը լիքը երեխաներ են ունեցել հինգ տարում, իսկ Ջեֆերսոնը, որը սիրում էր Լեննոքսի կնոջը ու առաջարկում էր իր հետ հեռանալ ամուսնուց ու վհուկ սկեսուրից, հիմա պսակվել էր Լեննոքսի քրոջ՝ Քերոլի հետ: Փոքր քույրն էլ, որ համարյա լրիվ խփնվել էր, հիմա դարձել է մի չքնաղ դերասանուհի: Ու այդպես երջանիկ ընթրելիս՝ հանդիպում են իրենց լավ ծանոթին՝ Պուարոյին, որը հանել էր իրենց վրայից բոլոր կասկածները, ու իրենք հիմա երջնիկ էին: Ու սա էլ դետեկտիվ էր, հա՞: Էլ չեմ ուզում ոչ մի բան կարդալ Ագաթա Քրիստիից: Մի խոսքով՝ եթե չեք ուզում հետ տալ ուղիղ գրքի վրա, չկարդաք այդ գիրքը:

5.

Դրանից մի քանի օր հետո՝ մորս ծնունդի օրը՝ հուլիսի 22-ին մեր տուն մի կատու եկավ: Փոքրիկ ձագ: Ես կատուներ շատ եմ սիրում, սիրում եմ դրանց փափկությունը, սիրում եմ, երբ դռռում են: Մայրս ու քույրս ինձ չեն թողնում, որ կատու պահեմ Երևանում, բայց թերևս, այսքան ներվային չէի լինի, եթե պահեի: Այդ կատվին պահեցինք մեզ. հիմա էլ երջանիկ կողքիս պառկած դռռում է: Շատ լավ կենդանի է: Կատուն միակ բանն է, որ ինձ կտրում է իմ հիմար մտքերից: Երբ շատ ուժեղ տրամադրություն չեմ ունենում, միշտ նստում եմ ու սկսում մտածել՝ ինչպես այն օրը՝ Երևանում, երբ հասկացա, որ ես կարոտել չեմ կարողանում: Իսկապես, ես ոչ մեկին չեմ կարոտում, ես չգիտեմ էլ էդ ինչին են մարդիկ որոշել կարոտ անվանել, ինձ մոտ երևի էդ մի զգացմունքը բացակայում է:

-Դու հրեշ ես,- որակավորեց ինձ քույրս, երբ ասացի նրան, որ ես ընդհանրապես ոչ մեկին չեմ կարոտում երբեք:

Մեկ-մեկ ես նրա հետ խոսում եմ, ուղղակի այն պատճառով, որ ուրիշ մարդ չկա, ում հետ կարող եմ խոսել: Բայց, խոսելու գիժ չեմ, անկեղծ եմ ասում: Կարող եմ ընդհանրապես չխոսել, ամիսներով լսել, ինձ մեկ է: Ու երբ սաստիկ տրամադրություն չեմ ունենում, պատկերացնում եմ, որ մեռնում եմ: Դե, պատկերացնելը, որ արդեն մեռած եմ, տրամադրություն է բարձրացնում: Բայց, այ մեռնելը՝ պրոցեսի մեջ, այնքան էլ չէ: Մտածում եմ ինչ դրամատիկ բաներ կանեմ, ում՝ ինչ կասեմ, ով կլացի, ով՝ չէ, ով հետո կփոշմանի, իսկ ով՝ չէ: Այդպես մտքիս մեջ մի հազար հատ պատմություն եմ հնարում, որոնցից ինը հարյուր հիսունչորսը՝ կմոռանամ հետո, իսկ մյուս քառանսունվեցը՝ կհիշեմ, որ հետո էլի մտածեմ ու մտածեմ, շարունակեմ, մտքիս մեջ մի քանի ամիս պատմվածքներ գրեմ ու վերջնական հունից դուրս գալով՝ ամեն ինչ գրողի ծոցն ուղարկեմ, մի նոր խաղ գտնեմ ու ժամերով խորանամ հեռախոսի մեջ՝ ամբողջ կյանքիս իմաստը մի հիմար խաղի մեջ դնելով: Հիմնականում մի խաղ է ինձ շատ հանգստացնում՝ Մորթալ կոմբատը: Հեռախոսով խաղում ու խաղում եմ, կարծես թե ծնվել եմ միայն դա խաղալու համար: Ուրիշ մարդիկ ինչ-որ լավ բաներ են անում, իսկ ես ծնվել եմ իմ անտեր հեռախոսով էդ անտեր խաղը խաղալու համար: Հրաշալի խաղ է, շատ եմ սիրում:

Քույրս մի իր ընկերուհուց էր պատմել, որը երբ տրամադրություն չի ունենում, մի բան է կարում իր համար: Ու շատ լավ է կարում, շատ շորեր ունի՝ ինքն իր համար կարած: Մարդիկ կան տաղանդավոր են, չէ՞, իբր քիչ են օգուտ տալիս, մի հատ էլ նույնիսկ իրենց վատ տրամադրությունն են կարողանում լավ բանի կողմն ուղղել: Իսկ ես իմ լավ տրամադրության դեպքում էլ եմ մարդկանց կոպտում ու ամեն ինչ փչացնում, ուր մնաց՝ վատ: Ընդհանրապես՝ ես ոչինչ անել չգիտեմ, ոչ մի բան ձեռքիցս չի գալիս:

Ու երբ նստած այսպիսի մտքերի մեջ եմ լինում, մեկ էլ հայտնվում է կատուս, ու ես մոռացած ամեն ինչ՝ գրկում եմ դրան, հետը խաղում ամենավերջին հիմարի պես: Ոնց որ էն մի քիչ խփնված մամաներն են կապիկություններ անելով խաղում իրենց երեխաների հետ, էնպես էլ ես՝ իմ կատվի, բայց մի քիչ ավելի ադեկվատ: Էդ փոքրիկ բրդի կտորը իր դռռոցով ցրում է բոլոր մտքերս: Հրաշալի կենդանի է:

6.

Հրաշալի՜, չէ մի: Ոնց չեմ սիրում էդպիսի գոռոզ բառեր: Կեղծավորություն է, ազնիվ խոսք: Իսկ ամենաշատը էդպիսի կեղծավոր ու սքանչելի բառեր որտե՞ղ կլսես: Հարսանիքին: Օգոստոսի հինգին եղբորս հարսանիքին պետք է գնայինք: Դրա մասին բավականին ուշ իմացանք: Դե, ինչպես արդեն պատմել եմ, ես գյուղում էի գտնվում, հարսանիք գնալու համար պետք է գնայինք Երևան: Հենց մեր գնալու օրը մեր հարևանը մահացավ: Երևի էն քիչ մարդկանցից էր, ում ես իսկապես սիրում էի: Կեղծավորություն անել չեմ սիրում, ու չեմ էլ ուզում էդպիսի բառեր ասել, բայց եթե ինձ հարցնես՝ բարությունը ինչ է, կսկսեմ անկապ խոսել, թե բա՝ հարաբերական մի բան, հետո կասեմ՝ բարությունը Լուսիկ տատիկն էր: Ամբողջ Օձունից Երևան ճանապարհին ես նրա մասին էի մտածում, ու որ այդպես էլ չգնացի նրան տեսնելու: Վերջին անգամ տեսել էի նրան բարձրահասակ, ճերմակ մաշկով ու մազերով: Իսկ հիմա պատմում էին, որ լրիվ հյուծվել, փոքրացել էր հիվանդությունից: Ես չէի ուզում նրան այդպես տեսնել, երևի էգոիզմ է: Երևի չէ, հենց էգոիզմ է, որ կա:

Ճանապարհին բան չխոսեցինք, ես ու քույրս էինք գնում: Հետո պետք է ուրախ լինեի՝ վերջիվերջո եղբորս հարսանիքն էր: Ես ու քույրս մի ամբողջ օր անիմաստ պտտվեցինք քաղաքի շատ խանութներով ու այդպես էլ ոչինչ չգնեցինք: Օրվա վերջում մետրո նստեցինք: Մեր թաղամասում մետրո չկա կառուցած, բայց գնում ենք Բարեկամություն, իսկ այնտեղից շատ ավտոբուսներ կան դեպի տուն տանող: Շատ եմ սիրում մետրոն, աղմուկը լցվում է ներսդ ու ամեն ինչ հանգստացնում: Ես, ընդհանրապես, հանգստանում եմ աղմուկի տակ: Երևի դա սկսվեց նրանից, որ փոքր ժամանակ պատմության ու կենսաբանության դասերը սովորում էի միայն դասամիջոցին՝ աղմուկի տակ: Էդպես էլ սովորեցի, հետո սիրեցի աղմուկը: Մետրոյից դուրս գալիս, եթե չեք եղել այնտեղ, ասեմ, որ Բարեկամությունը վերջին կայարանն է, ու ով կա չկա, դուրս է գալիս: Բոլորը գժի պես վազում են դեպի շարժասանդուղքը: Քույրս հոգնած ասաց.

-Թող բոլորը գնան, մենք՝ վերջում:

-Հա, ես միշտ էդպես եմ անում,- զարմացած պատասխանեցի ես:

Ես միշտ էդպես եմ անում, ու իրար հետ մի հազար անգամ մետրո նստած կլինենք, ինչո՞ւ չի նկատել:

-Չես նկատե՞լ,- ասում եմ:

-Ինչի՞:

-Որ բոլորին տեսնեմ: Նայեմ մարդկանց: Բոլորին հետևեմ:

Քույրս «ճպացրեց»: Ես էլ սկսեցի մտածել, որ գուցե նա էլ ունի այդպիսի սովորություններ, որ ես չեմ էլ նկատել այսքան տարիների ընթացքում, ու տրամադրությունս խիստ ընկավ: Միակ մարդը, որի հետ ես իսկապես ամբողջ կյանքումս եմ ապրել, քույրս է: Ծնողներիցս էլ են հաճախ բաժանումներ եղել, հաճախ՝ երկարաժամկետ: Բայց քրոջիս՝ երբեք: Ու մենք չգիտենք իրար սովորությունների մասին: Տխուր բան է: Կամ գուցե ես նրա հետ այդպես չեմ անում: Որովհետև երբ միասին ենք, հիմնականում անդադար խոսում ենք ինչ-որ հիմար բաներից: Դրա պատճառով էլ գուցե մոռանում եմ սովորություններիս մասին: Բայց երբ մենակ եմ, միշտ ամենավերջից եմ քայլում, ավտոբուսում ամենավերջում եմ նստում, որ բոլորին տեսնեմ, իսկ ինձ չտեսնեն: Հիմար սովորություն է, բայց սիրում եմ ուսումնասիրել մարդկանց, հատկապես, երբ տրամադրությունս բարձր է: Երբ տրամադրություն չեմ ունենում, ոչ մեկին էլ չեմ նայում: Տան մոտի մի խանութից, որ մտանք՝ ուղղակի նայած լինելու համար, գնեցինք քրոջս համար մի զգեստ, որի համար ամբողջ օրը քաղաքում թափառել էինք: Միշտ էդպես է, մի բան գնում հեռու-հեռվում փնտրում ես, գալիս ես մոտիկ գտնում:

Հարսանիքը Սևանում էր: Մի 40 րոպե ուշացանք, շատ կազմակերպված ենք: Առանձնապես պատմելու բան էլ չկա, դուք էլ գիտեք՝ ինչպես են անցնում հարսանիքները: Մի հայկական երաժշտությունից սկսեցի հիմարի պես զռալ: Բայց չմտածեք՝ դուդուկ էր, դա ընդհանրապես հուզիչ չի: Ինտերնետում կես ժամ փնտրեցի էդ երաժշտությունը, որ հիմա կոնկրետ անունով գրեմ, չգտա: Չեմ սիրում հայկական էդ մարտական երաժշտությունը. միշտ լացացնում է: Մի խոսքով, պատմելու բան էլ չկա, հարսանիքը հիասքանչ անցավ, բոլորս անասելի գեղեցիկ էինք: Կեղծավորություն է, ազնիվ խոսք:

7.

Հարսանիքից մի քանի օր հետո էլի գյուղ վերադարձանք՝ մկրտվելու: Մենք՝ ես ու քույրս, մայրս էլ, մինչև հիմա մկրտված չէինք: Հիմնականում որոշեցի այս ամառ հաստատ կազմակերպել մկրտությունս, որ մարդիկ հավատան՝ ես աթեիստ չեմ: Չգիտեմ՝ ինչու, բոլորը մտածում են, որ ես աթեիստ եմ: Գուցե երբեմն սկեպտիկ եմ լինում, բայց աթեիստ՝ չէ: Հիմա աթեիստ լինելը մոդա է, չէ՞: Բոլորը աթեիստ են դառնում, որ ցույց տան՝ իրենք շատ խելացի են, բա մենք գիտության մարդ, ինչ աստված, ինչ բան: Որտեղ են ապացույցները, այն, ինչը ապացուցված չէ, գոյություն չունի: Հիմարություն է, ազնիվ խոսք: Իմ կարծիքով՝ ընդհակառակը՝ պետք է բավականին բարձր ինտելեկտ ունենաս, որ գաս հանգես էն եզրակացությանը, որ հավատալը լավ է: Ես չեմ ասում՝ աստած կա, կամ չկա, ես ուղղակի ապացույցներ չեմ փնտրում: Ու աստված չանի՝ եթե էս մեր աթեիստը բնագիտական առարկաներից կամ մաթեմից ուժեղ է, թող ու փախի՜ր, լրիվ գիտունիկ է, էլի: Մաթեմատիկայի մասին երևի աշխարհի մեծ մասը էդպես էլ կշարունակի սխալ բաներ մտածել: Օրինակ՝ որ այն հստակ գիտություն է: Ախր մաթեմից ավելի անհստակ գիտություն չկա, կարող ես ինտերնետում փնտրել ու էնքան հասարակ մաթեմատիկական պարադոքսներ գտնել, որ ուղեղդ կեռա: Ու այստեղ խնդրում եմ, չմտածեք Աքիլլեսի ու կրիայի էն ապուշության մասին, Աքիլլեսը կրիային միլիոն անգամ կհասնի, ես իսկական, խելքին մոտ պարադոքսների հետ եմ: Իզուր չի, որ մաթեմատիկայի սկիզբը ընդհանրապես փիլիսոփայությունն է: Առաջ մաթեմատիկոսները փիլիսոփաներ են եղել: Ու աստծուն էլ հավատացել են: Երբեք չեմ հասկանա, ինչ ապացույց են մարդիկ ուզում աստծո գոյության համար: Ես ընդհանրապես չեմ ուզում ապացույց, ու չեմ էլ սպասում, որ աստված մի օր այլմոլորակայինների նման կգա ու եգիպտացորենի արտի վրա մեծ-մեծ կգրի «Ես աստվածն եմ ու ես կամ», տակն էլ կստորագրի՝ հայր, որդի և սուրբ հոգի: Ու մարդկությունը վերջապես կիմանա՝ Հիսուսի մազերը շեկ են եղել, թե սև: Հիմարություն է, ազնիվ խոսք: Ուզում եմ հավատալ՝ հավատում եմ, ինձ չի հետաքրքրում՝ գոյություն ունեցող բանի եմ հավատում, թե չէ: Ուզում եմ՝ հավատում եմ, էդքան բան:

Մկրտությունից հետո ես ու քույրս մնալու էինք գյուղում, իսկ մայրս, կնքահայրս ու կնքամայրս պետք է վերադառնային Երևան: Երևանից գյուղ միասին էինք գնացել, ու ճանապարհին կնքահայրս մեքենան խփել էր: Մյուս առավոտյան այն փչացավ: Գնացին, հասան կողքի գյուղ, հետ եկան: Էն մեծ մեքենաներից կանչեցին, որ գալիս սովորական մեքենան դնում վրան, տանում է՝ «էվակուատոր»: Դա էլ էր ճանապարհին փչացել: Կնքահորս տղան Երևանից էր գնացել նրանց բերելու: Ճանապարհին փչացել էր մեքենան: Մերոնք գիշերվա կեսին նոր տուն էին հասել: Հաջորդ օրը մորս կանչած տաքսին հենց շենքի մոտ փչացել էր, իսկ կնքահորս Վորոնեժ մեկնող բարեկամների մեքենան գուշակե՞ք՝ ինչ էր եղել: Իմ նմանի կնքահայրը լինելն էլ էսպես կլինի, էլի: Մերոնք ծիծաղում են էս պատմության վրա, բայց ես հո գիտեմ, որ իմ ձախորդ լիցքերն են: Ես էլ եմ կատակներ անում, բայց որ մի հատ էլ լսեմ «փչացած մեքենա» կամ «էվակուատոր» բառերը, արդեն երևի կնյարդայնանամ: Ընդհանրապես, ես բավականին ձախողակ եմ: Մի քանի անգամ մեռնելուց կամ վատ վիճակում հայտնվելուց եմ պրծել: Հիմնականում՝ հոսանքահարվել եմ, այնքան, որ հիմա արդեն էլ ռեակցիա չեմ տալիս, երբ հոսանքահարվում եմ: Նույնիսկ հաճելի է շատ: Ինձ սովորականի պես՝ 200 վոլտ ու հաշիվը, խնդրում եմ:

8.

Հասկացա, թե գյուղում ինչքան լավ էր միայն այն ժամանակ, երբ եկա հասա Երևան: Ու հասկացա, թե Երևանը ինչքան եմ սիրում էլի այն ժամանակ, երբ եկա հասա Երևան: Դժվար է, չէ՞ Երևանը սիրել ամռանը, երբ շոգից մոռանում էլ ես, թե սիրելն ինչ բան է: Բայց ես հիշում եմ Երևանս մյուս եղանակներին, ու հիշում եմ, որ սիրում եմ: Թե բա էդ քո Երևանում ի՞նչ կա սիրելու՝ կասես, կամ էլ՝ քաղաքենիի մեկը, Երևան, հա Երևան: Հա, ես սիրում եմ իմ քաղաքը ու դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Հա, ես իմ գյուղն էլ եմ սիրում ու դրա մեջ էլ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Մեկ էլ կտեսնեմ՝ մեկը կգրի, թե ինչքան զզվելի քաղաք է Երևանը, ինչքան զզվելի են այստեղի մարդիկ, ինչքան զզվելի են մարդիկ, ովքեր որ սիրում են Երևանը: Քաղաքը փնովելը մոդա մի բան է դարձել էս վերջերս: Բայց քաղաքն ո՞վ է: Դե, եթե քաղաքս ավտոբուսի մեջի էն աղջիկն է, որ անշնորք ծամոն էր չփչփացնում ու թարս նայում բոլորին, հա, ես էլ չեմ սիրում Երևանը: Բայց եթե քաղաքս էդ նույն ավտոբուսի մեջի կինն է, որ հազիս նոպայի ժամանակ ինձ իր տեղը զիջեց պատուհանի մոտ ու դեղ տվեց, ես կսիրեմ քաղաքս: Իսկ գյուղը սիրե՞մ: Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ես կսիրեմ: Կամ էլ չէ: Ամեն անգամ գյուղ գնալիս ինձ մոտ դեպրեսիա է սկսվում: Ասում ես՝ գյուղի մարդիկ անկեղծ են ու բարի՞: Ես գյուղում կարիքից չարացած, իրար դեմ ելած ու իրարից միայն բամբասող մարդկանց էլ եմ տեսել: Հիմա՝ ի՞նչ, չսիրեմ գյուղս: Բայց, թերևս կսիրեմ, եթե գյուղը Ալավերդուց Օձուն տանող աներևակայելի ավտոբուսի մեջի բարի փափուկ տատիկն է՝ կլոր դեմքով, սիրուն կանաչ աչքերով ու բարի-բարի հայացքով, որ ինձ ու քրոջս դիմեց.

-Աղջիկնե՛ր ջան, դուք Մարգարիտայի աղջիկնե՞րն եք:

-Հա,- կմկմալով ու զարմացած, թե որտեղից մեր մորը էս կինը կճանաչի, պատասխանեցինք մենք:

-Էն, որ Աբովյանում ուսուցչուհի ա:

-Չէ, չէ,- ժպտացինք մենք,- ուղղակի մեր մամայի անունն էլ ա Մարգարիտա:

-Հա՜, դե լավ, ներողություն,- սիրուն ձայնով պատասխանեց նա ու մի կերպ ավտոբուսից իջավ՝ օրորվելով գնալով իր ճանապարհը:

Կլորիկ դեմքն ու կանաչ աչքերը մինչև հիմա հիշում եմ. չեմ ուզում հավատալ, որ կարիքը էս կնոջ դեմքն էլ մի օր կփոխի: Բայց կփոխի, եթե ռեալիստ լինենք: Հիմա սիրե՞մ գյուղս, թե՞ չէ: Բա Երևա՞նը: Ես երկուսն էլ կսիրեմ: Ու շատ կուզեմ, որ մի օր մեր երկրի տնտեսությունը ինձ թույլ տա ապրել ու իմ մասնագիտությամբ աշխատել գյուղում՝ մի որևէ հավես կազմակերպությունում: Ու կուզեմ, որ էդպիսի ժամանակներ մինչև իմ մեռնելը գան, որ հավատամ, երբ ասում են՝ գյուղի ժողովուրդը բարի է ու հյուրընկալ: Անկեղծ՝ կուզենայի էդպես, բայց հիմա դեռ ամեն անգամ գյուղում մի խեղճ ընտանիք, մի հազիվ իրար գցած շորերով երեխա տեսնելիս ես ոչ թե հիանում եմ ու սիրահարվում գյուղիս, այլ գնում եմ տուն ու անիմաստ հայացքով նստում մի քանի ժամ, եթե շոկոլադ լինի, շատ կուտեմ, եթե կատուս լինի՝ կճմրթեմ, կհանգստանամ: Կհիշեմ, որ Երևանում էլ Նոր տավա առևտուր անելիս էն կինը չափից դուրս փոքր հավի կտորը վերցրել, կոպեկները հաշվում ու ասում էր՝ շատ է մեծ: Դե, հիմա էլ ընդհանրացրեք՝ գյուղի մարդիկ այսպես, իսկ քաղաքինը՝ էսպես: Երևի հենց էդ նույն քաղաքը փնովող մարդկանց մոտ էլ ընդհանրացնելը շատ լավ է ստացվում: Իրականում էս ընդհանրացնելու մասին շատ բան ունեի պատմելու, օրինակ՝ աղջիկների մաթեմից թույլ կամ էլ լոռեցիների շաշ լինելու մասին, բայց էն մարդկանց հիշեցի, հավեսս փախավ: Ամեն ինչի հավեսս փախավ, լինում է, չէ՞:

Ասում ես՝ կարոտել չգիտես, մեկ էլ արդեն Երևանում նայում ես կատվիդ նկարները ու հիմարի պես զռում՝ իրականում չես էլ հասկանում՝ կատվի պակասից, հորքուրի, թե քո գյուղի տան: Թե, գուցե, էլի էն մարդկանց հիշեցիր: Ասում ես՝ կարոտել չգիտես, բայց էլի մի բան գրելիս խեղդվում ես, էդ անդուր կոկորդում կանգնած կծիկ է լինում: Երևի լոռեցի եմ, շաշ եմ, դրանից է: Թե չէ ուրիշ մարզերում շաշեր չկան:

Վերջ, էլ ոչինչ չեմ պատմելու: Իհարկե, կարող էի պատմել, թե ինչպես Երևան գալու հենց առաջին օրը ամբողջությամբ կապտուկների մեջ հայտնվեցի, կամ թե ինչպես եմ տրամադրված շատերի կարծիքով ամենալավ բուհի երկրորդ կուրսեցի լինելուս, բայց չարժե, ազնիվ խոսք, հետաքրքիր չէ: Չեմ պատմի, թե չէ թեմաները մեկը մեկի հետևից գալիս են, իսկ դու ամեն ինչ պատմում ես, ու հետո տխրում առանց դրանց:

Ամբողջությամբ ոգեշնչված Ջ. Դ. Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վիպակից:

Հրապարակվել է Սեպտեմբեր 3, 2017 

Ֆրանսիական օրագիր, Մաս 5. «Փոքրիկ բույն» սրճարանից

Ողջույններ Փարիզի «Փոքրիկ բույն» հացաբուլկեղենի խանութ֊սրճարանից, որտեղ ես հաճախ «օրվա ճաշն» եմ ուտում և անցկացնում իմ ընդմիջումը։ Այսօր օրվա ճաշը լազանյա է, ու մինչ իմ լազանյան կսառի, քանի որ այն շատ են տաքացրել, ես որոշեցի ձեզ գրել։ Շաբաթվա առաջին օրը սկսել եմ շատ հոգնած, որովհետև ունեցել եմ հրաշալի «վիքենդ», բայց դե ոչինչ, այսօր կհանգստանամ։ Այս վիքենդին մենք առաջին անգամ Փարիզից դուրս գնացինք՝ հարևան երկրներ։
Ընդհանրապես, այստեղ գալուց առաջ պլանավորել էինք լիքը այլ տեղեր գնալ՝ գրեթե ողջ Եվրոպան տեսնելու։ Հետո, երբ եկանք, հասկացանք, որ յոթ շաբաթը հենց միայն Փարիզը տեսնելու համար շատ քիչ է։ Կրճատեցինք մեր բոլոր պլանները՝ թողնելով միայն Բրյուսել֊Ամստերդամ ճամփորդությունը։ Հենց դրանից էլ մի քիչ վերևում պատմում էի։

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Շաբաթ օրը առավոտյան ֆրանսիական արագընթաց գնացքը (ֆրանսերեն ասած՝ տե ժե վե) մեզ հասցրեց երկար սպասված Բրյուսելը։ Հենց իջանք, ամենուրեք կատուներ էին։ Մագնիս գնելիս վաճառողին հարցրի՝ ինչո՞ւ հենց կատուներ։ Նայեց վրաս, նեղ աչքերը ճպճպացրեց՝ սպասելով, որ կհասկանամ, որ ինքը զտարյուն բելգիացի չէ։

-Ինչո՞ւ են բոլոր հուշանվերների վրա կատուներ, ի՞նչ խորհուրդ ունեն,- կրկնում եմ։
Նեղ աչքերը մի անգամ էլ ճպճպացնելուց հետո երիտասարդը խոսեց.
-Այստեղ շատ կատուներ կան։
-Հաա, պարզ է։

Բրյուսելում մեզ սպասող այնտեղ իր ստաժն անցնող մեր ընկերը՝ քաղաքի իրական գիտակը, որը իր ողջ ուժով փորձում էր ցույց տալ քաղաքի գեղեցկությունները ու անդադար կրկնում էր՝ լա՞վն ա, չէ՞, հավանո՞ւմ ես, դուր գալի՞ս ա, Փարիզից լավն ա, չէ՞, նույնպես չգիտեր կատուների խորհուրդը, չէր էլ նկատել, որ ամենուրեք կատուներ են։ Իսկ ես դա չնկատել չեմ կարող։ Այնպես որ, եթե մի օր իմանաք՝ ինչու են Բրյուսելում ամենուրեք կատուներ, ինձ ասեք, խնդրում եմ։
Դե, էլ ի՞նչ ասեմ։ Հա, Փարիզից լավն էր։ Գուցե որովհետև այստեղ հյուր էի, ոչ թե բնակիչ։ Կատուներ, բելգիական ֆրի, բելգիական վաֆլի, բելգիական շոկոլադ, բելգիական գարեջուր։ Բելգիացիները շատ են սիրում շատ խորհրդանիշներ ունենալ, ու դա ինձ դուր է գալիս։ Ուղղակի ամեն անգամ առանց ալարելու կասեն՝ բելգիական ֆրի, ոչ թե ֆրանսիական։ Իսկ Փարիզում ոչ մի տեղ չտեսա, որ նշեն ֆրիի արմատների մասին։ Ու դա էլ ինձ դուր եկավ։ Սիրուն փոքրիկ քաղաքն ու ուրախ ժողովուրդը, որը գիշերն է ապրում։ Ամեն ինչ ժամը 4-ին փակվում է, բացի ուտելու տեղերից։ Փողոցներում ֆեստիվալներ ու շատ լավ երգեր երգող երաժիշտներ են։ Ամենուրեք ուրախ, գուցե մի քիչ խմած, բայց ամեն դեպքում՝ ուրախ մարդիկ են։ Շատ սիրեցի Բրյուսելը։

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Գիշերելով մեր վարձած տանը, որի տերը հայ էր (հա, հատուկ էի հայի տուն գտել), մյուս առավոտ մենք ճանապարհվեցինք Ամստերդամ։ Եկեք չպատմեմ ոչինչ, բացի Վան Գոգից ու Հայնեքենից։ Որովհետև մնացած ողջ ժամանակ անձրևի տակ մրսում ու քայլում էինք, ու չէինք կարողանում վերև նայել, որովհետև անձրևը խեղդում էր։

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Գիտեմ, որ շատ վատ եմ պատմում, բայց ինձ արդարացնող միայն մեկ բան կարող եմ ասել՝ ձեզ գոնե պատմում եմ։ Ուրիշներին ընդհանրապես չեմ պատմում, ուղղակի ասում եմ՝ լավ էր։ Լավ էր, Ամստերդամում էլ, որը իմ տեսած քաղաքներից թերևս ամենամոդեռն մետրոն ունի, էլի լավ միջավայր ու Վան Գոգի թանգարան, որը ինքնին արդեն Ամստերդամը սարքում է Ամստերդամ։

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի
Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Դե հա, այստեղ երկրորդ անգամ էի, բայց էլի չեմ հասցրել լիքը բան։ Երրորդ անգամն էլ է պետք գնալ։ Իսկ հիմա ես կուտեմ իմ լազանյան ու կգնամ Հայաստանի դեսպանատուն՝ ինձ արդեն շատ հարազատ աշխատանքի։ Մնաց ընդամենը երկու աշխատանքային շաբաթ, ու ես ուզում եմ լիքը բան հասցնել անել ու սովորել։
Մեկ էլ գիտեք՝ երբ եմ նյութ գրելու։ Հետ վերադառնալիս, ինքնաթիռում, որպես ավանդույթ։ Հայաստան հետ գալը ախր շատ-շատ եմ սիրում։
Սպասեք, եկա։

Հ. Գ. Հենց նոր վերադառնալիս կարդացի, որ Վիետի փողոցի ցուցանակի վրա ներքևում գրված է մաթեմատիկոս։ Այսքան ժամանակ Վիետ֊Վիետ ասելով չէի մտածում, որ սիրելի թեորեմի Վիետի փողոցն է սա։ Հինգերորդ շաբաթն է ընթանում, ես դեռ չէի հասկացել, թե դա որ Վիետն է։ Հիմա ավելի ուրախ եմ, որովհետև, դե, հիշում եք, Վիետի թեորեմը ինչքան օգտակար բան է։

Ֆրանսիական օրագիր։ Մաս 3։ Մի քիչ տխուր

Շաբաթս սկսվեց նրանով, որ հիվանդացա։ Ամեն անգամ, երբ ես Հայաստանից դուրս եմ գնում, պարտադիր հիվանդանում եմ։ Մենակության մեջ հիվանդանալը շատ դաժան է, հատկապես, երբ դրսում ապրում է Փարիզը, իսկ դու տանը հիվանդ ընկած ես։ Մինչև հիմա էլ նորմալ չեմ լավացել, դեռ հազում եմ, բայց հայտնի վիրուսի սիմպտոմներից ոչ մեկը դեռ չունեմ, չմտածեք։

Որոշել էի այս անգամ խոսել ֆրանսիական մակարուններից։ Գիտե՞ք չէ, էն գունավոր թխվածքաբլիթներն են։ Հայաստանում դրանք իմ ամեասիրելիներից էին, բնականաբար, ուզում էի հենց Ֆրանսիայում փորձել։ Փորձեցի։ Հա, ես Հայաստանի ամեն ինչը շատ-շատ եմ սիրում, ու սիրում եմ նաև ինչքան կարող եմ փնովել ֆրանսիացիներին, որ սրանց շաքարը՝ քաղցր, իսկ աղը աղի չէ և այլն, բայց լուրջ եմ ասում, այստեղի մակարունները հեչ համով չէին։ Ինչո՞ւ են Հայաստանում ֆրանսիական թխվածքաբլիթները ավելի լավ պատրաստում։ Մտածեք։

Հետո, երևի աշխատանքային հետաքրքիր բաներից պատմեմ։ Այստեղի բոլոր հայերը ինչ-որ միստիկ ձևերով իրար կապված են։ Համայնքը շատ մեծ է, ու բոլորը իրար հետ միշտ ինչ-որ կապ ունեն։ Օրինակ՝ երբ մենք (մենք ասելով արդեն էնքան եմ զարգացել, որ նկատի ունեմ Հայաստանի դեսպանատունը) բանակի 28-ամյակին նվիրված ընդունելություն էինք կազմակերպել, հյուրերի ցուցակներում տեսա գրեթե բոլոր կազմակերպությունների ղեկավարներին, որտեղ մյուս ընկերներս իրենց պրակտիկան են անցնում։ Առաջին անգամ մասնակցեցի դեսպանատան կազմակերպած ընդունելությանը, ընդունեցի հյուրերին, խոսեցի ամենքի հետ իրենց լեզվով (հատկապես ռուսները շատ ուրախացան), կերա տոլմա ու փախլավա, ու հենց այստեղ էլ իմացա, որ հայերը ֆրանսիական մակարուն ավելի համով են սարքում։ Ես արդեն վախենում եմ Իտալիայում պիցցա ուտել։

Մի խոսքով, կարոտել եմ։ Լիքը հիվանդացել, տխրել ու դեղ եմ կերել։ Բայց ոչինչ, ինչքան լավանում, այնքան դեպրեսիաս նվազում է։ Արդեն լրիվ ինտեգրվել ենք Փարիզի կյանքին, սովորել ենք իրար հետ ապրելուն ու ամեն ինչ եվրո-ով չափելուն։ Սովորել ենք բագեթներին ու կամամբերին, քաղաքի ռիթմին։ Փարիզը արվեստի ու թանգարանների քաղաք է, ու իմ նման թանգարանների սիրահարի համար շատ դժվար է ժամանակը կազմակերպել այնպես, որ հասցնեմ մնացած չորս շաբաթներում տեսնել այն բոլոր թանգարանները, որոնք ուզում եմ տեսնել։ Փարիզը արվեստի ու շատ-շատ սիրուն բաների քաղաք է, բայց երբ տանը հիվանդանաս, մաման ու հորքուրը թեյ կտան ու ոսպով սուպ կեփեն։

Փետրվարը սկսվեց, իսկ երբ այն ավարտվի, ես հետ կգամ։ Սիրով ու կարոտած՝ «ա բիենտո»։

Ֆրանսիական օրագիր։ Մաս 1։ Թե ինչպես եկանք Փարիզ, ու ինչպես ամեն ինչ սկսվեց

Մի շաբաթ առաջ՝ հունվարի 12-ին, ֆրանսիականի 29 ուսանող պարունակող ինքնաթիռը վայէջք կատարեց Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում։ Մենք եկել էինք պատրաստված, երկար այստեղ գալու մասին մտածած ու այս օրվան սպասած։ Պատմությունը սկսվում է այնտեղից, որ ՀԲԸՄ-ը մեր համալսարանի մի շարք ուսանողների ֆինանսավորում է՝ Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Բելգիայում պրակտիկա անցնելու համար։ Այս համագործակցությունները ձեռք են բերվել երկար տարիների ու մեծ աշխատանքի շնորհիվ, իսկ հիմա մենք տեսնում ենք դրա թեթև ու պարզ մասը։ Մեզ ուղարկում են աշխատանքի հայտարարություններ տարբեր կազմակերպություններում ու տարբեր քաղաքներում։ Մենք ընտրում ենք, թե դրանցից որոնց ենք համապատասխան, որոնք են մեզ դուր գալիս, ու դիմում ենք։ Դիմելու գործընթացի մեջ մտնում է մոտիվացիոն նամակ գրելը ու լավ ինքնակենսագրական ներկայացնելը։ Համալսարանում անցկացված հարցազրույցների, մեր նամակների ու գնահատականների արդյունքում էլ կազմվում է այն ցուցակը, որը որոշում է, թե ով որտեղ է աշխատանքի ընդունվել։ Էդպես էլ 17-ցիներից երեք հոգի նույն ինքնաթիռում հայտնվեցին նույն քաղաքում ստաժավորման գնալու։

Մենք Փարիզում ենք։ Եթե ուզում եք ճիշտն իմանալ, ասեմ, որ ես ու Անետը եկանք ու լացեցինք։ Տուն էինք ուզում։ Ճիշտն ասած, մինչև հիմա էլ ճամպրուկս տեսնելիս ասում եմ՝ երանի էն օրը, որ նորից կհավաքեմ իրերս՝ Հայաստան հետ գալու։ Հուսով եմ՝ շուտով կանցնի դեպրեսիան, ու մենք չենք ուզենա հետ գալ։

Այստեղ աշխատում ենք տարբեր կազմակերպություններում։ Ես իմի մասին կպատմեմ։ Աշխատում եմ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը։ Լավ է հնչում, չէ՞։ Նույնիսկ Փարիզում, ես օրվա մեծ մասը Հայաստանում եմ, ինչպես կատակում էր ընկերս։ Սիրում եմ հայերով շրջապատված լինել, ու դա ընդհանրապես չի նշանակում, որ ֆրանսերեն խոսել չգիտեմ կամ չեմ ուզում։ Ուղղակի հայերի հետ լավ է։ Սիրում եմ նայել պատուհանիցս երևացող ծածանվող դրոշին։ Երբ ուժեղ քամի է լինում, այն ուժեղ թփթփացնում է պատուհանիս։

Ուժեղ քամի ասացի, հիշեցի։ Ուժեղ քամիներ այստեղ շատ են լինում։ Եղանակը շատ ավելի տաք է, քան Երևանում, բայց քամիները շատ են։ Զբոսնելու ու լավ քաղաքը վայելելու համար ցուրտ է, չենք կարողանում երկար դուրսը մնալ, շուտ գալիս ենք տուն։ Դեռ շատ կարևոր բաներ չենք հասցրել տեսնել, բայց մի քանի սիրուն տեղեր գնացել ենք։ Արվեստի ու մշակույթի այս սիրուն քաղաքում մեր յոթ շաբաթը գուցե և քիչ լինի ամեն ինչ բացահայտելու համար։

Երկրի խորհրդանիշները, երևի էս անտեր գործադուլներն են։ Երևի նորություններով տեսել եք։ Այսօր ցույց ենք տեսել, ասեմ ավելին՝ ցույցի մեջ ենք ընկել։ Շատ խաղաղ ու ձանձրալի էր։ Գործադուլների պատճառով մետրոն հաճախ չի աշխատում, ավտոբուսները ուշ-ուշ են գալիս ու ոչ ժամանակացույցով։ Տուն հասնելը կարող է երկու ժամ տևել, տրանսպորտը շատ ծանրաբեռնված ու լիքն է։ Երևանի լիքը տրանսպորտը սրա հետ համեմատած ոչինչ է, լուրջ եմ ասում։

Ֆրանսիացիները շատ լավ ժողովուրդ են։ Ավտոբուս բարձրանալիս անպայման ողջունում, իսկ իջնելիս լավ երեկո են մաղթում իրար։ Մի քիչ տարօրինակ են, օրինակ, ահավոր խցկված՝ մետրոյում կհանեն գիրք կկարդան, երբ էդ գրքի համար ընդհանրապես տեղ չկա, երբ կանգնել էլ չեն կարողանում։ Բայց լավն են, ինձ դուր են գալիս։

Ու վերջում բոլորիս ընտանիքների համար ասեմ՝ սոված չենք, լավ հաց ենք ուտում, չենք մրսում, տաք ենք հագնվում ու շատ ուշադիր ենք մեր իրերի նկատմամբ։ Ամենակարևորը՝ իրար հետ ենք ապրում, մենակ չենք, ամեն ինչ կիսում ու իրար հոգ ենք տանում։ Ամեն ինչ լավ է, ու մինչև փետրվարի 29-ը ավելի լավ կլինի։

Սիրում ու կարոտում ենք, «ա բիենտո»։

 

Լուսանկարները` Անուշ Դավթյանի, Անետա Բաղդասարյանի և Մարիամ Նալբանդյանի

Երևանյան պատմություն

«-Համմե՞,- կանգնած գոռում էիր դու ձեր տան դռան բռնակը ձեռքումդ, դուռը՝ կիսափակ։

-Ոչ մի բան, ռադդ քաշի,- ներսից ուրիշ ծիծաղող ձայն բացականչեց, ու դու դուռը փակեցիր ու սկսեցիր իջնել աստիճաններով։

Ես արդեն մի քանի քայլ արել էի, տեսնես՝ դու ինձ մեջքից հիմա նայո՞ւմ ես։ Մտածում ես՝ տեսնես էս ով են նոր հարևանները։ Էն ձայնն էլ քույրդ էր երևի, ջահել աղջկա ձայն էր։ Դեմք ես բայց հա, պատկեր, դուռը կիսաբաց՝ բոլորի համար գոռում ա, թե բա՝ համմե»։

«Էս տունը էլի առնող եղա՞վ։ Վայ քո։ Ինչ էլ խուճուճն ես, վազի, վազի, դեմքդ հետո կտեսնեմ։ Էս էլի դո՞ւ ես, նույն կանգառն ենք գալիս, նույն շենքից։ Ուղիղ դիմացի հարևան։ Տեսնես՝ ո՞նց եղավ, որ էդ տունն առաք։ Ոչխարիկ ես էդ մազերովդ»։

***

-Իմացա՞ք, մեր դիմացի տունն առել են։

-Հա, մամ, ես էլ էսօր տղա եմ տեսել մի հատ խուճուճ դուրս եկող։ Գառան նման էր, արագ էր քայլում։

-Տեսնես՝ ոնց են «հարիֆացրել», էդ տունը ծախել, չնայած՝ էդ կինը մեղք չուներ։

-Բլո՞նդը։

-Հա, էն որ մինչև իրանց էին։ Այ իրանց նախորդներն էին մեղավոր։ Հանցագործություն, էլի։ Տունը բռնեցին կիսեցին, էդ ահավոր բնակարանը սարքեցին, որ ծախեն։ Ո՞վ էր թույլ տվել։ Դա հո էսպես նախատեսված չի։

-Տեսնես զուգարան կարողացե՞լ են քաշեն։

-Դե բա հո առանց զուգարան չի լինի։ Ուղղակի՝ Աստված գիտի, թե ինչ պրոբլեմներով։ Իրենք էդ անելու իրավունք չունեին, արեցին, ու հիմա ամեն առնող մտածում ա մենակ ոնց անի, ում գտնի՝ ծախի։ Կարա՞ս մեղադրես․ չես կարա։ Էդ կինն էլ վատ կին չէր։ Ասում էին՝ մարդը խաղամոլ էր։

-Այ կնիկ, քեզ էդ բամբասանքները որտեղի՞ց, ամբողջ օրը գործի ես։

-Շենքի խանութից։ Բոլոր նորությունները միայն շենքի խանութից։ Հիմա էլ մի կին ա՝ երկու տղաների հետ։ Ձեր տարիքի են ոնց որ, ջահել երեխեք են։ Ծառայած էլ են կարծեմ։

-Հա, մեկն էլ գառի էր նման, երեկ տեսել եմ․․․

***

«Քիչ ա նույն կանգառն ես գալիս, մի հատ էլ հետս նույն տրանսպորտն ես նստում։ Տեսնես ախպերդ է՞լ ա քո նման գառ։ Կոշիկներդ շատ վատն են, է»։

«Համմե-ն ա։ Դու ուր ես գնում էս «մարշրուտնով»։ Կարո՞ղ ա Սլավյանսկի ես սովորում։ Չէ հա։ Ափսոս էս անտերը սաղ ազատ էր։ Տեղ չլիներ նստելու, ես էլ քեզ տեղս զիջեի, աչքդ մտնեի։ Հարևան ենք վերջիվերջո։ Չնայած՝ մաման ուզում ա տունը ծախի։ Չե՞ս կարա կինոների նման մի հատ աղաման վերցնես, գաս, թե բա՝ ես ձեր հարևանն եմ։ Կամ աղ տուր, կամ ուզի, մեկ ա՝ ես մեր աղի տեղը չգիտեմ»։

«Խեղճեր։ Տեսնես արդեն հասկացե՞լ եք, որ ձեզ խաբել ու էս անաստված տունը «նաղդել» են վրներդ։ Դեռ ձեզ ինչե՜ր են սպասվում էդտեղ։ Այսինքն՝ ես ընդհանրապես խաբար չեմ, ինչեր են սպասվում։ Սաղ էդ շենքի տակի խանութն ա»։

***

-Էս խեղճերի տունը նույնիսկ համար չունի, տեսե՞լ եք։

-Համար որտեղից ունենա, եթե գոյություն չունեցող բնակարան ա։ Էստեղ նախատեսված ա երկու բնակարան, բռնել սարքել են երեքը։

-Էսօր իրանց համար ջրի տեսուչ էր եկել, ես էի բացել դուռը։ Ասեց` բա էս բնակարանի համարը որն ա, չգտեի՝ ինչ ասեմ։ Թարս նայեց, ասեց, որ եթե տեսնեմ, ասեմ՝ զանգեն տեսուչին։ Մամ, որ էդ կնկան տեսնես՝ կասես։

-Որտե՞ղ պիտի տեսնեմ։

-Որտեղ տեսնես, ես ի՞նչ իմանամ։ Բա հո ես էն գառանը չե՞մ ասելու։

***

«Ո՞ւր ես է գնում ամեն օր էս ժամին։ Տեսնես՝ դասի, թե գործի։ Ինչ ախմախ ռուսական երգ ես լսում, ոնց որ ժողովրդական լինի։ Համմե՞։ Պատկեր ես էդ «համմե»-ով։ Կարամ ասեմ՝ ինչ հետաքրքիր երգ եք լսում, ես էլ եմ սիրում ռուսական ժողովրդական երգեր։ Կասես՝ ինչ իմացաք, ինչ եմ լսում։ Կասեմ՝ հեռախոսիս մեջ ծրագիր ունեմ, որ ցույց ա տալիս, թե մոտակայքի հեռախոսներով հիմա ինչ երգ ա միացրած, մեկ-մեկ սիրում եմ նայել։ Հիմա նայեցի, հետաքրքրեց, որ դուք նույն բաներն եք լսում, ինչ ես։ Կասես՝ ի՞նչ ծրագիր ա։ Կասեմ՝ ես եմ գրել ճիշտն ասած, ու գցել եմ հեռախոսս։ Կմտածես՝ ծրագրավորող եմ, աղջկերքը ծրագրավորողներին սիրում են։ Էլ չես էլ իմանա, որ էդ անտեր ականջակալներիցդ երգը նենց ա գոռում, որ սաղ «մարշրուտնին» գիտի, թե դու ինչ ես լսում, ուր մնաց՝ ես, որ դեմդ եմ նստած։ Արժեր մի երկու բան հնարել քեզ համար, նույնիսկ, որ ծրագրավորող եմ։ Ինձնից ի՞նչ ծրագրավորող։ Շատ գեշն ես, է։ Չաղո»։

«Դու ո՞ւր ես գնում ամեն օր տեսնես իմ երթուղայինով։ Էստեղ մոտիկ ինչ կարաս աշխատես։ Օպտիկայո՞ւմ։ Չէ հա։ Երևի Սլավյանսկի ես սովորում։ Բայց դեմքիցդ հեչ չէի ասի, որ ռուսերեն ընդհանրապես գիտես։ Եսիմ, շատ սև ես։ Ու գառ»։

***

«Էս աղամանը վայթե վերցնեմ հետս, որ երբ քեզ տեսնեմ էլի «մարշրուտնում», ասեմ՝ ես ձեր հարևանն եմ, աղ կտա՞ք։ Դու ձեր աղի տեղը հաստատ կիմանաս։ Խոսքի` հանես պայուսակիցդ, տաս։ Տրանսպորտի մեջ։ Ես կխնդամ, դու էլ կխնդաս։ Իրար հետ կխնդանք, հարևանություն կանենք։ Կարամ անունս ասեմ՝ ծանոթանանք։ Բայց չեմ ասի։ Մեկ ա՝ դու էլ ես մտքումդ ինձ ինչ-որ մականուն դրել, ոնց որ ես քեզ՝ Համմե։ Չաղո էլ ես, բայց քո մասին մտածելիս քեզ մեկ ա Համմե եմ ասում։ Պատկեր ես քո «համմե»-ով»։

«Առաջին անգամ, որ ինձ տեսար, մեր դռան մոտ գոռում էի քրոջս վրա։ Տեսնես՝ ինչ ես մտածել։ Տեսե՞լ ես ինձ ընդհանրապես։ Երևի, էլի։ Դժվար թե տեսած չլինես։ Երևի մի յոթ տարի իրար հետ կգնանք-կգանք, բայց չենք ճանաչի իրար։ Չեմ զարմանա, որ վաղը դուռը ծեծես, ասես՝ կանգառ եմ գնում, գալի՞ս ես»։

***

«Հեսա գալու եմ դուռը ծեծեմ, ասեմ՝ կանգառ գալի՞ս ես։ Մեկ ա՝ իրար հետ ենք գնում, նույն բանն էլ նստում ենք։ Տեսնես՝ քո ախմախ ռուսական երգերը կանջատե՞ս հետս խոսալու համար։ Լավ է, ինչ խոսալ։ Գեշ ես։ Բայց էսօր հաստատ խոսելու եմ հետդ»։

«Տեսնես, որ մի ութ տարվա հարևան լինենք, կխոսա՞նք իրար հետ։ Չնայած՝ ի՞նչ ութ տարի, էդ տանը ոչ ոք էդքան չի դիմանում։ Դուք էլ մի բան կմտածեք, էնքան թե չմնաք։ Գնացեք, փրկվեք։ Տեսնես՝ ախպերդ է՞լ ա քո պես գառ»։

***

-Տեսա՞ք շենքի մոտի բեռնատարը։

-Ի՞նչ ա որ։

-Էս դիմացիններն են տեղափոխվում։ Երևի իրանք էլ հաջոդ զոհին են գտել։

-Կարող ա վարձով են տալիս։

-Վարձով էլ ոչ ոք չի մնա։ Երևի ցածր գին են դրել, ինչ-որ մեկը խաբվել ա, որոշել ա առնի։ Չես կարա մեղադրես, էդ տանից բոլորն էլ փորձելու են փախչել։ Տեսնենք՝ հաջորդը ով կլինի։ Լավ կին էր, հուսով եմ՝ լավ տուն են գտել։

-Մամ, կյանքում հետը խոսացած չկաս։

-Հա, ի՞նչ անենք, վրայից երևում էր՝ ինքն էլ էր լավը, տղաներն էլ․․․

Մյունստերյան օրագիր, մաս 3, կամ` բաց սիրտդ, ես գալիս եմ

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Հեռախոսիս ինքնաթիռի ռեժիմը միացրի, ու գրառումները բացեցի, որ Պրոկոֆևի հնչյունների տակ հավեսով գրեմ ձեզ։ Երկրորդ ինքնաթիռս է արդեն, որը ինձ Երևան է բերում։ Առաջին թռիչքս ավելի հարմար էր գրելու համար, բայց ես պահեցի, որ հենց հիմա գրեմ՝ Երևան բերող ինքնաթիռի մեջ։

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Ընդհանրապես, ամսի 29֊ին վերջին օրս էր Մյունստերում՝ Գերմանիայում, իմ տուն֊քաղաքում։ Ամսի 30֊ին արդեն գնացի Ֆրանկֆուրտ, որ մյուս օրն էլ՝ հիմա, նստած լինեմ արդեն Երևան եկող ինքնաթիռի մեջ։ Չգիտեմ ինչպես էր եղել, բայց շատ տարիներ առաջ, երբ գուգլով Գերմանիայի քաղաքների հետ էի ծանոթանում, ֆիքսել էի, որ Ֆրանկֆուրտը շատ եմ հավանել, ու այն համարում էի իմ երազանքների քաղաքը Գերմանիայում։ Դրա համար էլ պլանավորեցի ու մի գիշեր էլ Ֆրանկֆուրտում մնացի՝ իմ երազանքների քաղաքը տեսնելու։ Հիմա իհարկե, կարող եմ պատմել, որ այժմ իմ ամենասիրած քաղաքը Գերմանիայում Մյունստերն է, որի մասին մինչ այս ծրագրին դիմելը լսած էլ չկայի, բայց դա չի լինի այն պատճառով, որ Ֆրանկֆուրտը չեմ հավանել, այլ այն, որ Մյունստերն եմ շատ սիրել։

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Վերջին երկու ճամփորդություններս՝ դեպի Դյուսելդորֆ ու Ֆրանկֆուրտ, ինձ ցույց տվեցին, թե ինչքան շատ եմ սիրում Մյունստերը։ Մեծ, սիրուն, ակտիվ ու մարդաշատ այս քաղաքներում շատ հավես է զբոսնելը, ինչ-որ ուրախ ֆեստերի գնալը, գետի ափին նստելն ու ճամփորդ ընկերուհուդ հետ մի շիշ գարեջուր խմելը, բայց եթե մի քիչ երկար ապրելու մասին է խոսքը, սովորելու ու կյանքին ինտեգրվելու՝ Մյունստերից ավելի իդեալական տարբերակ չի կարող լինել։ Հիմա նույնիսկ մի քիչ ամաչում եմ քաղաքիս առաջ, որ այս ծրագրում այն ընտրել եմ լրիվ պատահաբար, առանց նույնիսկ իմանալու, թե ինչեր կան այս քաղաքում։ Հիմա ավելի շատ եմ հավատում պատահականություններին ու կարծում, որ դրանցից ավելի սիրուն բան չկա։ Պատահականություն էր և՛ քաղաքն ընտրելը, և՛ լավ ընկերների հետ այնտեղ հայտնվելը։ Մեզ դասընթացի ընթացքում հարցնում էին՝ ինչն ենք հավանում ու չհավանում Մյունստերում։ Հավանողները միշտ շատ էին, դրա համար ես ասում էի, թե ինչը չեմ հավանում։ Ու կարող էր այնպիտի տպավորություն լինել, որ ես Մյունստերը չեմ սիրում, դրա համար արդար կլինի, որ հիմա վերջապես պատմեմ, թե ինչու եմ այդքան շատ սիրել այդ քաղաքը։

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

 

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Նախ, այստեղ մարդիկ բնության մեջ են ապրում։ Երեկոյան, հենց մութն ընկնում է, ցանկացած կանաչ տարածքում՝ այգում, ճանապարհին, կարելի է նկատել վազվզող նապաստակների։ Հա, առաջին բանը, որ Մյունստերում հավանել եմ, նապաստակներն են։ Հետո, կանաչ մեծ այգիներն ու բնությունը։ Փոքր, մտերմիկ քաղաքը։ Այստեղ փողոցներում երբեք այնքան շատ մարդ չկա, որ փողոցում ամբոխ լինի, կամ անհանգստանաս, որ պայուսակիցդ կարող են բան գողանալ, ու այնքան էլ քիչ չեն, որ ամայի լինի, ու քեզ մենակ զգաս։ Չնայած դրան, որ սա մեծ ու հայտնի քաղաք չէ, այն բավականին շատ տեսարժան վայրեր ունի։ Ուրիշ քաղաքներ էլ լիքը գնացել ու համեմատել եմ, Մյունստերը ոսկե միջինն է բոլոր իմ տեսածների՝ համ սիրուն ու զբոսաշրջիկների համար հետաքրքիր, համ էլ փոքր ու հանգիստ։ Այստեղ նույնպես կար փարթիների փողոց, այնպես որ, եթե կարծում եք, որ Մյունստերում կձանձրանայիք, որովհետև ակտիվ կյանք եք սիրում, չէ, չէր լինի։ Ուղղակի գնացեք Հանզարինգ փողոցը։ Այստեղ կարող ես համ հանգիստը գտնել, համ ակտիվը։ Դե լավ, ակտիվը ավելի քիչ կգտնես, բայց եթե ուզենաս՝ տեղեր լիքը կան։ Սիրում եմ, որ այստեղ բնակչությունը այնքան է հեծանիվ քշում, որ միայն ավտոբուսներ ունենք, ուրիշ տրանսպորտի կարիք անգամ չկա։ Ու տեղացի էլ չկա, որ հեծանիվ չունենա։

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Սա ուսանողների քաղաքն է, որտեղ մարդիկ ամռանն էլ են դասի, իսկ երեկոյան հավաքվում են Աազեի ափին՝ մեր լճի, ու զվարճանում։ Սա երիտասարդների ամենասիրած տեղն է։ Ամեն մեկը բերում է իր երաժշտությունը, նույնիսկ փոքրիկ խորոված անողներ էլ կան։ Կարող եք նաև հաճելի ժամանակ անցկացնել լճում նավակ քշելով, բայց խնդրում եմ, մինչ այդ կստուգեք՝ անձրև գալու է, թե ոչ։ Որ մեր նման մինչև ոսկորները ջուր չդառնաք ու անձրևի տակ նավ քշեք դեպի ափ։
Դրա համար էլ ամսի 29֊ի երեկոյան մի քիչ տխուր էի։ Ավելի ճիշտ՝ նոստալգիկ։ Շատ լավն էր այս ամիսը, ու ես շատ ուրախ եմ, որ այս ամիսը եղա հենց այստեղ, հենց այս մարդկանց հետ։ Սա պատահական բոլոր հնարավոր տարբերակներից ամենալավն էր։

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Իսկ հիմա ես մտածում եմ միայն Երևանում ինձ սպասող դեղձի, ձմերուկի ու անկողնուս մասին։ Առաջին անգամ վերջին մի քանի ամիսների մեջ կանջատեմ զարթուցիչը, ու վաղը կարթնանամ, երբ կարթնանամ։ Իսկ հետո երևի մեկ ամիս միայն միրգ կուտեմ։ Հատկապես՝ դեղձ։ Դե, մրգերը ու ուտելիքը Գերմանիայի ուժեղ կողմերից չեն։ Այս մարդիկ հզոր տնտեսություն ունեն, ու արտադրում են ամեն ինչ, ինչը հնարավոր է արտադրել։ Այստեղ լոլիկն ու վարունգն էլ է արտադրած, ոչ թե աճեցրած։ Արտադրած ու փաթեթավորած, վրան էլ՝ պահպանման ժամկետ խփած։ Ու մեկ֊մեկ ինձ թվում է, որ այստեղ մարդիկ ու իրենց զգացմունքներն էլ են արտադրած ու պիտանելիության ժամկետով։ Այս ամիս լիքը մտածել եմ, արդյո՞ք ես էն զզվելի շովինիստներից եմ, թե` չէ, բայց շատ հաճախ է ինձ թվում, որ ամենաիսկական ու թունդ գույները, ամենահամով ու բազմազան ուտելիքները, ամենաուժեղ ու խորը զգացմունքները Հայաստանում են։ Չէ, ես գերմանացիներին շատ եմ սիրում, բայց մեկ֊մեկ իրենց կյանքը էնքան անգույն է թվում ինձ։ Մի տեսակ՝ պրոբլեմներ չունեն, ու ես դա լավ կողմ չեմ դիտարկի։ Մեզ մեր պրոբլեմներն էլ են պետք, որ դրանք լուծելու կսրողություններն էլ զարգացնենք։

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Մի խոսքով, շատ ուրախ ու ոգևորված եմ հիմա, որ էսպես խոսեմ, շատ֊շատ կխոսեմ, ուղղակի եկեք կեսգիշերին Զվարթնոց՝ ինձ դիմավորելու։

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Մյունստերում ամենատպավորիչ այցերից ինձ համար պլանետարիումում «Փինք Ֆլոյդի» շոու նայելն էր։ Ընդհանրապես, պլանետարիումը շատ էինք հավանել, ու հենց ժամանակ էինք ունենում, գնում էինք ու ինքներս էլ կատակներ անում անընդհատ գնալու մասին։

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Հա, «Փինք Ֆլոյդը» ինչի հիշեցի՝ Open your heart, I’m coming home.
Վերջին հավելում՝ Հայաստանից լավ տեղ դեռ չեմ գտել։

Մյունստերյան օրագիր։ Մաս 2

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Բարև։ Եթե ինձ հետ խոսելուց կհարցնեիր՝ ի՞նչ կա, ուրեմն գրում եմ հարցիդ պատասխանը, իսկ եթե ուղղակի կհարցնեիր՝ ոնց եմ, ուրեմն լավ եմ, դու ասա։

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Արդեն ինձ շատ քիչ ժամանակ է մնացել Մյունստերում ապրելու ու սովորելու, տվել եմ հիմնական քննությունս, վաղն էլ կիմանամ, թե ոնց եմ տվել։ Մի քիչ տխուր եմ, իհարկե, որ արդեն վերջանում են գերմանական օրերս, բայց դրանից ավելի շատ ուրախանում եմ, որ հետ եմ գալիս Հայաստան։ Հայաստանի վատը միայն համալսարանս է ու դասերս, որ վաղվանից սկսում են, իսկ ես ուղիղ մի շաբաթ բացակայելու եմ։ Դե, ըստ իմ տոմսի՝ սեպտեմբերի 1-ից եմ հասնում դասի։

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Սկզբում որոշել էի բոլոր ճանապարհորդություններիցս պատմել, բայց երբ սկսեցի ճանապարհորդել, հասկացա, որ էդքան էլ բան չկա պատմելու։ Ես ու լրիվ պատահաբար նույն ծրագրին դիմած մեր համալսարանից իմ հայ ընկերը (այսուհետ՝ Հենրիկ) լավ բան ենք մտածել։ Ամեն շաբաթ ընտրում ենք մոտ քաղաքներից երկուսը ու շաբաթ կիրակի օրերին այցելում։ Առավոտյան 9֊ին գնացք ենք նստում, երեկոյան՝ վերադառնում։ Առաջին քաղաքը, որ գնացինք, Քյոլնն էր։ Գուգլ մեփսն էլ ձեզ կասի, բայց ես էլ կասեմ, որ երբ Քյոլնում լինեք, անպայման այցելեք շոկոլադի թանգարանը, իսկ հետո բարձրացեք վեր (կտեսնեք՝ որտեղից) գետին նայելու։ Հրաշալի տեսարան է, ես պոկվել չէի ուզում։

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Քյոլնի հաջորդ օրը գնացինք Ամստերդամ, քանի որ մեր քաղաքը Նիդերլանդների սահմանին շատ մոտ է։ Բայց սա գնացել էինք մեր դասընթացի կազմակերպիչների ու բոլոր ուսանողների հետ, հետևաբար, այդքան էլ շատ ժամանակ չունեինք։ Այստեղից միայն խորհուրդ կտամ Վան Գոգի թանգարանի տոմսերը նախօրոք առնել, որ իմ նման տրանսպորտին լիքը փող տալով չգնաք հասնեք, ու պարզվի՝ այդ օրվա տոմսերը վերջացել են։ Հետո էլ չգնաք մադամ Տյուսսոյի թանգարանում թիթիզություններ անեք, որ, դե լավ, Վան Գոգը չեղավ, գոնե սա տեսնեմ։

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Մյուս վիքենդին ես ու Հենոն ընտրեցինք Բրեմենն ու Դորտմունդը։ Բրեմենը դեռևս իմ տեսածներից ամենասիրածս քաղաքն է։ Հին, հեքիաթային ու անդադար հնչող երաժշտությամբ։ Այստեղ խանութները ավելի հեքիաթային էին, քան ինքը՝ քաղաքը։ Իմ ամենահավանած խանութում ձեռագործ տիկնիկներ վաճառող կինը նստած գործում էր իր նոր տիկնիկները, հնչում էր մեղմ երաժշտություն, իսկ ոտքերի մոտ քայլում ու քսմսվում էր բրիտանական ցեղատեսակի թմբլիկ փիսոն։ Այդ փիսոն աշխարհի ամենափափուկ բանն էր, որին երբևէ ձեռք եմ տվել։ Այստեղից էլ գնեցի իմ փոստային բացիկը՝ հայտնի երաժիշտներով։ Ընդհանրապես, մտածել եմ բոլոր քաղաքներից գնել փոստային բացիկներ՝ որպես հիշողություն, որ եղել եմ այդտեղ։ Գուցե ինչ֊որ պահի հավաքածու էլ ունենամ։

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

-Ձեր կատուն աշխարհի ամենասիրուն կատուն է, որին ես երբևէ տեսել եմ,֊ դուրս գալուց գովեցի ես։
-Գիտեմ,-համեստորեն պատասխանեց հրաշքի տերը։
Ամեն դեպքում, Բրեմենը ամենալավն էր։
Մյուս օրը Հենոյինն էր։ Դեղին ու սև սիրտ ունեցող բորուսիացին Դորտմունդում էր։ Կատակում եմ, իրականում ինձ էլ էր շատ հետաքրքիր ֆուտբոլի թանգարանը, Բորուսիա Դորտմունդի ստադիոնը։ Քաղաքն էլ էր սիրուն, բայց դե ամենատպավորիչը Սիգնալ Իդունա ստադիոնի տուրն էր, պատմությունները ֆուտբոլիստների, նրանց՝ խաղին պատրաստվելու արարողության մասին։
Մյուս քաղաքը, որ որոշեցինք գնալ, Էսսենն էր։ Բայց երբ սկսեցինք փնտրել այստեղի տեսարժան վայրերը, տեսանք, որ դրանք բոլորը գտնվում են կողքի քաղաքում՝ Օբերհաուզենում։ Բնականաբար, գնացինք Օբերհաուզեն, ոչ թե Էսսեն։ Նախապես մենք միշտ որոշում ենք մեր գնալու տեղերը, գծում մեր երթուղին, ու հետո ամենաօպտիմալ կերպով բաշխում ժամանակը։ Ինձ թվում է՝ դա Հենոյի հոբբիներից է։ Քարտեզներ շատ է սիրում, հատկապես՝ թղթից։ Իսկ երբ մեր քաղաքում՝ Մյունստերում, ձեռք էր բերել թղթե քարտեզ, երջանիկ էր։ Առաջին օրերին, երբ քաղաքը այդքան էլ լավ չգիտեինք, Հենոն գուգլից օգտվելու փոխարեն հանում էր իր մեծ քարտեզը ու սկսում իսկական գանձ որոնողի նման մատիտով նշումներ անել։ Իսկ եթե գուգլով արդեն գտել էր, թե ուր ենք գնում, միևնույնն է, հանում էր թղթե քարտեզը ու նշումներ անում։

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

 Հա, ինչ էի պատմում։ Որոշել էինք գնալ Sea life, Legoland ու էլի մի քանի թանգարաններ ու սիրուն տեղեր։ Լեգոլենդ մեզ մտնել թույլ չտվեցին շատ հետաքրքիր պատճառով՝ երեխա չունեինք։ Հետո ասացին, որ ցավում են, ներողություն են խնդրում, բայց պեդոֆիլներից խուսափելու համար են էդպես անում։ Չէ, չներեցինք։ Ծովային թանգարանում տեսա բոլոր մուլտերում ու կինոներում տեսած ձկներին ու ութոտնուկներին։ Ձեռք եմ տվել ինչ֊որ թունավոր կենդանու, որից հետո ձեռքիս վրա վերք եմ գտել։ Եթե մյուս նյութս չգա մի շաբաթից, իմացեք, ինչ֊որ կարմիր բան է ինձ սպանել։ Բայց, կարող եմ հպարտանալ, որովհետև կարողացել եմ բանականություն չունեցող, ուղեղ էլ չունեցող ինչ֊որ կենդանի օրգանիզմի նյարդերը ուտել։ Անունը չեմ հիշում, բայց կլոր օղակ էր, պատից կպած ու լիքը մազիկներ ուներ։ Էնքան ձեռք տվեցի ու, էսպես ասած՝ սիրեցի, որ նյարդայնացավ, մազիկները քաշեց ներս ու փակվեց։ Շատ լավ կենդանի էր։
Իսկ հիմա Դյուսելդորֆի ճանապարհին եմ։ Մի քանի օրից գնալու եմ Ֆրանկֆուրտ, որտեղից էլ ինքնաթիռս է՝ դեպի Երևան։

Ամենամեծ քաղաքները դեռ առջևում են։ Հուսով եմ՝ ամենալավ տպավորություններն էլ։

Մյունստերյան օրագիր

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Ընդհանուր

Տարօրինակ է երևի ինչ֊որ բանի օրագիր գրելը սկսել 10֊րդ օրվանից, բայց ինքս էլ չեմ կարող բացատրել, թե ինչու այսքան ժամանակ չէի գրում։ Երևի զբաղված էի իսկապես, չգիտեմ։ Արդեն 10 օր է` ես բնակվում եմ Արևմտյան Գերմանիայի Մյունստեր կոչվող գեղեցիկ քաղաքում, որի մասին միակ հետաքրքիր պատմական փաստը, որ գիտեմ, այն է, որ այստեղ Վեստֆալյան հաշտության խորհրդանիշ շենք կա, ու Երեսնամյա պատերազմը կարծես այստեղ էլ ավարտվել է։ Իսկ ոչ պատմական հետաքրքիր փաստը, որ գիտեմ, այն է, որ սա Գերմանիայի հեծանիվների մայրաքաղաքն է։ Այստեղ բոլոր֊բոլորը հեծանիվ ունեն, ու մեքենաները ավելի քիչ են, քան նույնիսկ համալսարանները։ Փաստորեն, մի հետաքրքիր փաստ էլ գիտեմ, Մյունստերը նաև համալսարանների քաղաք է համարվում։ Դե, հեծանիվների մայրաքաղաքում հեծանիվ քշել չիմանալը, իհարկե, ահավոր է, բայց երկրորդ կետը գոնե բաց չեմ թողել։ Համալսարանների քաղաքում ես ուսանող եմ։

Նմանությունների մասին

Սկզբում որոշել էի ձեզ ամեն ինչ պատմել, բայց հետո տեսա, որ պատմելու այդքան էլ բան չկա։ Նույն Երևանն է, էլի, ուղղակի մեծ ավտոբուսներով։ Այստեղ էլ են ավտոբուսների վարորդները իրար տեսնելիս ձեռքով անում, այստեղ էլ են դեռահասները նստարաններին ապուշ բաներ խզբզում։ Ուղղակի էստեղ սպասարկման ոլորտը միշտ ապշեցնում է։ Դու միշտ որպես սպառող քեզ ամենակարևոր մարդն ես զգում, այնպես, ինչպես գրված էր իմ մարքեթինգի դասագրքում։ Էս սիրուն երկրից Հայաստանը հազար անգամ ավելի լավն է, իհարկե, բայց իրարից հաստատ վերցնելու ու սովորելու բաներ ունենք։ Մենք ճիշտ կանենք, օրինակ, վերցնենք սպասարկման ոլորտը։

Շնորհակալություն

Այստեղ մարդիկ հասարակական նստարանին քո կողքին նստելու համար շնորհակալություն են հայտնում։ Ընդհանրապես, ինձ այս տասն օրվա մեջ ավելի շատ են շնորհակալություն հայտնել, քան Հայաստանում ողջ կյանքիս ընթացքում։ Սկզբում դա շատ տարօրինակ էր, ու իմ կողմից բավականին անքաղաքավարի, որովհետև տեղը չէի բերում, որ իմ հետ են, ու չէի պատասխանում։ Հետո հասկացա, որ շնորհակալությանը խնդրեմ չասելը շատ տարօրինակ ու ահավոր է այս մարդկանց համար, ու սկսեցի անդադար ես էլ շնորհակալություն-խնդրեմ ասել։ Ու ինձ զգացի այս քաղաքի լիիրավ բնակիչ։

Ինչ եմ սովորում

Սովորում եմ գերմաներեն։ Լավ գերմաներեն։ Այնպես, ինչպես Հայաստանում երբեք չէի սովորի։ Ամեն օր զգում եմ իմ առաջընթացը նախորդ օրվա նկատմամբ, ու դա հույս է տալիս, քանի որ այս դժվար լեզուն սովորելու համար անկեղծ, չգիտեմ, թե քանի տարի է պետք։ Իհարկե, դեռ խանութում ինքնավստահության համար անգլերեն եմ խոսում, բայց գերմաներեն խոսել էլ եմ արդեն կարողանում։ Տնայիններս հավեսով եմ անում։

Խանութների մասին

Ասեցի խանութ, հիշեցի։ Ընդհանրապես, հատուկ հորքուրիս համար ուզում եմ շեշտել, որ սոված չեմ մնում, ամեն ինչ կարգին է։ Բայց այստեղ կյանքը շատ դանդաղ է, դրա համար եմ շատ զբաղված։ Ոչինչ չեմ հասցնում անել, որովհետև մի հատ յոգուրտ առնելը կարող է կես ժամ տևել։ Իմ թաղամասի խանութը երևի ողջ Աջափնյակի չափ է։ Անկեղծ։ Մեր մոտ մտնում ես խանութ՝ քուր ջան, ինձ մի հատ հալած պանիր։ Ու քուրը տալիս է քեզ ուղղակի հալած պանիր։ Իսկ այստեղ երեք պատ շարած միլիոն հատ հալած պանիր կա։ Ո՞նց իմանամ` որն առնեմ։ Դեռևս փնտրում եմ ինձ անհրաժեշտ պանիրը։ Առնում եմ, փորձում, լավը չի լինում, թափում եմ։ Բայց համով յոգուրտ արդեն գտել եմ։

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Հայերի մասին

Ինչքան ես եմ հասկանում, այս քաղաքում հայերը շատ են։ Արդեն երեք անգամ հանդիպել եմ։ Մի անգամ խանութում, ու կուզեի հենց Էլյայի մասին պատմել։ Հայ աղջիկ էր, որ իր երեխաներին շորեր էր գնում։ Ինձ անընդհատ թվում էր, թե խփնվել եմ, ու ականջիս հայերեն բաներ են հնչում, բայց հաստատ ասաց՝ փորձի, տեսնեմ՝ լինո՞ւմ ա։ Մոտեցա, խոսեցի։ Ասաց՝ կարոտում է Հայաստանը։ Ես երեք օր է, ինչ Հայաստանում չէի, ինքը՝ երեք տարի։ Ես երեք տարի չէի ձգի։ Տխուր էր։
Մյուս երկու անգամները դուրսը պատահմամբ լսած տղամարդկանց խոսակցություններ էին։ «Ախպեր» բառով ենք գտնում հայերին։

Ճամփորդություններիս մասին

Հենց այս պահին ձեզ գրում եմ Քյոլն տանող 10։34֊ի գնացքից։ 10։34֊ի, որովհետև 9։34֊ից ես ուշացա, ու ստիպված գնում ենք 10։34֊ով։ Իսկ ուշացա, որովհետև էստեղի «մարշրուտկեքը» կես ժամը մեկ են։ Մեկից ուշացա ու կես ժամ մնացի կանգառում։ Վիքենդներին մոտ քաղաքներ, իհարկե, կգնամ, բայց ավելի շատ ուզում եմ ոչ թե նոր քաղաքներ տեսնել, այլ իմ քաղաքում խորանալ։ Ուզում եմ այցելել բոլոր թանգարանները, հայտնաբերել բոլոր գեղեցիկ տեղերը ու անգիր անել քաղաքը Երևանի պես։ Արդեն մի քանի շատ սիրուն տեղեր գտել եմ։ Ընդհանրապես, իրական սիրուն տեղերը ոչ գուգլի քարտեզներում կան, ոչ էլ tripadvisor-ում։ Իրական սիրուն տեղերը գտնելու համար պետք է առանց քարտեզին նայելու քայլես ու քայլես, մինչև պատահմամբ բացահայտես։ Այդպես բացահայտած սիրուն տեղեր ունենք արդեն։ Ինտեգրվում ենք կյանքին։

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Լուսանկարը` Մարիամ Նալբանդյանի

Այսօր վերջ

Այս գեղեցիկ քաղաքում, որտեղ երկինքը ավելի մոտ է թվում, իսկ բնությունը՝ հենց ափիդ մեջ, ինձ ամենաշատը դուր է գալիս այն, որ մաթեմատիկայի ու ինֆորմատիկայի ֆակուլտետի շենքը Այնշթայնի անունով փողոցի վրա է։ Աննա Ֆրանկի փողոց էլ կա, մի օր կգնամ, կպատմեմ՝ ոնց էր։ Իսկ եթե մի օր քեզ թվա, որ ինչ֊որ լավ բաներ ես բաց թողնում, ու դեպրեսիայի մեջ լինես, ուղղակի հիշիր, որ ես ապրում եմ Գերմանիայի հեծանիվների մայրաքաղաքում, ու հեծանիվ քշել չեմ կարողանում։
Մինչ մոտալուտ հանդիպում, կամ ինչպես ասում են գերմանացիները՝ բիս բալդ։

«Նոր հայացք գրքին» մրցույթն ամփոփվեց

Հունիսի 29-ին «Մանանա» կենտրոնում տեղի ունեցավ Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» գրքի անդրադարձների մրցույթի ամփոփումը: Մրցանակաբաշխությանը ներկա էին անդրադարձների հեղինակները, գրողներ, լրագրողներ և գրքի հեղինակը:

Հանդիպումը սկսվեց ծանոթությամբ, մասնակիցները հնարավորություն ունեցան զրուցելու գրքի հեղինակի հետ, քննարկելու իրենց անդրադարձները, լսելու հեղինակի անձնական կարծիքը, խորհուրդներ  ժյուրիի անդամներից իրենց գրախոսությունների վերաբերյալ: 

«Հեղինակի համար շատ կարևոր է լսել ընթերցողի կարծիքը, հատկապես` երիտասարդության»,- իր խոսքում նշեց գրող Սուսաննա Հարությունյանը: Մինչ մրցանակաբաշխության արարողությունը սկսելը մասնակիցները գրողների և գրքի հեղինակի հետ աշխոիյժ զրույց էին սկսել հայ նոր գրականության մասին` արդյոք ինչ են կարդում, որ գործերը և որ հեղինակներին են համարում արժեքավոր, ինտերնետը ինչ ներգործություն է ունենում ընթերցողների ճաշակի ձևավորման վրա: Սուսաննա Հարությունյանը նշեց, որ ինտերնետում այժմ գրքերը շատ են, և պետք է լինել իսկապես խելացի ընթերցող, որպեսզի կարողանալ առանձնացնել արժեքավոր գործերը նրանցից, որոնց վրա չարժե ժամանակ կորցնել: 

-Մենք պատրաստել ենք շնորհակալագրեր բոլոր նրանց համար, ովքեր մասնակցել են այս մրցույթին, քանի որ այն, որ կարդացել եք, գրել եք գրախոսություն, արդեն խրախուսելի է,- նշեց «Մանանա» կենտրոնի տնօրեն Ռուզաննա Բաղդասարյանը:

Խրախուսական մրցանակներ ստացան Մարինե Իսրայելյանը, Մարիամ Բարսեղյանը, Լիլիթ Ներսեսյանը: Մասնակիցները ստացան Սուսաննա Հարությունյանի նոր լույս տեսած գրքերից հեղինակի ընծայագրով, ինչը, ինչպես նշեցին ժյուրիի անդամները, գիրքը ավելի արժեքավոր է դարձնում: 

Երրորդ մրցանակի արժանացան Սեդա Մխիթարյանը և Սոնա Մուրադյանը:

Երկրորդ մրցանակ ստացան Մարիամ Տոնոյանը և Անի Ավետիսյանը:

Առաջին մրցանակ ժյուրին որոշեց ոչ մեկին չշնորհել, քանի որ գրախոսությունները իրարից քիչ էին տարբերվում, և չկար այն եզակին, որը կտարբերվեր մյուսներից:

Հեղինակի համակրանք անվանակարգում մրցանակ ստացավ Լիլիթ Ներսեսյանը:

-Կցանկանայի նշել, թե ինչով է այս գործը յուրահատուկ ինձ համար,- ասաց Սուսաննա Հարությունյանը,- մենք հասկանում ենք, որ խոսքը պրոֆեսիոնալ գրականագիտական մրցույթի մասին չէ, և նույնիսկ պրոֆեսիոնալ մրցույթների դեպքում ես սիրում եմ, երբ գրախոսը նշում է ոչ թե այն, թե ինչ էր ուզում ասել հեղինակը, այլ թե ինչ ազդեցություն այն թողեց ընթերցողի վրա, որովհետև շատ դեպքերում հեղինակի տաղանդը կամ հմտությունը չի հերիքում իր ցանկացածը մատուցելու համար: Դրա համար շատ կարևոր է այն, թե ինչ ապրում, ինչ զգացողություն արթնացրեց ընթերցողի մեջ: Մեր մրցույթը կրում է ոչ միայն գրականագիտական, այլ նաև հանրամատչելի բնույթ: Բոլոր գործերը կարդալիս այնպիսի տպավորություն եմ ստացել, թե գրող մարդիկ  իրենց պատկերացրել են գրականագետի դերում: Հաճախ պատմում են բովանդակությունը, և իրենց թվում է, որ այդպիսով վերլուծեցին պատմվածքը: Իմ համակրանքին արժանացել է Լիլիթ Ներսեսյանի գործը, քանի որ նա ներկայացրել է ոչ թե այն, թե ինչ է ուզում հեղինակը, այլ իր ապրումակցումը հերոսին, այն, թե ինքը ինչպես ընկալեց հերոսի վիճակը, ինչպես հերոսը հայտնվեց իր խոհերում, իր մտքերում: 

Մրցանակաբաշխության արարողությունից հետո մասնակիցները ավելի ջերմ մթնոլորտում զրուցեցին գրողներ Գևորգ Տեր-Գաբրիելյանի, Սուսաննա Հարությունյանի, գրականագետ, բանաստեղծ Թադևոս Տոնոյանի հետ, ուղղեցին նրանց իրենց հետաքրքրող հարցերը: 

«Նոր հայացք գրքին» անդրադարձների մրցույթները շարունակական բնույթ են ունենալու: Հուսով ենք տեսնել ձեզ հաջորդ գրքերի անդրադարձների մրցույթին:

mariam nalbandyan

Իմ ու քո ազատության մասին

Հաստատ չեմ սխալվի, չէ՞, եթե ասեմ, որ դու յուրահատուկ բարձր ես գնահատում ազատությունը։ Դե, ոչ ոք էլ հաստատ իրեն ստրկության չէր վաճառի, բայց դու մի քիչ բոլորից շատ ու յուրահատուկ ձևով ես գնահատում ազատությունը։ Ես, օրինակ, մորս պատմելով, նորածին ժամանակներս բարուրից միշտ դուրս էի գալիս, մինչև օրս կիպ շորեր, նույնիսկ՝ ջինսեր չեմ կարողանում հագնել, որովհետև սահմանափակում են ազատությունս, քնելիս էլ, նույնիսկ ամենացուրտ ձմռանը, չեմ կարողանում հաստ վերմակ գցել վրաս, որովհետև ծանր է, չեմ կարողանում շարժվել ու ինձ անազատ եմ զգում։

Հետո, երբ մի քիչ մեծացա, տեսա որ նույն իմ ազգանունը ունեցող մի մարդ ինչ-որ սիրուն տողեր է գրել ազատության մասին։ Ավելի ուրախացա, ու ինձ ավելի ազատ զգացի։ Ինձ թվաց՝ էս աշխարհում ոչ ոքի համար էլ ազատությունը այնքան կարևոր չէ, ինչքան իմ։ Հետո էլի մեծացա, ու ավելի շատ մարդկանց հանդիպեցի։ Իսկ հիմա գիտեմ, որ յուրաքանչյուրն էլ իրեն ահավոր ազատ է համարում, իր չափ ազատ չկա, որովհետև ցանկացած մեկի հետ այդ թեման բացես՝ պատրաստ կլինի աչքերդ հանել՝ բացատրելով, որ դու սխալ ես հասկանում ազատությունը, այ ազատությունը, էդ իր ազատությունն է։ Հիմա արդեն գիտեմ, որ իմ՝ ազատությունը սիրելու մեջ ոչ մի յուրահատուկ բան չկա, բոլորն են էդպիսին։ Ես դա գոնե հասկացել եմ։

Դու բոլորին գոռում էիր, որ քեզնից ավելի ազատը չկա, որ քեզ համար քո ազատությունից ավելի կարևոր բան չկա, իսկ հիմա դու քեզ արդեն լրիվ ազատ չես համարում, որովհետև ընդամենը ձեռք ես բերել ընկերուհի։ Ասում ես՝ եթե ինչ-որ մեկի նկատմամբ զգացմունքներ ունես, արդեն լրիվ ազատ չես։

Դու քեզ ազատ ես համարում, որովհետև չես ամաչում փնթիության աստիճանի կարճ հագնել, ինչ-որ անկապ, անդուր սանրվածք անել ու քննարկել անձնական՝ խիստ անձնական թեմաները հանրության առաջ։

Ասե՞մ, թե ես ինչու եմ ինձ ազատ համարում։ Ազատ եմ համարում, որովհետև ես դրա վրա թքած ունեմ։ Լիքը բաներ այս կյանքում ինձ պարզապես մեկ են։ Նախորդ թվարկածս էլ։ Ինձ համար միևնույնն է, ինչ են քննարկում մարդիկ, ով ում ինչպես է վերաբերվում, մեր ամենօրյա ամենակարևոր նորությունների մեջ հայտնված ինֆորմացիայի ուղիղ 50 տոկոսը ինձ համար միևնույնն է։

Ինձ համար մեկ է, երկրի վարչապետը ում հետ հանդիպեց, ինչ արեց, որովհետև ես, քաղաքականությունից բան չհասկացող մարդ, ինձ պարտավոր չեմ զգում այժմ հետաքրքրվելու դրանով, որովհետև մի տարի առաջ ինչ-որ ցույցերի եմ մասնակցել։ Ես ինձ ազատ եմ համարում քաղաքականությունը չներառելու իմ հետաքրքրությունների մեջ, ու անտարբեր լինելու հիմա քաղաքական ամեն ինչի նկատմամբ։ Ու դա բացարձակ կապ չունի մի տարի առաջվա դեպքերի հետ։ Ես ինձ համարում եմ ազատ, որովհետև ճանաչածս մարդկանց մեծ մասի նման էդ դեպքերից հետո չեմ սկսել հետաքրքրվել դրանով։

Ես ինձ ազատ եմ համարում, որովհետև շանս ունեմ սպորտով զբաղվելու։

Եթե ուզում եք իմանալ՝ ինչ է իսկական ազատությունը ինձ համար, ու աշխարհում էլի հազարավոր մարդկանց, սկսեք սպորտով զբաղվել։ Զգացումը, որ դու անում ես դա, քեզ էնպիսի ուժ է տալիս, որ թվում է՝ քեզ էլ չեն կանգնեցնի։ Ոչ ոք այս աշխարհում էլ չի կարող կանգնեցնել քեզ։ Ոչ ոք չի կարող ազդել քո վրա, հունից հանել քեզ։ Որովհետև ամենալավ հանգստացնող միջոցն էլ է սպորտը։ Վազում ես, ու թվում է՝ եթե ուզես, հիմա ոտքով օվկիանոսի վրայով Կանադա կհասնես։ Ես, ընդհանրապես, սպորտից շատ հեռու մարդ էի, մի քանի ամիս առաջ եմ սկսել՝ կյանքում առաջին անգամ։ Իսկ հիմա կախվածության պես մի բան է, որովհետև փոքր սրահում, որտեղ հավաքվում են մի խումբ իրար հետ ընդհանրապես կապ չունեցող մարդիկ, ու իրար հետ ինչ-որ հավես վարժություններ են անում, մեռնում են ամենաչար մտքերը։ Ամենաչար բնավորությունները, ամենանյարդային ու անհանգիստ մտքերը։ Լավ տանջվելուց հետո եմ ինձ ազատ զգում, ոչ թե վերջին քննությունից դուրս գալուց։ Եվ ոչ էլ ավելի ազատ կզգամ, երբ համալսարանն ավարտեմ։ Որովհետև զոռով չեմ գնում։ Ու եթե խելքիս փչի՝ չեմ մտածի ու դուրս կգամ։ Ամենավերջին տարում, եթե միայն խելքիս փչի։

Իմ ազատությունը երբեք ոչ մի ընդհանուր բան չի ունենա քո ազատության հետ, ու դա չի նշանակում, որ մենք իրար հետ ընդհանուր բան չունենք։ Իմ ազատությունը ոչ մի ընդհանուր բան չունի մյուս 7 միլիարդ ազատությունների հետ, բայց ես կհարգեմ դրանք բոլորը։ Որովհետև կարևոր է, որ իմ ազատության սահմանները չհատվեն քո ազատության սահմանների հետ։ Իսկ էդպես չի լինի, եթե բոլորս մեր ազատությունը ունենանք մեր գլխում։