Եվ հավատա՝ ամանորին հրաշքներ կատարվում են։
Հանուն արդարության ասեմ, որ Ամանորը մյուս օրերից տարբերվում է միայն նրանով, որ մարդիկ բռնությամբ ինձ ստիպում են սիրել Ամանորը զուտ նրա համար, որ դա տարվա ընթացքում միայն մի օր է լինում, ինչպես ծննդյանս օրը։ Բոլոր տոները, որոնք շնորհավորանքներ և քաղաքավարությունից դրդված շնորհակալություններ են պարունակում, ինձ ճնշում են։ Դե, եկեք պատկերացրեք իմ բոլոր մեծ և փոքր վնասվածքները։
Ամանորի նախապատրաստական աշխատանքներից ամենատարբերվողը, կփաստենք՝ տոնածառն է։ Փայլիկներ, լույսիկներ, ավանդական «Last Christmas I gave you my heart, but the very next day you gave it away…»։ Սիրուն է, բայց ես չեմ սիրում ու ընդհանրապես պարտադիր չի, որ ես սիրեմ ձյունը, ցուրտը, թեյի շուրջ որևէ գիրք կարդալը, բլինչիկը, տոլման, աղցանները, ժողովուրդ, ես դա չեմ սիրում։ Ամանորին պարտադրված իրար տուն գնալն էլ չեմ սիրում, պարտադրված նվերները, պարտադրված ժպիտները, պարտադրված ոչինչ չեմ սիրում, պարտադրված սեղանի պարունակությունն, իմիջիայլոց, մենք լո՞ւրջ ենք, մեզ հո բան չի՞ պատահել։
Ամանորին մենք գրոհում ենք խանութներ, սուպերմարկետներ, առևտրի կենտրոններ, որ հասցնենք գնել այս կամ այն ուտելիքը, որը պիտի գոհացնի․․․ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․․․ հյուրերին։
Իսկ հիմա կպատմեմ ամանորը նշելու, ամանանորի սիրուն, ընտանեկան հիշողություններիս մասին։
Սկզբից եկեք փաստենք, որ ամանորի սեղանի պարունակությունը ես չեմ էլ հիշում, հիշում եմ միայն մեր սովետական տոնածառը, փոքրիկ, սպիտակ տոնածառն ու փայլերը։ Հիշում եմ նաև հին, սովետական Ձյունանուշին և Ձմեռ պապին և բամբակից թվացյալ ձյունը՝ պարտադիր։
Ամանորի հեքիաթը սկսվում էր հորաքրոջս գնումներով ու տան զարդարանքներով, մորս՝ ամանորյա խմորողենի պատրաստություններով և ամանորյա ավանդական ձնառատ երեկոյով, ձնեմարդ պատրաստելով, իսկ գազարը միշտ քիթն է։ Ոտքից գլուխ ձյան մեջ մտցված հագուստով ու կեղտոտ կոշիկներով միջանցքով անցնելով ու տանեցիների՝ «Հատակը նոր էի մաքրել»-ով Ամանորս սկսեց։
Մինչ տասներկուսը աչքերի մեծ փայլով, երազանքներին հավատով գրում էի ցանկություններիս ցուցակը, շատ պարզ երեխայական ցանկություններ՝ մաման վրաս չբարկանա, գնահատականներս լավը լինեն, մինչ ուշ երեկո խաղամ բակում, մաման չհիվանդանա։ Պարզ ու մաքուր ձևով սիրում էի Ամանորը։
Մինչ սեղանի շուրջ հավաքվելը վերցնում էի գույնզգույն մատիտներս ու նկարում բացիկների վրա ու տարվա բոլոր վատ ու լավ արարքներիս մասին գրելով՝ շնորհավորում հարազատներիս Ամանորը։
Առավոտյան բարձիս տակից հանում էի նվերները ու բոլոր տեսակի համովությունները ու ծալապատիկ նստած սկսում ուտել ու դրանք ամենահամով բաներն էին, որոնք ես ուտում էի, ծնողների, հարազատների վաստակը ինձ երջանկացնելու համար։
Իսկ հիմա մենք անգամ չգիտենք, թե ինչ ու ինչու ենք նշում և ում համար։ Մենք մի քիչ ռոբոտացվել ենք, անզգացմունք ռոբոտներ ենք դարձել, ովքեր իրերին նայում են լոկ որպես իրեր, իրեր, պարտականնություններ և ոչ նպատականեր և ցանկություններ։ Ընդունելը տխուր է ու շատ։
Երբ խոսում եմ զբոսաշրջիկների հետ, իրենք հավանում են քաղաքը, բնությունը, ուտեստները, հյուրընկալությունը, բայց ասում են, որ մենք տխուր ենք, անգամ՝ երգերի մեջ։
Մենք շատ քիչ ենք ժպտում իրար, հետևաբար՝ կյանքին էլ, ու կյանքը իր բոլոր դրական կողմերով մեզնից երես է թեքում։ Կմեղադրե՞ս իրեն․․․
Ամանորն է շուտով, մի քանի ակնթարթ ու փոխվելու է տարեթիվը, ինձ համար այն բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, դրանով իմ կյանքում ոչինչ չի փոխվելու, բայց․․․
Եկե՛ք մինչ Ամանոր, մինչ այդ հեքիաթային պահը՝ ինչպես դուք եք ասում, մենք սկսենք սիրել մեզ ու շրջապատող աշխարհը և նորից մանկանանք։
Փոքրիկ երեխաների պես փայլուն աչուկներով ու մեծ երազանքներով ժպտանք իրար ու կյանքին։ Չէ՞ որ․․․
Չէ՞ որ այս կյանքը միայն մեկ անգամ է մեզ տրվում իր դրականով, նրա կողքից անբաժան՝ բացասականով։
Եկե՛ք սիրենք ու ստեղծենք դրականը միշտ ու ամեն պահի։
Ուրախ, գիտակցված, կշռադատված ու սիրով լի տոներ քեզ, ինձ ու բոլորիս։