mane. minasyan

Իմ ֆանտաստիկ 2019, մնաս բարով

Ինչպես արդեն մի քանի տարի, այս տարի ևս տարվա վերջին գիշերվա ընթացքում ուզում եմ ամփոփել տարիս, հիշել անցածն ու ավելի մեծ ուժով ու եռանդով դիմավորել նորը։

2019-ը կորստով եմ սկսել։

Պապիկս։ Իմ կյանքի կարևորագույն մարդկանցից մեկը մեզ մենակ թողեց հենց տարվա սկզբում։ Հետո արդեն օրացույցի օրերը ջնջվեցին ու բանակից տուն եկավ եղբայրս՝ իրենով լցնելով տունը։

Փետրվարն ու մարտը սովորականի պես էին, լավ, մի քիչ խառը։

Բայց եկեք ասեմ, որ ես խոյ եմ, ու իմ տարին, ըստ իս, սկսվում է մարտի 25-ից հետո։ Ու այդպես էլ եղավ։ Դե, ապրիլի 3-ին 18-ին հրաժեշտ տվեցի ու մտա 19։ 2019 թվական, 19 տարեկան։ Ինչ խոսք, հրաշալի էր։

Դեռ դպրոցական տարիքից միշտ երազում էի մեր քաղաքում՝ Վեդիում ունենալ որևէ երիտասարդական նախաձեռնություն, սիրուն բաներ անել ու Վեդիում օրս անցկացնելու հետաքրքիր տարբերակներ գտնել։ Շատ պատահական հանդիպելով ընկերներիցս մեկին՝ որոշեցինք, որ Վեդիում մեզ նման բան է հարկավոր։ Որոշեցինք, հավաքվեցինք, հանդիպեցինք, քննարկեցինք ու արդյունքում համայնքապետարանից ստացանք տարածք՝ երազանքն իրագործելու համար։ Դրամական, մարդկային ու նյութական օգնություններից զատ՝ այս ամենը մեզ տվեց մեծ ընտանիք։ Ընտանիք, որը կարող է հավաքվել ընդամենը 5 րոպեում ու գաղափարներ կիսել։ Երազանքս կատարվում է, արդեն ոչ ֆորմալ կրթության շարք ենք սկսել, մի քանի սիրուն դասընթացներ արել ու ասեմ ավելին՝ հուսով եմ, որ 2020-ին մեր ստացած տարածքում արդեն կգործի մեր «Անտիկաֆեն», որը մեծ հնարավորությունների հարթակ է դառնալու։

Հետո եկավ ամառն ու ինչպես միշտ իմ կյանքում սկսվեց ակտիվ ու բազմաբովանդակ ժամանակաշրջանը։

Կրթական ճամբարներ, դրամաշնորհային ծրագրեր գրելու ու դրանք հաջողելու առաջին փորձեր, այց Ջավախք, ներառական ճամբարում ջոկատավար, պրակտիկա ու էլի շատ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան իմ կյանքում։ Ամռանը գտա ընկերներ ամբողջ կյանքիս համար։ Ամռանը գտա մարդկանց, ովքեր նոր իմաստ բերեցին իմ կյանք։

Հետո եկավ իմ սիրելի աշունը։ Դասեր, քննություններ ու հետո շատ պատահական մասնագիտական պրակտիկա, որը բերեց մի նոր ու շատ մեծ հաջողության։ Տարեվերջին ես արդեն Մանեն եմ, ով վարում է հեռուստահաղորդում, ինչի մասին մանուկ հասակում երազում էր։

2019-ի վերջին օրերն անգամ ինձ համար հաջողված էին։ Այն, որ ամռանը սովորել էի դրամաշնորհային ծրագրեր գրել, վերջին օրերին մի հաջողություն էլ բերեցին։ Բայց դրանից զատ՝ տարվա վերջին օրերին ես գտա մարդկանց, ովքեր վստահ եմ, որ դեռ երկար են մնալու իմ կյանքում։

Ես մեկ բառով կվերնագրեմ իմ 2019-ը։ Այն ֆանտաստիկ էր։

Շնորհակալ եմ, մարդիկ, որ եղաք իմ կողքին այս ամբողջ ընթացքում, շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր հավատացել են ինձ, ովքեր ուժ ու էներգիա են տվել։

Ես ուղղակի ուզում եմ, որ 2020-ը նման լինի 2019-ին ու կատարելագործվի։

Բարով մնա 2019, բարի գալուստ 2020։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։