Ես ապրում եմ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում: Կարբի գյուղաքաղաքը պատմության մեջ հիշատակվում է 17-րդ դարից: Կարբիի բնակչության նախնիները գաղթել են Բայազետի գյուղերից: Կարբին հարուստ է եկեղեցիներով և մատուռներով: Այստեղ են գտնվում Սուրբ Աստվածածին, Սուրբ Գևորգ, Սուրբ Գրիգոր, «Սողոյենց ժամ», Թուխ մանուկ, Ծիրանավոր եկեղեցիները: Սուրբ Աստվածածին եկեղեցին եռանավ բազիլիկա է: Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ է գտնվում երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանը, որի ճարտարապետը Արեգ Իսրայելյանն է: Կարբիում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցին: Լենկթեմուրի արշավանքների պատճառով Կարբին կրել է կորուստներ, բայց շուտով ոտքի է կանգնել: Ըստ պատմիչ Զաքարիա Քանաքեռցու, հարուստ վաճառական Այվազ Հակոբջանը Կարբիից դուրս փորել է արհեստական լճակ և հարևան Որդկան գյուղից ջուր է բերել: Ներկայումս գյուղի բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ:
Կարբին տարբերվում է իր շատ ջերմ և հյուրընկալ ընդունելությամբ, այստեղ մարդիկ շատ հյուրասեր և մարդամոտ են: Ամեն տարի գյուղում տեղի է ունենում բերքի փառատոն, որի ժամանակ Կարբի են գալիս բազմաթիվ հյուրեր: Միակ խնդիրը Կարբիում, որ նկատվում է, բնակչության համեմատ աշխատատեղերի պակասն է: Բայց այստեղ բոլոր մարդիկ ունեն ուժեղ կամք, հաստատակամ բնավորություն և չեն մտածում արտագաղթելու, Հայաստանից դուրս աշխատանք փնտրելու մասին, և համոզված եմ, որ մոտ ապագայում այս խնդիրը նույնպես կդադարի խնդիր լինելուց: