anjela karapetyan hrazdan

Ուրիշ ժամանակներ

-Տա՛տ, իսկ դուք ինչո՞վ էիք զբաղվում, երբ չկային համացանցն ու համակարգիչը, արդյո՞ք կյանքը հետաքրքիր էր։

Էլի հյուր էի գնացել տատիկիս ու տանջում էի իմ հարցերով։ Ախր, նա այնքան հետաքրքիր դրվագներ է պատմում իր կյանքից, որ ցանկանում եմ նստել ժամանակի մեքենա և սլանալ դեպի անցյալ։

-Բալե՛ս, մեզ էն ժամանակ դրանք չէին հետաքրքրում, չէինք էլ պատկերացնում, որ մի օր ինչ-որ սարքի միջոցով հնարավոր է աշխարհի այս ծայրից մյուսը խոսել մարդկանց հետ։

-Լավ, իսկ ինչո՞վ էիք զբաղվում։

-Է~… Մենք ընկերուհիներով հավաքվում էինք ու մեր փայտե տիկնիկների համար շոր էինք կարում։

-Փայտե՞։

-Էն ժամանակ էլ հո չկայի՞ն այդ պատրաստի տիկնիկները, մեր խաղալիքները մենք էինք պատրաստում։

-Իսկապե՞ս, լավ շարունակի՛ր։

-Ո՞ւր էի հասել, հա հիշեցի։ Շուտ-շուտ բարձրանում էինք սարերը, էնտեղ վրան էինք խփում ու օրերով մնում էինք։

-Իսկ չէ֊ի՞ք վախենում։

-Չէ հա, այ բալա, ողջ գյուղն էնտեղ էր, մեզ ի՞նչ կարող էր պատահել։ Լավ եմ հիշում, մենք գյուղում մի հեքիաթասաց ունեինք։ Ամեն երեկո հավաքվում էինք մեկիս տանն ու նրա պատմություններն էինք լսում։ Նրա ամեն ասածը մինչև հիմա ականջիս է, անգիր եմ հիշում։

-Տա՛տ, ի՞նչ ես կարծում, հիմա՞ է կյանքը լավ, թե՞ այն ժամանակ։

-Իհարկե, էն ժամանակ կյանքը ուրախ էր, բոլորս միասին էինք, մտածելու բան չկար, իսկ հիմա՞։ Ո՞ւմ է պետք այդ հեռախոսը, երբ մենակ ես։