Սվետլանա Դավթյանի բոլոր հրապարակումները
Լոռի
Հովհաննավանք
Ուշի, սուրբ Սարգիս
Քրիստոս հարյավ ի մեռելոց
Սիրում եմ միայնակ լինելս
Գիտե՞ս, բարեկամ, քեզ մի շատ անկեղծ բան կասեմ:
Իրականում մենակության մեջ ապրելն այնքան էլ բարդ ու դժվար չէ: Դրա համար ընդամենը անհրաժեշտ է դատարկ սենյակ ու շատ գրքեր: Պարզապես մի օր բացում ես աչքերդ ու հասկանում, որ լիարժեք ազատ ես, կարող ես թոքերդ հարյուր տոկոս օդով լիցքավորել ու խորը շունչ քաշել` ազատվելով կոկորդիդ փաթաթված փշալարերից, որոնք ամեն կերպ քեզ փորձում են ցած քաշել:
Մենակության ուժը հասկանում ես այն ժամանակ, երբ որոնումներիցդ հոգնած հանձնվում ես մակույկին ու երազում, թե երբ ամեն բան կվերջանա, ճանապարհդ էլ կհասցնի սենյակդ, դեպի մենակության գիրկը ու հասնելուն պես խոստանում ես, որ էլ երբեք չեք բաժանվելու:
Ու միակ խանգարողը մեր մտքերն են, որ ամեն անգամ հիշեցնում են մեր վերապրածը, որ օրեր, շաբաթներ, տարիներ շարունակ սրսկել ենք մեր երակի մեջ, թունավորել ինքներս մեզ: Ու մի փոքրիկ մանրուք շատ ենք արժևորում, դրան տալիս մեծ տեղ: Արդյունքում, չեղածն էլ մեզ թվում է ահռելի, դրան օժտում ենք հզոր ուժով, թույլ տալիս, որ իշխի մեզ: Ու թվում է, թե դրան հաղթել հնարավոր չէ:
Մինչդեռ մեկ քայլ է պետք ուշքի գալու համար: Իրականում հաճախ իրողությունը այնքան փոքր է, ինչպես երկիր մոլորակը ողջ տիեզերական համակարգում: Դու ինքդ ես որոշել, որ պետք է կապկպես քեզ, խեղդվես, իսկ իրականում որոշումը քո ձեռքում է: Դու ես քո զգացմունքների պատասխանատուն ու ղեկավարը:
Սփաթ գլխով նայում ես շուրջդ ու հասկանում, որ իրականում պատկերն այլ է ու, որ պետք չի մտացածինը բերել քո անձնական դաշտ: Պետք չէ անիրականը պահել ու վախենալ դրանից, այլ պետք է կոտրել շղթաներն ու նորից ազատվել հնարավորինս արագ:
Զգալ քեզ քո մեջ, ոչ թե կաշվիցդ դուրս, դառնալ ակունքին ու լինել մենակ, ու լինել քեզ հետ խաղաղ: Հիշել, որ պետք չի ինչ-որ բան որոշել, խորհել մի բանի շուրջ, ինչը չկա:
Բարեկամս, դու ես ու քո մենակությունը, գնա՛, դու ազատ ես, նորից դարձիր քոնը:
Ես գրականագետ եմ
«Կարծում եմ տարիքային սահմանափակումը չի կարող վերաբերել գրականությանը, այն ապրում է բոլորի մեջ». Հասմիկ Կարապետյան
- Հասմիկ, ինչպե՞ս առաջացավ դասընթացը կազմակերպելու մտահղացումը:
- Քանի որ մեր կյանքի գրեթե կես ժամանակահատվածը անցնում է համացանցի մեջ, ես նկատում էի, որ կան բազմաթիվ գրքաբլոգերներ, որոնք սկսում էին խոսել կա՛մ հեղինակից, կա՛մ տվյալ ստեղծագործությունից: Եվ կարդալով իրենց կողմից ներակայացված «ուսումնասիրությունները» հասկացա, որ գրականությունը չենք կարող համարել այն գիտությունը կամ արվեստը, որին պետք է մոտենալ զուտ ցուցադրական կարգով: Եվ որոշեցի, որ գրքամոլներին գրականությանը ավելի մոտեցնելու ճանապարհը կարելի է իրագործել դասընթացի միջոցով, որը չէր անցկացվելու դպրոցական կամ ինստիտուցիոնալ մակարդակով: Ես իրականում շատ եմ կարևորում գրականության հետ կապված ցանկացած տեղեկություն և մոտեցում, այդ պատճառով առանց տարակուսելու որոշեցի, որ հանրությանը պետք է «դասականից դուրս» դասընթաց, որը նման չի լինելու սովորական լեկցիոն առցանց դասընթացի:
Նշեմ, որ դասընթացի ավարտից հետո մասնակիցները ստացան «Ես գրականագետ եմ» դասընթացի մասնակցության վկայական, որից մասնակիցները շատ գոհ էին և դրական արձագանքեցին։
- Ինչո՞ւ հենց «Ես գրականագետ եմ» խորագիրն ընտրեցիր:
- Քանի որ դասընթացի ձևաչափը հարում էր գրականագիտական ուսումնասիրություններին, և դասընթացը ավելի շատ հեղինակի և ժամանակաշրջանի վերաբերյալ հետազոտություններն էին: Նշեմ, որ դասընթացը մասնագիտական-լեկցիոն էր, այսինքն, դասընթացի ընթացքում ես չեմ խոսել, օրինակ ՝ «Թումանյանը ծնվել է այսինչ թվականին…», այլ ավելի շատ մոտեցել ենք հեղինակներին գրականագիտական սկզբունքներով և ուսումնասիրել ենք գրողի ոճաբանական առանձնահատկությունը, որը կարծում եմ, ամենակարևորն է հեղինակին ճանաչելիս:
- Պուշկինից մինչև Աբովյան, Դրայզերից դեպի Թումանյան, ի՞նչ սկզբունքով ես կատարել հեղինակների ընտրությունը:
- Միանշանակ, եթե խոսում ենք գրողի ոճաբանական առանձնահատկության մասին, ապա հեղինակների ընտրությունը նման սկզբունքով եմ իրականացրել, և հավատացե՛ք, նման մոտեցումը ավելի է խթանել մասնակիցներին՝ գրականությունը առավել պարզ և ընկալելի հասկանալու համար:
- Շեշտը հատկապես, ո՞ր գործերի վրա էր դրվել:
- Չկար կոնկրետ ընտրված գործեր, և անդրադառնալով որևէ հեղինակի, ես խոսել եմ ընդհանուր տեղեկատվություն հաղորդելով: Օրինակ՝ խոսելով Աբովյանի մասին, մենք չենք անդրադարձել միայն «Վերք Հայաստանի» վեպին, քանի որ բացի այդ վեպից Աբովյանը գրականության մեջ հայտնի է որպես մանկավարժ և ունի հրաշալի մանկավարժական փորձ: Եվ այդպիսով, մենք ուսումնասիրել ենք Աբովյանին այլ` մասնագիտական տեսանկյունից, ոչ թե ծրագրային, այն, ինչ ուսումնասիրում են դպրոցում կամ բուհերում:
- Ո՞ր տարիքային խումբն է եղել թիրախային լսարանը:
- Կարծում եմ տարիքային սահմանափակումը չի կարող վերաբերել գրականությանը, քանի որ այն տնտեսագիտական կամ բնագիտական դասընթաց չէր: Գրականությունը ապրում է բոլորի մեջ, անգամ նրանց, ովքեր մոտ չեն գրականությանը, իսկ կոնկրետ թիրախային լսարանի սկզբունքը չի եղել: Լսարանը եղել է բաղկացած տարբեր տարիքային խմբի անդամներից:
- Ժամանակաշրջանն իր անմիջական հետքն է թողնում գրականության վրա, անցկացվել են զուգահեռներ ներկայիս հետ, քանի որ հաճախ է լինում, երբ այլ ժամանակաշրջանի գործ ես ընթերցում, բայց կարծես հիմա գրված լինի:
- Միանշանակ համաձայն եմ: Երբ դասընթացի ընթացքում խոսում էի Մայակովսկու մասին՝ նշել էի, որ Մայակովսկին համարվում է բոլոր ժամանակաշրջանների գրողը, քանի որ լինելով ֆուտուրիստ (ապագայապաշտ) արտահայտում և ներկայացնում էր մեզ ապագային հարող մտքեր և ստեղծագոծություններ: Նույնը կարող ենք խոսել Թումանյանի մասին, որը պնդում էր դեռևս 1915 թվականին, որ ռուսները կարող են երկակի խաղ խաղալ Հայաստանի հետ, և պնդում էր, որ պետք չէ վստահել ռուս ժողովրդին: Սա բացահայտում և վերաբերում է ներկա ժամանակին:
- Ինչպիսի՞ն էր մասնակիցների արձագանքը, արդյո՞ք լինելու է դասընթացի շարունակություն:
- Պատկերացրեք, որ մասնակիցները ամբողջ դասընթացի ընթացքում հիշեցնում էին, որ դասընթացի ժամանակը քիչ է, և ավել ժամանակ էին պահանջում: Սա իհարկե ոգևորում է ինձ այնքան, որ որոշել եմ շարունակական դարձնել դասընթացները և ներկայացնել հեղինակներին այլ ձևաչափով: Հետաքրքիր էին նաև մասնակիցների հարցերը, որոնք միանշանակ խոսում էին նրանց ուշադիր լինելու և առավել ընկալունակ մոտեցում ցուցաբերելու մասին: Նշեմ, որ հաջորդական դասընթացները հանդես են գալու պոդքասթ ձևաչափով, ինչը կօգնի մասնակիցներին ՝ իրենց հարմար ժամանակ միացնել ու լսել ձայնադասընթացը: