Ani avetisyan

Իմ մտքերի ավտոբուսը

Կանգառում եմ: Ավտոբուսը չի եկել, իսկ մարդիկ շտապում են: Պատրաստում եմ ականջակալներս: Եկավ, նստեցինք: Շուտով կշարժվի, բայց մարդիկ դեռ նստում են: Նրանցից մեկն էլ կողքիս է նստում, վերցնում եմ տոպրակս: Գլխով բարևում է: Շարժվեցինք:

Երբեմն թվում է, թե մեքենայի մեջ լինելուց լավ բան չկա, կարող ես մտածել ինչքան ուզես:

Կանգնեց: Երևի կարմիր լույս է: Շատ երկար տևեց, փաստորեն խցանում էր: Ներսում մարդիկ զրուցում էին, բայց ես միայն շրթունքների շարժն էի տեսնում: Պատուհանից այն կողմ ավելի հետաքրքիր էր: Աշունից մնացած տերև էր, որ քամին փողոցում էր թողել, բայց փոքրիկը բախտավոր էր երևում, չարաճճի երեխայի պես խաղում էր մեքենաների հետ ու դուրս պրծնում, չզգացի, թե քանի րոպե «Բռնոցի» խաղացին տերևն ու մեքենաները, բայց նա դեռ տեղում էր, երբ ավտոբուսը շարժվեց:

Դեռ զրուցում են, ցածրացնում եմ երաժշտության ձայնը, որ լսեմ, թե ներսում ինչ  է կատարվում: Երևի բոլորին թվում է, թե հենց ավտոբուսների մեջ են քննարկվում աշխարհի ամենակարևոր ու հրատապ թեմաները: «Բա իմացա՞ք….»,- ու հասցնում են 30-40 րոպեի ընթացքում խոսել աշխարհի բոլոր կողմերից, վերջում էլ հասնել իրենց փոքրիկ համայնքներն ու քննարկել նրա բնակիչների այս ու այն ասածը, արածը կամ լսածը: Հետաքրքիր էակներ են մարդիկ, ուղղակի ափսոս, որ մեքենայից իջնելուց հետո հասկանում ես, որ լսածդ իրականում ոչինչ էր…

Նայում ես մարդկանց ու նրանց գորշ մոխրագույն հայացքներին ու մի պահ կորցնում մտածելու կարողությունը. «Իսկ եթե՞»… Բայց այստեղ «իսկ»-եր ու «եթե»-ներ չկան, ամեն բան այստեղ չգրված օրենք է, որ արդեն շատ երկար ժամանակ են պահպանում… Դրա համար էլ աշխատում եմ չհանել ականջակալներս, եթե կողքիս ծանոթ մարդ չի նստել, իսկ եթե նստում էլ է՝ երկար զրուցելու բան չկա, քիչ հետո ընկերներս կրկին միանում են ինձ:

Հետաքրքիր մի բան էլ կա մեր մտքերի ավտոբուսում. լսածս երաժշտությանը միշտ յուրահատուկ գործիքավորում է ուղեկցում, մոտավորապես այսպես.

«Գտա քեզ երկնքում,
Դըռռ-դըռռ-դըռռ…
Հանգիստ քնի գրկում,
Դըռռ-դըռ-դըռ»…

Ինչևէ: Շարունակում ենք ճանապարհը, բայց երևի այլևս պատմելու բան չմնաց, շուտով կհասնենք, ու ավտոբուսում քիչ առաջ ձևավորված հանձնաժողովի անդամները կանցնեն իրենց սովորական կյանքին: Իսկ ես ամեն անգամ այդ «առեղծվածային» փոխադրամիջոցը նստելիս կրկին կփորձեմ կտրվել աշխարհից ու տարվել մտքերով: