narek babayan

2017-ի առաջին հիասթափությունը

Առավոտ… Համացանցում որոնումների մեջ եմ… Ապարդյուն:

-Ա, դե լավ, էլի, չեն երկարացնո՞ւմ էս արձակուրդները:

Այս խոսքերս լսեցին մեր տնից 5 մետր շառավղով տարածության վրա գտնվող բոլոր նրանք, ովքեր ունեին այդ ունակությունը:

Ախր, լավ էլի, ինչո՞ւ ես ու հազարավոր այլ աշակերտներ պիտի արթնանանք մթնով ու խորհրդային շարժիչը միացրած մեքենայի փոխանցման տուփի պես դողալով գնանք դասի:

Երկուշաբթի: Դեռ հույս ունեմ, որ արձակուրդները երկարացվել են, ու դպրոցում պահակը բոլորին հետ կուղարկի:

Բացեցի դուռը, ավելի ճիշտ, բռնակը սեղմեցի, մնացածը քամին արեց: Քամին նաև սառը օդային հոսանքով ապտակեց ինձ:

Քայլում եմ: Ցուրտ է, ու ոչինչ չի երևում (ԽՍՀՄ-ում ծնվածներ, բարև): Հեռվում նկատում եմ մի քանի փայտի ուրվագիծ: Վայ, դրանք փայտեր չեն, ընկերներս են, քարացած ինձ են սպասում:

Հասանք դպրոց: Էհ, էսպիսի հիասթափություն դեռ չէի ապրել: Դասերը սկսվել են: Լավ, ինչ արած:

Պարզվեց, որ դասաժամերը պարապում ենք 30 րոպեով, գոնե մի քիչ ուրախացա:

Երեկոյան լուրերով հայտնեցին, որ այն դպրոցները, որտեղ վատ ջեռուցում կա, կարող են դասերը սկսել ժամը 10-ին: Ոնց որ վիրահատություն պահանջող հիվանդին հանգստացնող ներարկեն:

Ոչ նորմալ դաս ենք հասցնում պարապել, ոչ դասարանի կեսն է ներկա լինում: Անիմաստ մեր ժամանակն ենք կորցնում, ու չգիտեմ էլ՝ ինչու: Լավ չի, էլի, որ հազարավոր անձանց ձայնը ոչինչ է մի նախարարի որոշման դիմաց: Ժողովրդավարական երկրում ենք ապրում…