Ողջու՛յն: Ես Մերի Հարությունյանն եմ: Ծնվել ու մեծացել եմ հայտնի տիեզերագնաց Գագարինի ազգանունը կրող գյուղում: Թեպետ, անկեղծ ասած, մենք՝ Գագարինի բնակիչներս էլ գլուխ չենք հանում, թե ի վերջո մեր բնակավայրը գյո՞ւղ է, ավա՞ն թե՞ Սևան քաղաքի թաղամաս: Ինչևէ, անկախ կարգավիճակից՝ ես սիրում եմ իմ Գագարինը: Այստեղ տեղ կա բոլորի համար… Մարդիկ բարեսիրտ են ու հյուրընկալ: Գագարինում Երևանի պես չէ, երբ հարևանը հարևանին չի ճանաչում: Բոլորս անձամբ գիտենք իրար և հանդիպելիս ամենաքիչը տասը րոպե պիտի զրուցես ծանոթիդ հետ, թե չէ անքաղաքավարի կհամարվես։
Գագարինն արտաքուստ հասարակ է, բայց այն ինձ համար մի ամբողջ աշխարհ է: Կան մեկական դպրոց ու մանկապարտեզ: Մեր դպրոցում սովորում է մոտ երկու հարյուր հիսուն աշակերտ: Մայրիկս պատմում է, որ իր սովորելու տարիներին աշակերտների թիվը եռակի շատ էր. կային Ա, Բ, Գ դասարաններ: Ճիշտ է, հիմա մենք քիչ ենք, բայց ընկերական ենք ու համերաշխ:
Գագարինի անցյալը հետաքրքիր է եղել: Տատիկս ու պապիկս, որոնք այստեղ են եկել Լճաշենից, հետաքրքիր պատմություններ են պատմում:
Ընդամենը երեք տասնյակ տարի առաջ այստեղ գործել են բազմաթիվ գործարաններ: Հիմա նախկին գործարաններից մեկի հսկայական շենքում կա մի փոքրիկ արտադրամաս: Այստեղ հավաքում են գազի կոմպրեսորներ և անգամ ունեն «Լուկօյլ»-ի և «Ռոսնեֆտ»-ի նման գնորդներ: Հիմա այդտեղ մոտ վաթսուն հոգի է աշխատում, բայց հուսով եմ, որ աշխատողները կշատանան։
Տատիկիս ասելով՝ Գագարինի փողոցներով առաջ քայլել են հազարավոր մարդիկ, բայց հիմա… Տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի և տուն են գալիս տարին մեկ-երկու անգամ՝ մի քանի օրով: Ես կուզեի, որ նրանք չգնային, բայց գիտեմ, որ չես կարող ասել՝ մի գնա, որովհետև ի պատասխան կլսես.
-Բա ի՞նչ անեմ, երեխեքիս ո՞նց պահեմ…
Մեր Գագարինում երկրաշարժից շենքեր են վթարվել, դարձել բնակության համար ոչ պիտանի: Աղետյալների համար նոր շենքեր են կառուցվել: Դրանցից երկուսում մարդիկ են ապրում, իսկ մի քանիսն այդպես էլ անավարտ մնացին: Ա՛յ թե հրաշալի կլիներ, եթե այդ շենքերը կառուցեին ու նվիրեին անտուն մարդկանց: Ե՛վ Գագարինի բնակիչները կշատանային, և՛ անտուն մարդիկ կքչանային …
Գագարինը տարիների ընթացքում դեպի լավն է փոխվում, բայց ես կուզեի, որ տարիների փոփոխությունը ժամերի՛ ընթացքում լիներ: Ես հույս ունեմ, որ Գագարինն այնքան կբարեկարգվի, որ կհասնի քաղաքի կարգավիճակի: Հիմա գագարինցիներն էլ են շատ փոխվել. գեղեցիկ են հագնվում, խոսելաձևը հղկվել է, ձգտում են սովորել ու ոչնչով հետ չեն մնում քաղաքացուց։
Իմ այսքան պատմածից հետո դուք էլ եք, չէ՞, հասկանում, որ Գագարինը զարգացման շեմին է։ Մեր մեջ ասած, զուր չէ, որ այն առաջին տիեզերագնացի անունն է կրում…
«Կանթեղ» գրական խմբակ