Լամբադան

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

Ամռանը, երբ մեր փեթակները սարում էին, ժամանակ առ ժամանակ բարձրանում էինք սար` մեղուների մոտ: Հայրս հետևում էր նրանց վիճակին: Այդ օրն էլ լուսաբացից արթնացել,   և դեռ լույսը չբացված` սար էինք հասել: Քունս տանում էր:

Մոտ  3 ժամ մաքուր օդում քնելուց հետո արթնացա, վազեցի դուրս` լվացվելու և տեսա, թե մեքենայի միջից ինչպես է իջնում քեռի Ռուբը` մեր հարևաններից մեկը: Հետո մեքենայից իջան մյուսները… Ասեմ, որ  քեռի Ռուբը շատ է սիրում խմել և ծիծաղել: Մոտ կես ժամ խմելուց հետո, երբ ընկերները գնացին,  նա  հագավ մեղվապահի հագուստն  ու մոտեցավ փեթակներին: Բայց… Հաշվի չէր առել, որ մեղուները չեն սիրում խմիչքի հոտը, գրգռվում ու  ագրեսիվ են դառնում: Ու երբ մոտեցավ նրանց` բզզանները պարսով հարձակվեցին քեռու վրա, ու մի  անհասկանալի տեսարան բացվեց… Նա սկսեց թափահարել իրեն, ոտքերը խփում էր գետնին, ձեռքերը`գլխին և այդպես վազում էր այս ու այն կողմ: Կանչեցի հայրիկիս:

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

Լուսանկարը՝ Բորիս Իսրայելյանի

-Պապ… Պապ… Հըլը շուտ արի…

-Ի՞նչ ա, մեղուն կծե՞ց:

-Չէ, հըլը շուտ արի տես` քեռի Ռուբը լամբադա ա պարում: Մենք սկսեցինք ծիծաղել և հեռվից հետևել նրա տարօրինակ շարժումներին:

Երբ նա մի կերպ հասավ վրանին, որոշեցինք գնալ ու տեսնել վիճակը: Մտանք ներս, ուր  ամբողջովին կարմրած և ուռած նստել էր քեռի Ռուբը:

-Ռուբ քեռի, էն ինչի՞ էիր լամբադա պարում:

-Էլ մի ասա, է, էդ մեղուները լցվել էին վրես:

-Շա՞տ կծեցին:

-Է՜… էլ տեղ չթողեցին:

-Ռուբ քեռի, մի քիչ մածուն քսի` թող շուտ անցնի:

-Էտ էլ եմ արել` չի օգնում:

Հիմա, երբ  ամեն անգամ տեսնում եմ Ռուբ քեռուն, հիշում եմ նրա լամբադան…