sona saribekyan

Երևի մի օր ավելի լավ կլինի

Ես ծնվել եմ Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում՝ Ոսկեվանում, որտեղ ամեն օր լսվում է արդեն սովորական դարձած կրակոցների ձայնը:

Մեր գյուղի մարդիկ սիրում են իրենց երկիրն ու հողը, և չնայած ամեն օր լսվող կրակոցներին, նրանք մնում են  գյուղում ու վառ պահում իրենց  տան ճրագը:

Ամեն առավոտ դուրս եմ գալիս  պատշգամբ ու մտածում`տեսնես  այսօ՞ր էլ են կրակելու: Եթե անկեղծ` վախենում եմ… Մեր և նրանց միջև ընդամենը հինգ հարյուր մետր տարածություն կա:

Մեր  ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց: Հայրս մասնագիտությամբ ռադիոտեխնիկ է, բայց հիմա զբաղվում է շինարարությամբ և  արդեն երեսուն տարի է մեկնում է   արտագնա աշխատանքի:  Մայրս տնային տնտեսուհի է: Ունեմ քույր, եղբայր: Քույրս սովորում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հոգեբանության բաժնում: Եղբայրս դպրոցն ավարտելուց հետո  հայրիկիս հետ մեկնել է արտագնա աշխատանքի…

Եվ այսպես հայրս ու եղբայրս ուրիշ երկրում, քույրս՝ Երևանում… Տանը մնացել ենք  ես ու մայրս: Մի տեսակ դատարկվել է  տունը, և   ձայներ էլ  քիչ են լսվում:

-Մա՞մ:

-Ասա՛:

-Ձայն լսեցի՞ր:

-Հա, չվախես, նստի՛ր տեղդ, պատուհանի մոտ մի՛ գնա:

Մեր տան լռությունը ամեն անգամ խախտվում է  հերթական կրակոցներից: Այդ ժամանակ  մայրս գալիս, նստում է  կողքս, ամուր գրկում, որ չվախենամ… Բայց, ախր, ինչպե՞ս չվախենաս, ինչպե՞ս հանգիստ նստես, երբ մտածում ես, որ ամեն պահի  գնդակներից մեկը կարող է քո ուղղությամբ գալ: Մտածում ես  համագյուղացների, ընկերների, եղբայրների մասին, ովքեր գնդակների առաջ կանգնած, պաշտպանում են, ինձ, ձեզ, բոլորիս: Այդ միտքը հանգիստ չի տալիս, չես կարողանում զսպել զգացմունքներդ, արցունքներդ: Մայրս էլ տեսնելով ինձ, տխրում ու անպաշտպան է  զգում իրեն: Ես էլ, իմ հերթին, փորձում եմ զուսպ լինել ու չհեռանալ նրանից…

Ամեն գիշեր,երբ  պառկում եմ  քնելու, աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր դիրքերում կանգնած` մեր հանգիստն  են հսկում: Աղոթում եմ, որ առավոտյան  արթնանամ… Երբեմն, անկախ քեզնից, վախենում ես, որ չես արթնանա…

2014 թվականի օգոստոսի սկիզբն էր… Նորից  կրակոցներ  սկսվեցին… Որոշ ժամանակ անց դրանք ավելի սաստկացան  ու շատ մոտիկից  էին լսվում: Տանը մնալն արդեն անհնար էր:

Վազեցինք   հետևի սենյակ ու փորձեցինք պատուհանից դուրս գալ: Առաջինը ես դուրս եկա: Հետո` մայրս: Տան հետևում` ապահով վայրում, մեզ էր սպասում հորեղբայրս: Կրակոցների ձայնից ես անընդհատ լաց  էի լինում, չէի կարողանում զսպել արցունքներս: Մի կերպ դուրս եկանք այդ դժոխքից…Առավոտը դրախտ էր, իսկ երեկոյան արդեն՝ դժոխք: Թե՛ ինչպես դուրս եկանք տնից, ինչպես հասանք տատիս տուն, չեմ հիշում…

Երբ հաջորդ առավոտյան արթնացա` ծանոթ, բայց տարակուսած ձայներ լսեցի.

-Հա՛, բանկեքն ա ջարդվել, տուն ա ընկել, պատին ա տվել… ,- հորեղբորս կնոջ ձայնն էր:

Վազեցի դուրս:

-Հարսի՛կ, էդ  ին՞չ ասիր, ի՞նչա ելել, ո՞ւմ բանկեքն ա ջարդվել, ո՞ւմ պատին ա տվել:

-Դե, դե…,- հարսիկս սկսեց կմկմալ:

-Ո՞ւր ա մամեն:

-Գնաց տուն,- ասաց նա ու փորձեց ինձ հանգստացնել:

Բայց ես չէի կարող նստել ու սպասել, թե երբ մայրս կգա: Արագ պատրաստվեցի ու դուրս եկա: Գլխումս այնքան մտքեր էին պտտվում, որ էլ չէի համբերում, թե երբ եմ տուն հասնելու:

Հասա մեր թաղը:   Շուրջս  այնքան դատարկ էր… Վերջապես մտա տուն, ու… ահավոր էր: Պատուհաններին,  դռներին,  ամեն տեղ կրակոցի հետքեր էին…

Մտա մեր նկուղը… Մայրս տխուր` խռով ձայնով, քթի տակ խոսելով հավաքում էր ջարդված բանկաների կտորները: Ամառվա ընթացքում արած գործը` մորս չարչարանքը, ջուրն էր  ընկել: Գրեթե ամեն ինչ ջարդվել էր: Մոտ մեկ ամիս ապրում էինք այդ անորոշ իրավիճակում ու մինչև օրս վախը սրտներումս քնում ու արթնանում ենք` մտածելով ու հուսալով, որ «Երևի մի օր ամեն ինչ ավելի լավ կլինի»: