Լուսանկարչի աշխարհը

«Ինձ դուր են  գալիս մարդկանց ժպիտը, բաց աչքերը, արևը, ամպերը, անձրևը, ձյունը»:

Վարդան Մովսիսյանը այսպես է պատասխանում այն հարցին, թե ինչը ոգեշնչեց վերցնել տեսախցիկն ու նկարել։

-Ես միշտ փնտրում եմ, փնտրում եմ այն, ինչը դեռ չկա: Ֆոտոխցիկը մի միջոց է, որի օգնությամբ  փոխանցում ենք տեսածը։ Ես սիրում եմ բնությունը, սիրում եմ այն գեղեցիկը, ինչը կա մեր շրջապատում: Սա է պատճառը, որ ես սկսեցի լուսանկարել։

Վարդան Մովսիսյանը ապրում է Ջերմուկում, աշխատում  տեղի արվեստի դպրոցում, նկարչության ուսուցիչ է։

-Լուսանկարչությունը այն է, ինչ ինձ ուրախացնում է: Միակ գործն է, որից ես երբեք չեմ հոգնում: Ընտրությունը պարզ է. ինչը քեզ ուրախացնում է, դու նրան ես նվիրում ողջ ժամանակդ։

Չցակացավ խոսել մանկությունից, մի դրվագ է հիշում.

-Մանկության հետ կապված, հիշում եմ առիթների ժամանակ, երբ տեսախցիկով կամ ֆոտոխցիկով մարդ էի տեսնում, ուզում էի ես էլ տեսնել, թե այդ մարդը ինչ է տեսնում իր մի աչքը փակ: Միշտ հետաքրքրել է  ինձ, թե ինչպես է նկարը դուրս գալիս:

Վարդանը նախընտրում է նկարել  բնանկարներ ու դիմանկարներ։

-Պետք է շատ աշխատել, կարելի է սխալվել, բայց պետք է  հասկանաս սխալը, որ ինքդ քեզ ուղղես: Պետք է  շատ կարդալ ու տեսնել այն ամենը, ինչը կօգնի քեզ զարգանալ: Պետք է հարցնել մարդկանց, կարողանալ նաև լսել քննադատություններ և կարծիքներ, ուղղակի պետք է ունենալ նպատակ ու աշխատել:

Լուսանկարիչը լուսանկարչության մեջ սիրում է հենց կադր գողանալը, իսկ թե ինչու գողանալ` մեկնաբանում է.

-Քանի որ շատ կադրեր  մենք առանց հարցնելու ենք վերցնում։ Սիրում եմ, երբ կարողանում եմ ճիշտ օգտվել կարևոր վայրկյաններից, և ի վերջո, շատ եմ ուրախանում, երբ նկարածս ուրախացնում է մարդկանց։

Ապագա ծրագրերի  մասին Վարդանը չցանկացավ խոսել։ Իր խոսքով, ծրագրեր շատ կան, բայց քանի դեռ իր մտքում են ու մտքից գործի չեն հասել, չի  խոսի այդ  մասին։

Վերջում, թե որն է իր երազանքների վայրը կադրեր ֆիքսելու համար,  հավելեց`

«Իմ երազանքի վայրը ամենուր է, հատուկ տեղ չկա»: