«Ինձ դուր են գալիս մարդկանց ժպիտը, բաց աչքերը, արևը, ամպերը, անձրևը, ձյունը»:
Վարդան Մովսիսյանը այսպես է պատասխանում այն հարցին, թե ինչը ոգեշնչեց վերցնել տեսախցիկն ու նկարել։
-Ես միշտ փնտրում եմ, փնտրում եմ այն, ինչը դեռ չկա: Ֆոտոխցիկը մի միջոց է, որի օգնությամբ փոխանցում ենք տեսածը։ Ես սիրում եմ բնությունը, սիրում եմ այն գեղեցիկը, ինչը կա մեր շրջապատում: Սա է պատճառը, որ ես սկսեցի լուսանկարել։
Վարդան Մովսիսյանը ապրում է Ջերմուկում, աշխատում տեղի արվեստի դպրոցում, նկարչության ուսուցիչ է։
-Լուսանկարչությունը այն է, ինչ ինձ ուրախացնում է: Միակ գործն է, որից ես երբեք չեմ հոգնում: Ընտրությունը պարզ է. ինչը քեզ ուրախացնում է, դու նրան ես նվիրում ողջ ժամանակդ։
Չցակացավ խոսել մանկությունից, մի դրվագ է հիշում.
-Մանկության հետ կապված, հիշում եմ առիթների ժամանակ, երբ տեսախցիկով կամ ֆոտոխցիկով մարդ էի տեսնում, ուզում էի ես էլ տեսնել, թե այդ մարդը ինչ է տեսնում իր մի աչքը փակ: Միշտ հետաքրքրել է ինձ, թե ինչպես է նկարը դուրս գալիս:
Վարդանը նախընտրում է նկարել բնանկարներ ու դիմանկարներ։
-Պետք է շատ աշխատել, կարելի է սխալվել, բայց պետք է հասկանաս սխալը, որ ինքդ քեզ ուղղես: Պետք է շատ կարդալ ու տեսնել այն ամենը, ինչը կօգնի քեզ զարգանալ: Պետք է հարցնել մարդկանց, կարողանալ նաև լսել քննադատություններ և կարծիքներ, ուղղակի պետք է ունենալ նպատակ ու աշխատել:
Լուսանկարիչը լուսանկարչության մեջ սիրում է հենց կադր գողանալը, իսկ թե ինչու գողանալ` մեկնաբանում է.
-Քանի որ շատ կադրեր մենք առանց հարցնելու ենք վերցնում։ Սիրում եմ, երբ կարողանում եմ ճիշտ օգտվել կարևոր վայրկյաններից, և ի վերջո, շատ եմ ուրախանում, երբ նկարածս ուրախացնում է մարդկանց։
Ապագա ծրագրերի մասին Վարդանը չցանկացավ խոսել։ Իր խոսքով, ծրագրեր շատ կան, բայց քանի դեռ իր մտքում են ու մտքից գործի չեն հասել, չի խոսի այդ մասին։
Վերջում, թե որն է իր երազանքների վայրը կադրեր ֆիքսելու համար, հավելեց`
«Իմ երազանքի վայրը ամենուր է, հատուկ տեղ չկա»: