Երբ նոր էի ընդունվել ժուռնալիստիկայի ֆակուլտետ, առաջին անգամ մի մարդ (ով ավարտել էր քիմիայի ֆակուլտետը) ինձ ասաց.
-Ժուռնալիստի մասնագիտությունը սուտի բան ա… Անիմաստ բան ես արել:
Այդ ժամանակ կյանքը ինձ համար շրջվեց 180˚-ով: Միայն այդ պահին մի փոքր վիշտ ապրեցի, սակայն ոչինչ չփոխվեց: Բայց այդ բառերը կարող էին հեշտ ու հանգիստ կոտրել շատերին: Պետք չէ սխալ կարծրատիպով հուսախաբ անել մարդկանց:
«Ժուռնալիստի գործն ի՞նչ ա որ… Բոլորն էլ կարող են ժուռնալիստ դառնալ», «Ժուռֆակ ընդունվողների մեծ մասը էդքան սովորելուց հետո իր մասնագիտությամբ չի աշխատում», «Պարտադիր չի լրագրողական գործով զբաղվելու համար համապատասխան կրթությունը», ու վերջում էլ` « Անգրագետ լրագրողները, մեռա՜ ն էթիկայի կանոն խախտելով: Իբր դրանց գործի անունն ի՞նչ ա, եթե ոչ բամբասանքներ տարածելն ու մարդկանց վատաբանելը»:
Ամեն անգամ այս ամենը լսելիս` շուրթերիցս հեգնանքով դուրս է թռչում «Stop Baby» հանրաճանաչ խոսքը:
Հիմա պատասխանեմ նշածներիս` հատ առ հատ:
Ժուռնալիստի գործը հասարակությանը իրական կյանքում ապրեցնելն է, ու գիտե՞ք ինչու. քանի որ ժուռնալիստն է, որ հասարակությանը տեղեկացված է պահում, բացահայտում չբացահայտվածը և ներկայացնում հանրությանը, տալիս բազմաթիվ տեղեկություններ, բացում հասարակության աչքերը, և վերջ ի վերջո, քայլեցնում ժամանակի հետ: Իսկ եթե տեղյակ չես կատարվողի մասին` չես քայլում ժամանակին ընդառաջ, և եթե այդպես է, ապա ժամանակը քեզ համար կանգ է առել, հետևաբար` չես ապրում:
Ինչը վերաբերում է սովորելուն և մասնագիտությամբ չաշխատելուն. չձգտող մարդը ոչնչի էլ չի հասնում: Կան շատերը, ովքեր սովորում են դիպլոմի (աղջիկների պարագայում` ապագա օժիտի) համար, բայց այդ «սև ծածկոցը» շատ քիչ է, որպեսզի ծածկի մնացյալ «երանգները»:
Եվ վերջինը: Ասում էիք պարտադի՞ր չէ լրագրողական գործով զբաղվելու համար համապատասխան կրթությունը: Լավ, իսկ հարց չի՞ առաջանում, թե որտեղի՞ց են ի հայտ գալիս «անփույթ ու անգրագետ» լրագրողները: Իհարկե համապատասխան կրթությունից զուրկ լինելուց: Ճիշտ է, չեմ ժխտում, որ կան բացառություններ, սակայն դրանք շատ չնչին մասն են կազմում:
Հեշտ է հարյուրավոր դրականի մեջ բացասականը տեսնելն ու մատնանշելը, բայց ինչպես նկատում եմ` բարդ է բացասականի էությունը հասկանալը:
Լրագրողը գիտի իր գործի, ոչ-ոչ, կներեք, ոչ թե գործի, այլ ապրելակերպի նրբությունները: Իսկ ուղղակի «լրագրողական գործով» զբաղվողը միշտ էլ բազմաթիվ սխալներ թույլ կտա:
Եկեք չշփոթենք մաքրագիրը սևագրի հետ:
Եկեք մի «արշինով» չչափենք լրագրողին լուր «սևագրողի» հետ: