Քանդակի սիմպոզիում. «Մեր պապերի սխրանքը»

Մայիսի 2-ին Ապարան քաղաքում մեկնարկեց քանդակագործության առաջին միջազգային սիմպոզիումը՝ «Մեր պապերի սխրանքը» խորագրով, որը համընկավ հայ ժողովրդի համար շատ կարևոր իրադարձության՝ «Թավշյա հեղափոխության» հետ: Սիմպոզիումի հրապարակը, որ գտնվում է Վերածնունդ հուշահամալիրի տարածքում, կարծես ազդարարեց հայ ժողովրդի վերածնունդը:
Լուսնկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսնկարը՝ Հեղինե Ենոքյանի

13 քանդակագործներ Հայաստանից, Արցախից, Իտալիայից, Ճապոնիայից, Բելգիայից, Բելառուսից և Հնդկաստանից քսան օր շարունակ, չնայած եղանակային դժվար պայմաններին, աշխատեցին և մայիսի 20-ին քանդակները ներկայացրին արվեստասեր հասարակությանը: Սիմպոզիումը գլխավորեց և անձնիվիրաբար իր ամբողջ ժամանակն ու ջանքերը ներդրեց ճանաչված հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսը։

Լուսնկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսնկարը՝ Հեղինե Ենոքյանի

Երբ քարերը արդեն պատրաստ էին «մարտի», Հնդկաստանը ներկայացնող քանդակագործ Կանտա Կիշորեն, ոգեշնչված Թավշյա հեղափոխության հաղթանակից, առաջինը գործի անցավ և պատկերեց հեղափոխությունից ստացած իր տպավորությունները: Ուժը և էներգիան մեկ կետից սկզբնավորվելով, բարձրանում է վերև և վերջանում ևս մեկ կետով: Վերևում գտնվում են հնդկական ուժի և էներգիայի սիմվոլները:

Իտալացի քանդակագործ, Կարրարայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Մասսիմո Լիպպին կյանքում առաջին անգամ մեծ սիրտ է քանդակել:

-Դուք չեք պատկերացնում՝ ինչքան երջանիկ է իմ սիրտը: Փորձեցի քանդակել մի մեծ սիրտ քարից, որ օրհնված է երկնքից և պաշտպանված Արարատով:

Լուսնկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսնկարը՝ Հեղինե Ենոքյանի

Կենտրոնում կա մի հրեշտակ, որի վզից խաչ է կախված: Հրեշտակները խաչեր չեն կրում, բայց Մասսիմոյի հրեշտակը հայկական խաչ է կրում: Այստեղից այս սիրտը ամբողջ աշխարհով մեկ կտարածի մեր ուղերձը՝ որ ժողովուրդները հավատարիմ մնան իրենց մշակույթին:

Վիգեն Ավետիսը քանդակել է Արև, Սուրբ Հոգի: Նա նշում է, որ պատահական չէ, որ սիմպոզիումը համընկավ Հայաստանի համար պատմական այս օրերին:

-Այս հաղթանակը Աստծո կամքն էր, մենք երկնքից, Աստծուց ստացանք ուղերձ և հիմա պիտի տեր կանգնենք մեր հաղթանակին:

Զարզանդ Շահինյանը ներկայացնում է Ապարանը: Նրա քանդակը պատկերում է աղոթող կնոջ: Մինչ տղամարդիկ կենաց ու մահու պայքար են մղել թշնամու դեմ, կանայք աղոթել են գիշերուզօր, քաջալերել իրենց եղբայրներին, ամուսիններին ու հայրերին:

Ճապոնացի քանդակագործ Կումիկո Սուզուկին քանդակել է Արա Գեղեցիկին: Քանդակելիս ոգեշնչվել է Ապարանից երևացող Արա լեռան տեսարանից:

Սպարտակ Հարությունյանի քանդակը կոչվում է «Հաղթանակած զինվորի ծնունդը»:

Մասսիմո Լիպպիի որդին՝ Քրիստոֆորո Լիպպին, պայքարող, չհանձնվող զինվորի է պատկերել: Նա ասաց, որ շատ ուրախ է պատմական այս օրերին Հայաստանում գտնվելու և հեղափոխությանը ականատես լինելու համար:

Լուսնկարը՝ Հեղինե Ենոքյանի

Լուսնկարը՝ Հեղինե Ենոքյանի

Դիզայներ, քանդակագործ Արման Նուռը ևս սիպոզիումի մասնակիցներից է:

-Մենք բոլորս շատ ոգեշնչված ենք, որ դարձանք մի փոքրիկ, շատ չնչին մասը այս ճակատամարտի, քանի որ քսան օր շարունակ քարի հետ ճակատամարդ տվեցինք: Մենք լինելով տարբեր ազգերի ներկայացուցիչներ, տարբեր միջավայրի մարդիկ, կարողացանք միավորվել մեկ գաղափարի շուրջ, ունենալով մեկ նպատակ և իրար ուժ տալով աշխատեցինք:

Այս բոլոր օրերի ընթացքում սիմպոզիումի հրապարակը վերածվել էր ամենատարբեր մշակույթների, ամենատարբեր քաղաքակրթությունների հանդիպման վայրի, որտեղ բոլորին միավորել է մեկ նպատակ՝ Բաշ-Ապարանի հաղթական հերոսամարտի 100-ամյակը:

Ապարանով անցնելիս կարող եք կանգ առնել քանդակների պուրակի մոտ և վայելել նրանցից եկող դրական լիցքերը և էներգետիկան ու շարունակել ճանապարհը: