Մի օր Կոթիում սովորական, բայց անսովոր, լուսավոր, բայց մառախլապատ օր էր: Դե, Կոթիում ամեն օրը յուրօրինակ է, տարբերվող մեկը մյուսից: Բայց այս օրը տարբերվեց մի իրադարձությամբ: Կոթի գյուղը այս անգամ պատվել էր շատ խիտ մառախուղի շերտով: Այս անգամվա մառախուղը բնության ձեռքի գործը չէր, այլ թշնամու արյունոտ ձեռքի անշնորհք հետևանքը: Հրդեհել էին գյուղի հացահատիկի ցանքատարածությունները: Կրակը շատ արագ էր տարածվում դաշտում. դրան նպաստում էր նաև քամին: Նայելով այդ ամենին՝ մտածում էինք, որ շատ հեշտությամբ կարող է հասնել մեր բնակավայրերին:
Թշնամին ամեն անգամ մտածում է, թե ինչպես վնաս պատճառի սահմանում ապրող խաղաղ բնակչությանը: Այս անգամ այդ վնասը դրսևորվեց այս կերպ: Կրակը այնքան դաժանաբար էր այրում իր ճանապարհին հայտնվող ամեն բան. թփերը, չորացած խոտը, ծառերի ճյուղերը. չէի կարողանում հանդուրժել այդ վառ գունավորումը: Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ համար եմ ասում սովորական, բայց անսովոր: Սովորական էր միջավայրով, առօրյայով, բայց անսովոր էր տիրող իրավիճակը, ծխացող դաշտերը, անտառի վառվող փեշերը: Կոթին լուսավորվել էր թշնամական լույսով:
Կրակը շատ արագ էր տարածվում. անգամ հասել էր մեր սահմանային դիրքերին, բայց դե բոլորս էլ հասկանում ենք, որ ադրբեջանական դիրքերի դիմաց կրակը հանգցնել հնարավոր չէր, վտագնավոր էր:
Հեռվից նայում էինք, անզոր էինք ինչ-որ բան անելու: Սպասում էինք, թե ինչ կլնի. զայրացած էին բոլորը։
Անցավ մի քանի ժամ: Օգնության հասավ կարծես բնությունը. քամին հանդարտվեց և աստիճանաբար մարում էր կրակը:
Ի՞նչ անի գյուղացին, որ բոլոր միջոցները ներդնելով, այդ ամենի հետ մեկ տեղ իր կյանքը վտանգելով, մշակում է այդ տարածքները, որպեսզի գոնե չնչին օգուտ ստանա, որով պահի իրեն և իր ընտանիքը: Անում են ամեն ինչ, սակայն չի հասունանում դրա բարիքները վայելելու ժամը: Այս անգամ էլ սահմանի վրա մնացել են հեկտարներով չհնձված արտեր՝ մարդկանց վերջին հույսը, որը մարում է այդ ամենից հետո: Շատերն այսօր չեն մշակում այլևս: Նաև հիշում են, թե ինչպես էին Սովխոզի ժամանակ դասերից հետո արտադրական պարտադիր ջոկատներ կազմում ու գնում այդ նույն դաշտերից հնձած հացահատիկը պահեստավորելու: «Ամեն ինչ էլ անում էինք, բայց դե հիմա ուրիշ ա»,- սրտնեղում են կոթեցիները: