Ծիծեռնակները վերադարձել են

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Ահա նորից գարուն է: Ինչպես գիտենք, գարնան ավետաբեր թռչուններից են նաև ծիծեռնակները, որոնք իրենց բույնը հյուսում են մարդկանց տան վրա: Մեր տան վրա նույնպես ծիծեռնակները բույն են հյուսում: 

Ծիծեռնակները իմ ընկերներն են: Արդեն քանի տարի է, ինչ ծիծեռնակները իրենց բույնը հյուսում են այդտեղ: Նրանք ամեն գարուն պարտաճանաչ գալիս են մեզ հյուր: Դե, այս տարի մի քիչ ուշացան, բայց ես վստահ էի, որ նրանք կգան: Այսօր էլ արթնացա նրանց ձայնից: Վազեցի դուրս և տեսա նրանց: Նրանք այս կողմ այն կողմ էին թռչում: Իրենց բույնն էին վերանորոգում: Անցած տարի էլ եկան: Փոքրիկ ձագուկներ ունեցան: Ես ամեն օր հետևում էի նրանց: Հայր և մայր ծիծեռնակները դուրս էին գալիս բնից և ձագուկներին թողնում մենակ: Ձագուկները սպասում էին, և երբ հայրը կամ մայրը վերադառնում էին, նրանք սկսում էին «ծվծվալ»: Հետո ծնողը տալիս էր իր կտուցի ուտելիքը ինչ-որ մեկին և կրկին հեռանում սնունդ բերելու: Եվ այդպես ամեն օր… Հետո նրանք թռչել սովորեցին: Այլևս չէին տեղավորվում բնի մեջ: Եվ մի օր էլ ես արթնացա և տեսա, որ նրանք արդեն հեռացել են: Մի փոքր տխրեցի… Բայց հաստատ գիտեի… էլի կվերադառնան….

Եվ հիմա նրանք նորից վերադարձել են…