Տիգրան Մամյանի բոլոր հրապարակումները

tigran mamyan

ԹԵ Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ԿՈԹԻ ԳՅՈՒՂԻ ՀԵՏԱԳԱ ԿՅԱՆՔԸ

Ես մեկնելու եմ զինվորական ծառայության, մեկ տարի է մնացել: Համոզված եմ, որ ինձ համար ավելի հեշտ է լինելու ծառայել  հայրենիքիս, քանի որ ապրելով սահմանամերձ գյուղում` Կոթիում, ականտես եմ լինում պատերազմական իրադրության, երբ ամեն անսպասելի պահի կարող են հնչել ճակատագրական կրակոցներ:

Պատմեմ մի դեպք, որը կատարվել է ինձ հետ: Ինչպես միշտ, մենք ընկերներով դուրս էինք եկել զրուցելու, պատմելու, թե ինչ նորություններ կան: Ընկերոջս պատմությունները լսելու ժամանակ լսվեց բարձր կրակոցի ձայն, բայց ուշադրություն չդարձրեցինք: Ընկերս սկսեց պատմել պատմության շարունակությունը, բայց այս անգամ լսվեցին ավելի բարձր ռմբակոծության ձայներ: Սկսվեց խուճապ: Այդ պահին նկատեցի, թե ինչպես բազում տներ անջատեցին իրենց տան լույսերը, որպեսզի թշնամին այդ լույսերը չօգտագործի դիպուկ ռմբակոծության համար: Մենք ինքներս շտապում էինք ապահով վայր՝ թշնամու գնդակներից խուսափելու համար: Զանգում էին  մեր ծնողները, հարցնելու՝  ո՞ւր ենք, արդյոք ապահո՞վ ենք, գնանք տուն արագ: Մենք բոլորս շտապում էինք հասնել տուն, լինել ընտանիքի անդամների հետ: Դա առաջին կրակոցներն էին, որոնք հնչեցին սեպտեմբերի երկուսի գիշերը, ժամը չեմ կարող հիշել:
Լավ, պատմեմ շարունակությունը: Տանն ինձ խրատում էին, թե ինչի եմ այդ ժամին դրսում: Ծնողներս անգամ ասում էին, որ այլևս դուրս չեմ գալու գիշերային ժամերին:
Այդ գիշերն անհանգիստ անցավ: Ուզում էի ժամ առաջ իմանալ, թե ի՞նչ վնասներ է եղել գյուղում, ի՞նչ է եղել ընդհանրապես հարևան գյուղերում, կարելի է ասել, «պատերազմից հետո»:

Մտա սոցիալական ցանցի իմ էջը, գրեցի ընկերոջս՝ Հարութին. «Կրակո՞ւմ են հըլը դրանք ձեր թաղերի վրա, ի՞նչ ա էլել, բան-ման չի՞ եղել, ի՞նչ գիդես»: Ընկերս չգիտեր կոնկրետ տեղեկություն: Նաև գրեցի Ոսկևանի, Բաղանիսի ընկերներիս նորությունների համար, գրեցի Բաղանիսից Դերենիկին, ասաց, որ կրակում են դեռ, բայց չգիտեմ ինչ  ա եղել դրա հետևանքով: Ասացի. «Նորությունների դեպքում կտեղեկացնես»:

Առավոտյան բոլոր գյուղացիները խոսում էին գիշերվա տիրած իրավիճակի հետևանքների մասին: Ծնողներս որոշել էին, որ ինձ ուղարկեն մեր գյուղի սարը: Սարում ավելի ապահով է: Բայց ես չէի ուզում գնալ սար: Տիրող իրավիճակից չէի ցանկանում թողնել գյուղս, ծնողներիս, հարազատներիս, բայց ստիպված էի գնալ:
Ինչպես ասացի, գնացի մեր գյուղի սարը, որտեղ ապրում էին պապիկս ու տատիկս: Երբ ինձ տեսան, շատ էին զարմացել: Կարոտել էի տատիկիս ու պապիկիս. փաթաթվեցինք, ողջագուրվեցինք, նստեցինք սեղանի մոտ: Վառած էր ճրագը, պատրաստվում էինք ճաշելու: Հարցրեցին, թե ինչպե՞ս է գյուղում, կրակել ե՞ն թուրքերը, ո՞նց ա իրավիճակը: Պատասխանս շատ տխուր էր: Գիշերը սկսել են ռմբակոծելը: Որոշ ժամանակ սարում մնալուց հետո իրավիճակը  հանդարտվել էր, վերադարձա գյուղ: Գյուղում մի քանի օր մնալուց հետո իրավիճակը հանդարտ էր, բայց ինչպես միշտ գիշերը սկսվեցին կրակոցները: Իրավիճակն այնքան բարդացավ, որ հնարավոր չէր մնալ տանը: Մի քանի ընտանիքով գնացինք հարևանի նկուղային հարկը: Շատ անհանգիստ էինք, չգիտեինք, թե ինչ կլինի մեր ճակատագիրը՝ կլուսացնե՞նք արդյոք այդ տանջալից առավոտը:

Սկսեցինք զրուցել: Տան մեծ մայրը հիշում էր անցած-գնացած օրերը, 1990-ական թվերի պատերազմական իրավիճակը ներկայացնում, երբ կրակում էին ավելի խոշոր տրամաչափի զենքերով, անգամ տանկերով ու հրանոթներով: Գյուղում տիրում էր ծանր իրավիճակ: Պատմեց նաև, որ իրենք սահմանում կանգնած գյուղացիներին, զինվորներին ինչով կարողանում էին` մատակարարում էին: Նաև պատմեց նաև, որ այն ժամանակ էլ բազում գյուղացիներ գալիս էին իրենց նկուղում պատսպարվելու: Նկուղը դարձել էր ապաստարան: Բոլորը շատ լարված էին, և տանտերը նկուղում գտնում է հոնի օղին ու բացում:

Տղամարդիկ սկսում են կենաց ասել, խմել բացում են ձմեռվա համար նախատեսված պահածոներն ու ուտում և մի պահ մոռանում, որ կռիվ է:

Այսօր էլ մեր գյուղացիներն օրհնում են Սերյոժա Վերանյանի օջախը, որ այդ ծանր իրավիճակում օգնել են համագյուղացիներին` իրենց հարկի տակ պատսպարելով բազմաթիվ կոթեցիների:

2016/03/25

Կանաչ դաշտը

Լուսանկարը` Տիգրան Մամյանի

Լուսանկարը` Տիգրան Մամյանի

«…Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը: Նա գիտեր բոլոր հովիտների ու բլուրների բույրերը, բայց այս հովտի բույրերն ավելի լավ գիտեր, քանի որ ձիուն այս հովտում հաճախ էին կապում արածելու: Կայծակի հուրն անցողիկ էր, արևի տակ, ցողի հետ հիմա պիտի ցնդեր: Ուրցի բույրը նույնպես այս հովտի բույրը չէր, ուրցի բույրը քամին էր նետել բլուրներից հովիտ: Ձին արածում էր և ոչխարի թաց բրդի հոտ էր զգում: Ձին մտածում էր, որ բլուրների մյուս երեսին ոչխարներ են արածում, ուրեմն նաև գամփռ շներ կան: Բլուրների մյուս երեսին ոչխարներ էին արածում, հովտի թաց խոտը համեղ է, առվի ջուրը համեղ է,- մտածում էր պառավ ձին,- արևը ջերմացնում է, և քուռակը խրտնում ու մեծանում է հովտի ջերմ բարության մեջ»:

«Կանաչ դաշտը»

Հրանտ Մաթևոսյան

Գյուղամեջ

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Գարնանային արևոտ օր էր: Ես որոշեցի մի փոքր մարզումներիցս զատ վազել։ Ստացվեց այնպես, որ ճանապարհս անցնում էր գյուղամիջով։

Տաք եղանակը նպաստել էր նրան, որ գյուղի հոգսերից թեթևանալ ցանկացող գյուղի մեծահասակները հավաքվել էին իրենց համար հատկացված հավաքատեղիում, այսպես կոչվող կանգառում: Զրուցում էին տարբեր թեմաներից. քաղաքական հարցերից մինչև գյուղատնեսական խնդիրներ, լրատվական ծրագրերից մինչև համացանցային նորություններ և այլ հարցեր: Ոմանք էլ թղթախաղ էին խաղում, իսկ ամենատարեցները ոգևորությամբ հիշում էին հին ու լավ օրերը։

Այդ պահին շատ ուրախացա նրանց ակտիվությունից, բայց միևնույն պահին խոր ցավ ապրեցի` տեսնելով անբարենպաստ պայմանները, որտեղ հավաքվել էին նրանք։ Չնայած ես դուրս էի եկել վազելու մտադրությամբ, սակայն այդ ամենը ինձ այնքան հետաքրքրեց, որ որոշեցի մոտենալ նրանց և լսել նրանց զրույցը։

Մոտեցա, բարևեցի և լուռ նստեցի նրանց կողքին:

Այս անգամ հավաքատեղիում հյուր էին ընդունել: Ես առաջին անգամ էի տեսնում այդ տարեց մարդուն, բայց մի փոքր ժամանակ անց պարզեցի, որ հարևան գյուղից էր` Բարեկամավանից:

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Ինչպես արդեն ասել էի, նրանց զրույցները բազմազան են: Այս անգամ խոսակցության թեման մեր գյուղի Կոթի անվան մասին էր: Թե ինչու են գյուղը կոչել Կոթի, պատմում էր մեր գյուղացի Բագրատը։

-Անվանումը ստացել ա դեռ հին ժամանակներից: Ասըմ են, թե մարդիկ ըստի կետնափոր տներըմ են ապրելիս ելել, հետո կրակն էլ տան կես տեղն են վառելիս ըլմ, որ տըքանան, բայց դե ծոխը դուս գալու տեղ չի ունեցել: Հետո տեհել են, որ փուչ ծառեր կա, ծառերի էդ կոթը դրել են տնակների ծխնելույզի տեղը, որ ծուխը լավ քաշե: Տենց էլ անվանում ա ստացել` Կոթի:

Հետո սկսեցին բանավիճել, չհամաձայնել, ամեն մեկն իր տարբերակն էր առաջ քաշում:

Մեր գյուղի «շուլուղչի» (կատակասեր) Սուրենն էլ էր հավաքատեղիում: Նրա հումորները անսպառ են, այս անգամ էլ պատմում էր մի պատմություն։

-Մեր էս Սիմոնը րիգունը լավ խմած գնըմ ա, որ հըվանոցի դուռը փագե, փագըմ ա, դու մի ասա, աղվեսն էլ մըջին ա ըլըմ, նկատըմ չի: Ետա տենց դուռ փագըմ ա, աղվեսը սաղ քշեր քեֆ ա անըմ: Ռավոդ արդեն օյաղ գնամ ա, որ հավերին դուս անե, աղվեսը կերած-խմած դուս ա թռչըմ: Ենա վազ ա տալի` հրացան բերե, որ սպանե, մի հատ կրակըմ ա, տալի հավերի ջրամանը տրքացնըմ: Երկրորդն էլ, որ կրակըմ ա, աղվեսի փորին տալիս ա, բլբուլնին սաղ օդն ա բրձրանըմ: Տենց հավերը սաղ վարի ա գնըմ:

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Էն մեր հարևան գյուղացին էլ պատմությունը լսելով կատակով ասում էր.

-Մենք հավին մորթըմ ենք էն վախտ, երբ կամ հավն ա հիվանդ ըլըմ, կամ էլ մենք ենք հիվանդ ըլըմ։

Նստելով նրանց կողքին, լսելով նրանց ուրախ պատմությունները, բայց միաժամանակ տեսնելով անբարենպաստ պայմանները, որտեղ անց են կացնում իրեն ազատ ժամանակը,շատ տխրեցի: Հավաքատեղին լուրջ վերանորոգման կարիք ունի։ Ես շատ կցանկանայի, որ վերանորոգվեր, բարեկարգվեր, նոր ու գեղեցիկ նստարաններ դրվեին: Գյուղի մեծերը զբաղմունք չունեն, եթե գոնե մի փոքրիկ ու հարմարավետ սենյակ լիներ, ցուրտ օրերին էլ կարող էին իրար տեսնել, զրուցել, ժամանակ անցկացնել: Իսկ հիմա միայն հանդիպում են տաք եղանակին։

Ի՞նչ եք կարծում, արժանի չե՞ն սահմանում ապրող մարդիկ այդ չնչին թվացող օգնությանը։

tigran mamyan

Ծխացող դաշտը

Մի օր Կոթիում սովորական, բայց անսովոր, լուսավոր, բայց մառախլապատ օր էր: Դե, Կոթիում ամեն օրը յուրօրինակ է, տարբերվող մեկը մյուսից: Բայց այս օրը տարբերվեց մի իրադարձությամբ: Կոթի գյուղը այս անգամ պատվել էր շատ խիտ մառախուղի  շերտով: Այս անգամվա մառախուղը բնության  ձեռքի գործը չէր, այլ թշնամու արյունոտ ձեռքի անշնորհք հետևանքը: Հրդեհել  էին  գյուղի հացահատիկի ցանքատարածությունները: Կրակը  շատ արագ էր տարածվում դաշտում.  դրան  նպաստում  էր  նաև քամին: Նայելով այդ ամենին՝ մտածում էինք, որ  շատ հեշտությամբ  կարող է հասնել մեր բնակավայրերին: 

Թշնամին ամեն անգամ մտածում է, թե ինչպես վնաս  պատճառի  սահմանում ապրող  խաղաղ բնակչությանը: Այս անգամ այդ վնասը  դրսևորվեց այս կերպ: Կրակը այնքան  դաժանաբար  էր այրում իր ճանապարհին հայտնվող ամեն բան. թփերը, չորացած խոտը, ծառերի ճյուղերը. չէի կարողանում հանդուրժել այդ վառ գունավորումը: Ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ համար եմ ասում սովորական, բայց անսովոր: Սովորական էր միջավայրով, առօրյայով, բայց անսովոր էր տիրող իրավիճակը, ծխացող դաշտերը, անտառի վառվող փեշերը: Կոթին լուսավորվել էր թշնամական լույսով:

Կրակը շատ արագ էր տարածվում. անգամ հասել էր  մեր սահմանային դիրքերին, բայց դե բոլորս էլ հասկանում ենք, որ ադրբեջանական դիրքերի դիմաց կրակը հանգցնել հնարավոր չէր, վտագնավոր էր:

Հեռվից նայում էինք, անզոր էինք ինչ-որ բան անելու: Սպասում էինք, թե ինչ կլնի. զայրացած էին բոլորը։

Անցավ մի քանի ժամ: Օգնության հասավ կարծես բնությունը. քամին հանդարտվեց և աստիճանաբար մարում էր կրակը:

Ի՞նչ անի գյուղացին, որ բոլոր միջոցները ներդնելով, այդ ամենի հետ մեկ տեղ իր կյանքը վտանգելով, մշակում է այդ տարածքները, որպեսզի գոնե չնչին օգուտ ստանա, որով պահի իրեն և իր ընտանիքը: Անում  են ամեն ինչ, սակայն չի հասունանում դրա բարիքները վայելելու ժամը: Այս անգամ էլ սահմանի վրա մնացել են հեկտարներով չհնձված արտեր՝ մարդկանց վերջին հույսը, որը մարում է այդ ամենից հետո: Շատերն այսօր չեն մշակում այլևս: Նաև  հիշում են,  թե ինչպես էին Սովխոզի ժամանակ դասերից հետո արտադրական պարտադիր ջոկատներ կազմում ու գնում  այդ նույն դաշտերից հնձած հացահատիկը պահեստավորելու: «Ամեն ինչ էլ անում էինք, բայց դե հիմա ուրիշ ա»,- սրտնեղում են կոթեցիները:

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Տխուր հիշողություններ պատերազմի տարիներից

Մեր` Կոթի գյուղում շատ ապաստարաններ կան կառուցված կրակոցներից պատսպարվելու համար: Սակայն ուզում եմ առանձնացնել այդքան կառուցված ապաստարաններից մեկի պատմությունը: Դրա համար էլ որոշեցի զրուցել Լաուրա Վերանյանի հետ, որը ականատես է եղել ապաստարանի կառուցմանը: 

-Մի փոքր կպատմե՞ք, թե ինչպես կառուցեցիք ապաստարանը:

-Սկզբից ասեմ, էս ապաստարանի սարքելու ծրագիրը Ղարաբաղյան շարժումն էր, որ ելավ՝ կռիվը սկսեց: Մեր Արմինեն մի դասատու ուներ՝ Ճաղարյան Բաբկեն, իրանց դասղեկն էր: Ինչ-որ գործով եկավ մեր դուռը և հլիվորի (ամուսնուս) հետ զրից արավ, ըժու ասավ` Ղարաբաղըմը սենց-սենց բաներ են սարքըմ, ձեր ես հողը լավ հարմար ա ըթավուր բան (ապաստարան) սարքելու համար: Նորիկը ասավ` բի այ սենց սարքենք: Ինքն էլ գծագիրը գծեց ու ասավ.

-Սենց «խոդնի» գնալ տիս, հետո սենց «պավարոտ» տիս տալ, որ գյուլեն գա` անցքը էս կողմից գնա, էն կողմից մտնու, որ հակառակ դեպքում, եթե կրակոց լինի, «ասկոլկեն» ներս չմտնի, հողում մնա:

Էդ ծրագիրը քաշեց էդ մարդը: Էս մեր հլիվորն էլ թաղ ու թառակին վհաքեց: Մի հատ Մամաջանյան Հրաչիկ ունեինք, մեր հրևանն էր:  Հրաչկին կանչեց, ասավ.

-Հրաչի՛կ, արի լա տենունք` ի՞նչ ենք անըմ: Էս թաղ ու թառակի հըմար մի բան ծրագրավորենք, մի բան շինենք, թե չէ` էս կրակոցի տակին րախեքը չիմ վարի կգնան:

Էնա ետ մարդը եկավ, ասավ.

-Նորիկ, ի՞նչ տինք անիլ, ո՞նց տինք անիլ:

Ասավ.

-Բաբկենը ասել ա` սենց կանեք:

-Ուզեինք` մեր էս տան կողքին շինենք:

Նորիկը ասավ.

-Չէ, ճիշտ չի, բալի վախտ ա ըլմա, ես մեր տանը չեմ ըլըմ, օրինակ, էդ կրակոցը սկսվըմ ա, թաղը գա` իմ վառոտը փակած, դվո՞րը մեչը մտնու:

Բերինք մեր էտ վառոտի դրսըմը, ճիշտը տենց գտանք, տենց էլ սարքեցինք:

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Ուրեմն, կրակոցի տակին, բալա ջեն, ընդհանուր սաղ թաղ ու թառակի մարդիկ հըվաքվեցին՝ Խաչիկյան Շահվելադը, Խաչիկյան Ռուբիկը, Նորիկն էր, Լեսմանանց Թաբունիցն էին, Հենոն Խաչիկյան, Արմենն էր Խեչկի, Խաչիկյան Ռաֆիկը, Սեփխանյան Բենիկն էր… Ամբողջ թաղով հվաքվեցին, չիմ արդեն գործի մեջ մտան, դաժե զուբիլով, ուրաքով ֆողի մեջը քանդել են, հանել, որ գոնե էտ ապաստարանի գլխին մի 5 մետր էլա հող ըլի, որ եթե կրակոց ըլի, ինչ որ շարժում ըլի, չվնասվի մեջը: Էկան, սկսեցին քանդիլը:  Մեր էս Լեգզոնց Հրաչիկը ուստա մարդ էր, ասավ.

-Նորիկ, բի մեջտեղին ինչ-որ հենասյունի պես մի բան թողենք: Երկու կողմի վրա փորենք, էս կես տեղը հենասյուն մնա, որ չքանդվի ոչ ցնցումից-բանից, ոչ  էլ, Աստված չանե, եթե գլխին մի հատ գրադ դիպչի, գոնե փուլ չգա էտ ֆողը:

Առաջին մասի համար մտածեցին, ասին` ի՞նչ անենք, պոլի տրուբայա պետքը, պատիլ ա պետքը… Բեջանյան Յուրկի տրակտորը վիկալան, էտ ընդհանուր հողը օր-օրի շտանըմ էր… Էս հողը դուս տվին, էն վանքի տակին էլ էին ապաստարան սարքըմ, էտ թաղի մարդիկ եկան  հողը տարան իրանց ապաստարանի գլուխը ածին, էտ էլ տենց սարքեցին: Ճաշին, որ մարդիկ սոված էին, ռավոդը շուտ դուս գեին, գործի մեջ մտնեին, ու  հլիվորս ասավ, թե.

-Էս ժղովուրդը մեղք ա, որ ամեքը իրանց տուն են գնըմ, միչևանը գալիս են, վաքվմ են` ժամանակը անց ա կենըմ: Տղերք,- ասավ,- բերեք ամենքս մի երկու մանեթ վաքենք, մի ոչխար առնունք, մեր էս հարսը ճաշ կշինե, խմիչքն էլ մեր տանից կըլի, մեր տանը «պերերիվ» կանենք: Ըստենել շուտ դուս կգանք, գործի մեջ կմտնունք:

Բերինք, էտ էլ արինք, ճաշը եփեցի:

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Էս մեր թաղի Ռոբկի կնիկը՝ Անուշն էլ եկավ, հետս օգնեց: Մենք էդ գործին էինք, իրանք էլ ապաստարանում գործ անեին, հետո էլ հաց ուտեին ու էլի գործի գնեին: Գնացին տրակտորովն էլ մի հատ տրուբա քաշ տվին պոլի հըմար, աղաքն էլ մեր Արմենը Հրաչկի հետ պատեր, կամար էին սարքել, ագոռ էին քանդել-բերել… Հետո էտ «նաբոռը» գողացել էին անշնորքնին՝ մենք սարըմն էինք:

-Որ դրսից սարքել-վերջացրել էիք, ներսը ի՞նչ էիք սարքում,- հարցրեցի ես:

-Մեջը հիմնականում կիրկով էին քանդում-սարքում: Անգամ հիշում եմ, դեռ չէին պրծել սարքելը, առաջը պատըմ էին, էդ բեմուրազնին սկսեցին կրակիլը:

-Ի՞նչ զենքից էին կրակում: 

-Գրադով էին կրակում: Հա մեկ էլ հիշըմ եմ, որ լագանի միջին ցեխը արած պատրաստ, քարն էլ մի ղրաղիցը բերած, պատողնին էլ մեկը` Լեգզոնց Հրաչիկն էր, մինն էլ մեր Արմենն էր: էնա լե, մի մալա ցեխ ա ածըմ, լե քարը վրին ա դնըմ, նրանք ընդեն տալիս են: Մենք վազ տալով մեջն ենք դառնըմ: Էդ օրով մի կերպ պատեցին, պրծանք:  Էնա, որ տեհանք էլ հնար չկա, մեր էս հլիվորը գնաց երկու հատ հաշանի տուկ բերուց, գեդնին փռեց, որ ես թաղու թառակի րախեքը գոնե շորը քցեն, քշերը մըջին մնան: Մի կերպ էդ գիշերը լուսացրին` առանց լույսի, առանց նստարանի, առանց փեչի:

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

-Բա հաջորդ օրը ի՞նչ արեցիք, ի՞նչ տարաք ապաստարանի մեջ:

-Հա, տանիցը թախտ, սեղան, աթոռ, փեջ, աման, չայնիկ տարանք-դրինք, արդեն ամեն ինչ էլ կար մըջին: Հա, փողոցից էլեկտրական լույս քաշեցինք: Բենիկի տղեն էր քաշողը: Հրայրը լարերով քաշել էր, միառժամանակ տենց յոլա գնացինք: Նոր տարուն էլ մագնիտոֆոն էինք տարել-միացրել, տոնածառ էլ էինք տարել-սարքել, ինչ որ պետքն ա` մրգերից հետ տարել էինք ընդի, մեր Նոր տարին էլ ապաստարանի միջին էինք անցկացրել: Րախեքն էլ մի քիչ շախ-շուխ արին, պար գեին, մթամ մեր վենձերի սիրտը շահեն… էդ մի օրն էլ տենց անցավ: Բայց էդ լուսավորությունը երկար չտևեց:

Դե, որ շատ վատ էր իրավիճակը, էլեկտրական լույսը կտրեցին:

-Բա ի՞նչ արեցիք այդ ժամանակ:

-Տանից ճրագ էինք տարել, մոմ էինք տարել, տենց էլ լուսավորեցինք մեջը:

-Ապաստարանում ամենաշատը քանի՞ ժամ եք մնացել: 

-Դե, ընենց ա եղել, որ մինչև 12 ժամ ապաստարանում ենք մնացել:

-Շատ մարդիկ կայի՞ն ապաստարանում: 

-Դե, կռվի ժամանակ մարդկանց քանակը հասելա 30-40-ի:

-Այդքան մարդիկ ինչպե՞ս են տեղավորվել: 

-Մի կերպ, միջանցքըմն էին կանգնում, էնքան` կրակոցից ապահով լինի:

-Իսկ այդ մարդկանց ի՞նչ էիք հյուրասիրում:

-Էդ ժամանակ հարևաններն էլ ինչ կարողանում էին, բերում էին: Ես էլ ինչն էր շատ բաղըմը՝ խնձորի ծառերը լավ բռնել էին, ամեն րիգու մի վեդրո խնձոր բերեի` ուտեինք, ով` կանգնած, ով` նստած: Թախտի վրա էլ տանեինք, տեղաշոր բան դնեինք: Տեղ էինք սարքում մեծերի ու փոքրերի համար, իրանք պառկըմ էին:

-Բա դուք ի՞նչ էիք անում: 

-Դե, մենք էլ նստարաններին, աթոռներին նստեինք: Օր էր, քշեր էր` անցկացնեինք ննջալով: Արթուն էնքան էինք մնացել, որ առավոտ չէինք էլ տեսել, թե ոնց ենք քնել: Սաղ գնում էին իրանց գործերին: Շատ վախտ էլ ըլեր, որ մենք արթուն էինք մնում, տանիցը կարտոշկա բերեինք, խրովըմ էինք, երեխեքին էլ էինք տալիս, մենք էլ էինք ուտում:

-Իսկ ի՞նչ որ հետաքրքիր կամ ուրախ պատմություն չե՞ք հիշում ապաստարանային կյանքից, եթե կան, կպատմե՞ք դրանցից մեկը:

-Հիշում եմ: Մեկի տեղը երեքն էլ կպատմեմ:

Հիշում եմ, մի անգամ, խմորը հունցած տարել էին ապաստարան, թախտի վրա դրած , փեչը վառած էր, իմ փոքր աղջիկն էլ համ գնդում էր, համ էլ թխում փեչի վրա: Աղջիկս փեջի վրա հացը թխելիս, որ շատ դես-դեն տանելիս ա ըլմ, էս մեր հարևաններից մինը ասըմ ա.

-Աղջիկ ջեն, սենց մի անիլ, նհենց մի անիլ, ես մեր Հեղուշն էլ եդ ա դառնմ, ասըմ. «Հմի էս աղջիկը ձեր ասածը անե, թե՞ իրա իմացածը»:

Այ, տենց էլ հացը թխեինք, տաք-տաք հաց ու պանրով դումբրակ անեինք, ուտեինք:

Այ տենց պատմություներ ա եղել ապաստարանի հետ կապված` համ ուրախ, համ էլ տխուր:

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

-Իսկ ի՞նչ էիք մտածում ապաստարանում անցկացրած ժամանակ: 

-Մտածում էինք, թե` Աստված ջան, կգա՞ մի օր, որ էս պատերազմը վերջանա: էդ օրն էլ եկավ, բայց պատերազմի հետևանքները միչև հիմա էլ հիշում ենք: Շատ մարդիկ պատերազմի ժամանակ մահացան, շատերն էլ հիվանդություններ ձեռք բերեցին էդ ապրումներից, վախից: Էլ չեմ ասում` նյութական վնասների մասին, մեր պատերի վրա էլ սաղ ասկոլկի տեղեր ա:

Շատ ծանր ժամանակներ էին, որ ամեն օրվա ապրումները գրել էինք տետրի մեջ, հիմա մի գիրք կգրվեր: Էդ ամեն ինչը բառերով նկարագրելը շատ դժվար է: Մի պատմություն պատմեմ:

Մի ֆիլմ նկարող ա լինում: Էդ մարդը ուզում ա բանտարկյալների մասին ֆիլմ նկարի, գնում ա մի բանտարկյալի ասում ա` ուզում եմ ձեր կյանքի միասին մի ֆիլմ նկարեմ, դե պատմի ձեր կյանքից, լսեմ` նկարեմ:

Բանտարկյալը ասում ա.

-Դու մինչև այս կյանքը չապրես, այդ ապրումները, դժվարությունները, կարոտը, դու կարալ չես էս կյանքի մասին ֆիլմ նկարահանես:

Ֆիլմ նկարողը ասում է.

-Պատմե:

Բանտարկյալն էլ պատասխանում է.

-Չեմ կարա, արի հագուստներով փոխվենք, արի` դու իմ փոխարեն նստի, ես էլ դուրս գամ քո փոխարեն:

Էն ինչ ապրումների մեջ ա ընկնում ֆիլմ նկարողը, որ անգամ ինքնասպանության ա դիմում, հետո ասում ա` էս կյանքը աննկարագրելի ա, պետք ա ապրես, որ հասկանաս:

Հիմա ինչքան էլ պատմեմ` մեկ ա, չեք հասկանա:

Մենք էլ տենց ապրեինք, էնքա՜ն էինք մնացել ապաստարանի մեջ, էնքա՜ն բաներ ենք տեսել ապաստարանում նստած… Որ կրակում էին, արդեն գիտեինք, թե ինչ զենքից են կրակում, մերո՞նք են կրակում, թե՞ նրանք:

Լավ եմ հիշում ձմեռն էր՝ ձյուն էր գալիս: Մենք էլ ապաստարանում էինք, հետո զինվորները եկան` սառած, սոված, լրիվ բատինկեքը ձյուն էր: Էդ մարդկանց օգնեցինք, հաց տվեցինք, տաք շորեր հագցրինք, հետո գնացին: Իրանք  մեզ էին պահում, մենք էլ՝ իրենց…

…Արդեն կռիվը վերջացել էր, բարեկամներով հավաքվել էինք տղայիս բանակի քեֆն էինք անում, խորովածը դրսում կրակի վրա, մարդիկ տանը նստած, որ դուրս էի գալիս- տուն էի մտնում, լսեցի, որ սկսել են էլի կրակելը: Էն ա մտա տուն, ասացի.

-Դո՛ւրս եկեք, շուտ արեք:

Բարեկամներն էլ ասում էին.

-Բա չէ, եկել ենք, պետք ա քեֆ աենք, խորոված ուտենք:

Ես էլ բարկացած ասացի.

-Այ մարդ, ամենքդ ձեր փայ խրովածը վիկալեք, գնացեք:

Էն ա, մի կերպ սաղին հանեցի, ես տանը չգիտեմ ինչ էի անում, մեկ էլ տանը խփեցին… Ու ես վիրավորվեցի: Էդ վիճակով գնացի ապաստարան, հարևաններն էլ եկել էին, ասում էին.

-Էս վիրավորվել ես, որ մեզ խորոված չտա՞ս:

Այ տենց ծանր իրավիճակում հումոր էլ էինք անում, ասում-խոսում էինք:  Հետո որ աղջկանց շատ ասեին` խի՞ չես ամուսնանում, խի՞ չես ամուսնանում, հետ դառան ասացին.

-Էս փոսից դուրս տիմ գալ, գնալ ուրշի՞ փոսը:  Էն ա մեր փոսըմը կմնամ էլի,- տենց ասեինք,ծիծաղեինք:

-Այդ ամեն ինչը, կռիվը տեսնելով չէի՞ք  մտածում գյուղից  գնալու մասին:

-Դե ո՞նց գնայինք, մեր ունեցածը ո՞նց թողեինք՝ տուն-տեղը մեր ստեղ էր: Գնացողներին էլ մեղադրելու չէր. էստեղ վտանգավոր էր: Ամեն օր կրակում էին, ծանր ժամանակներ էին, շատերը աշխատանք չլինելու պակասից են գնացել: Ով կարում էր` գնում էր: Ով էլ չէր կարում կամ չէր ուզում՝ մնում էր գյուղում:

-Նման դժվարին կյանքը տեսնելուց հետո ի՞նչ կցանկանաք մարդկանց՝ երիտասարդներին:

-Կցանկանամ առողջություն, կամքի ուժ ու ամենակարևորը՝ խաղաղություն: Նաև կցանկանամ երիտասարդությանը, որ ուր էլ գնան, ոչ մի տեղ իրենք իրենց ոտքը ամուր չեն դնի ուրիշ հողի վրա, ավելի լավ ա` մնան իրենց գյուղում կամ քաղաքում:

Զրույցը գրի առավ Տիգրան Մամյանը

tigran mamyan

Թե ի՞նչ կլինի Կոթի գյուղի հետագա կյանքը