անի հարությունյան /մայիսյան/

Կապտանռնագույն սիրտ

-Անի՛, գնա՛ քնելու:

-Լավ էլի, պա՛պ, կարևոր խաղ ա, Բարսելոնան ա խաղում, պիտի նայեմ:

-Ամոթ ա, ամոթ: Մեծ աղջիկ ես, ի՞նչ ես քեզ տվել էդ ֆուտբոլին…

Երևի շատ ֆուտբոլասեր աղջիկների ծանոթ խոսակցություն է: Իհարկե, ամեն ինչ էլ ավելի դժվար է, երբ տանը միայն դու ես հետաքրքրվում ֆուտբոլով: Ինչ արած, այս դեպքում ավելի շատ համառություն է պահանջվում, և հենց դրա շնորհիվ էլ որոշ ժամանակ հետո խոսակցությունը փոխվեց.

-Անի՛, գնա քնելու:

-Պա՛պ, Բարսան ա խաղում:

-Հա՜, լավ, լավ: Դե, ես գնացի քնելու:

Ֆուտբոլ… Ինչքա՜ն սեր ու հույզեր կան թաքնված այս մեկ բառի մեջ: Ինչքա՜ն կյանք կա շատերի համար հասարակ թվացող այս խաղի մեջ: Երջանիկ եմ, որ արդեն չորս տարուց ավելի է՝ ֆուտբոլն ու աշխարհի լավագույն ակումբներից մեկը (եթե ոչ` լավագույնը)` Բարսելոնան, դարձել են իմ կյանքի ու առօրյայի մի մասը:

Չեք հավատա, բայց ֆուտբոլն ամբողջովին փոխեց իմ կյանքը, մտածելակերպը, տվեց ինձ ընկերներ, առանց որոնց, երևի թե, իմ կյանքում մի դատարկ տեղ կլիներ:
Շատերի համար տարօրինակ է՝ ինչպե՞ս կարելի է այդ հասարակ խաղն այդքան սիրել, տարվել դրանով ու անգամ հասնել ֆանատիզմի: Բայց ինչպես բացատրեմ` ինչ է ֆուտբոլը: Եթե դուք երբեք չեք տեսել պարտություն, հիասթափություն ամենակարևոր խաղում, չեք ցնծացել ձեր սիրելի թիմի հետ, ամեն խփած գոլի, ամեն հաղթած գավաթի համար, եթե երբեք չեք տխրել ձեր սիրելի ֆուտբոլիստի վնասվածք ստանալու համար, այո՛, դուք չեք հասկանա մեզ, քանի դեռ չեք սիրում այնպես, ինչպես մենք: Մարդիկ ասում են՝ անպատասխան սերը ցավոտ է: Բայց ես սիրում եմ, սիրում եմ անպատասխան, ու գիտակցելով, որ երբեք պատասխան չեմ ստանա, իմ սերն ավելի է մեծանում դեպի ֆուտբոլն ու իմ Բարսելոնան: Բարսելոնա, ավելին, քան ակումբ: Այս թիմն ինձ սովորեցրեց երբեք չհանձնվել, հպարտությամբ նայել պարտության աչքերին ու վստահ քայլել դեպի նոր հաղթանակներ: Ես ապրել ու մեծացել եմ թիմի հետ, փոխվել ու հասունացել, ու ինձ հարուստ եմ զգում այն անքուն գիշերներով, որ անցկացրել եմ իմ ակումբի խաղերը դիտելիս, հաղթանակի ու պարտության արցունքներով, իմ ապրումներով, հույզերով ու զգացումներով: Գուցե իմ գիտելիքները կատարյալ չեն Բարսելոնայի պատմության մասին, բայց մի բանում վստահ եմ՝ սիրում եմ ու շարունակելու եմ սիրել իմ ակումբը, լինել նրա կողքին անկախ ամեն ինչից, պաշտպանել ցանկացած պարագայում ու երբեք չդավաճանել:

Եվ ինչպես սիրում եմ միշտ ասել. «Մենք Բարսելոնան ենք, մենք միշտ վերադառնում ենք և ունենք հույս, որը վերածվելու է ՓԱՌՔԻ»: