Արարչագործության հրաշքը Աստծո մենաշնորհն է: Բայց Աստված այնքան սիրեց մարդուն, որ նրան ևս տվեց ստեղծելու, արարելու շնորհը։
Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնում գարնանամուտի մեկնարկը տրվեց մարտի 3-ին «Կին, արվեստ, տոն» խորագրով ժողովրդական վարպետների ցուցահանդեսով:
Արվեստի գործեր ստեղծում են բոլորը, սակայն կնոջ ստեղծածը աչքի է ընկնում իր նրբագեղությամբ, կնոջը հատուկ բծախնդրությամբ և խորաթափանցությամբ։
Ներկայացված ցուցահանդեսը իր մեջ ներառում է դեկորատիվ-կիրառական արվեստի, խեցեգործության, կարպետագործության, ասեղնագործության, արծաթագործության նմուշներ, հուշանվերներ` նախատեսված կանանց համար։
Ցուցահանդեսի մասնակիցներից Նարինե Գևորգյանը մեկ տարի է, ինչ ժողովրդական վարպետի կոչում է ստացել և արդեն ունեցել է վեց ցուցահանդես։ «Ես անում եմ այն, ինչ-որ չկա, գոյություն չունի։ Եթե գոյություն ունի, դա ինձ արդեն չի հետաքրքրում»։
Գաղտնիք չէ, որ երաժշտությունը կարող է ոգեշնչել մարդուն, արարելու ոգի տալ։ Եվ ես տեսա կակաչներով կոլաժ, որը ստեղծելիս հեղինակը ոգեշնչվել է «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգից:
Նարինեն առաջիկայում ծրագրում է ևս մեկ անհատական ցուցահանդես, որտեղ ընդգրկված կլինեն բոլորովին նոր աշխատանքներ։
Ցուցահանդեսը գործելու է մինչև մարտի 11-ը: Ի դեպ, կարող եք նաև ձեռք բերել ձեզ դուր եկած աշխատանքները, քանի որ սա ցուցահանդես-վաճառք է:
Ցուցադրված էին նաև նկարչուհիներ Սիրանուշ Բաղրամյանի, Ալվինա Աբելյանի, խեցեգործ Ժասմենա Տեր-Մանուկյանի, կարպետագործ Սոնա Մակարյանի, Լալա Մնեյանի և Մարալ Շիօղմելյան- Բերբերյանի ձեռագործ աշխատանքները, ինչպես նաև Անահիտ Գրիգորյանի կաշվե զարդերի հավաքածուն: