Հարցազրույց տատիկիս՝ Ազգանուշ Անդրեասյանի հետ, ով հայրենադարձվել է Պարսկաստանից:
-Սիրելի տատիկ, որտե՞ղ ես ծնվել, պատմիր մի փոքր քո ծննդավայրի մասին:
-Ես ծնվել եմ Իրանի Սպահան նահանգի Փերիայի շրջանի Հազարջրիբ գյուղում: Այնտեղ տները պատրաստված էին ցեխից: Փողոցները շատ նեղ էին, իսկ տների կտուրները իրար կպած էին: Եվ ձմռանը, երբ ձյունը չափազանց առատ էր լինում, երկու կողմից կտուրները մաքրում էինք փայտե թիակներով և լցնում փողոցը այնպես, որ ձյունը հավասարվում էր կտուրներին և աղբյուրից տուն գալիս, ավելի հեշտ լինելու համար, մենք այդ ձյան կույտերի վրայով էինք բարձրանում կտուրները և այնտեղից աստիճաններով իջնում էինք տուն:
-Իսկ ի՞նչ է նշանակում ձեր գյուղի անունը:
-Մեր գյուղում ցորենի բերքատվությունը շատ էր, այդ պատճառով կոչվում է Հազարջրիբ, որը բառացի նշանակում է` հազար տոննա: Այնտեղ ամեն մի արտը մոտ հազար տոննա ցորեն էր տալիս:
-Ինչո՞վ էիք զբաղվում այնտեղ:
-Տղամարդիկ զբաղվում էին հաղագործությամբ և անասնապահությամբ, իսկ կանայք գորգագործությամբ և կարպետագործությամբ: Մենք գորգերի համար բոլոր անհրաժեշտ պարագաները ստանում էինք բնական ձևով: Գույները տարբեր ծաղիկներից ու բույսերից, իսկ թելերը ինքներս էինք մանում: Մեր տան գորգն էլ ինքս եմ գործել:
-Ինչպե՞ս էիք պահպանում ձեր ազգային ինքնությունը:
-Մեր գյուղում կար եկեղեցի, ինչպես նաև դպրոց: Եկեղեցում օրը 2 անգամ ժամերգություն էր, և մեծահասակները միշտ գնում էին, իսկ երիտասարդները` ամեն կիրակի պատարագի ժամանակ: Եկեղեցուն պատկանող հողը, որը մոտ 2 հեկտար էր, անձեռնմխելի էր, և այդ տարածքի ծառներին ոչ ոք ձեռք չէր տալիս: Իսկ եթե երեխաներից մեկը պատահաբար մի ճյուղ պոկեր, ապա նրա ծնողները դա տանում էին եկեղեցու բակ և ներողություն խնդրում: Իսկ դպրոցը վեցօրյա էր, և սովորում էին մինչև 6-րդ դասարանը:
-Իսկ աղջիկները դպրոց գնո՞ւմ էին:
-Ցավոք, աղջիկներից ընդամենը 2 հոգի էին այցելում դպրոց, մնացածը տղաներն էին:
-Իսկ արդյո՞ք պահպանում էիք հայկական սովորույթներն ու ավանդույթները:
-Մենք առանց բացառության նշում էինք բոլոր եկեղեցական տոները` Համբարձումը, Զատիկը և մյուս տոները:
-Կներկայացնե՞ս, թե ինչպես էիք նշում Համբարձման տոնը:
-Զատիկից 40 օր հետո Համբարձման տոնն էր: Այն տոնում էինք երկու օր: Առաջին օրը չորեքշաբթի էր, և այդ օրը գյուղի հարուստները իրենց ամբողջ կաթը բաժանում էին աղքատներին, որպեսզի բոլորն էլ կարողանան թխել Համբարձումի թխվածքը, որը կոչվում էր Համբարձումի բաղարջ: Հաջորդ առավոտ գյուղի բոլոր երիտասարդ տղաներն ու աղջիկները երեխաների հետ միասին գնում էին յայլա (սար), որտեղ աղբյուրի մոտ նշում էին Համբարձումը: Իսկ ցերեկը տուն գալիս աղջիկները իրենց գորգերը լցրած ծաղիկներ էին բերում և հերթով բաժանում գյուղի մեծերին, ովքեր ճանապարհին շարված սպասում էին նրանց վերադարձին, իսկ նրանք էլ իրենց հերթին օրհնում էին երիտասարդներին: Երեկոյան աղջիկները հավաքվում էին մեկի տանը, որը կոչվում էր ծաղկատուն և տղաների բերած ծաղիկներով պսակներ էին պատրաստում: Դրանից հետո վիճակ էին գցում և գուշակում աղջիկների բախտը: Իսկ առավոտյան կճուճով ու տոպրակով շրջում էին տներով և ջան-գյուլում երգելով գյուղացիներին էին բաժանում իրենց պատրաստած պսակները` փոխարենը ստանալով կաթ կամ բրինձ, որոնցով ծաղկատանը կաթնով էին պատրաստում: Այն ուտելուց հետո բոլորով նորից գնում էին յայլա և վերադառնալով ավարտում տոնակատարությունը:
-Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ էիք պարսիկների հետ և արդյո՞ք հաստատում էիք նրանց հետ խնամիական կապեր:
-Նրանց հետ շփումը շատ քիչ էր: Կանայք ընդհանրապես շփում չունեին նրանց հետ, իսկ տղամարդիկ նրանց հետ կատարում էին ապրանքափոխանակություն և առևտուր: Հայերը մեծ հարգանք ունեին նրանց մոտ: Իսկ ինչ վերաբերում է խնամիական կապերին, այդպիսի բան երբեք չէր լինում: Այն ընտանիքը, որը այդպիսի բան աներ, կվտարվեր գյուղից;
-Իսկ կապերը սե՞րտ էին հայկական գյուղերի միջև:
-Իհարկե, բոլոր գյուղերը իրար կապված էին բարեկամական կապերով: Ինչպես նաև գյուղերի միջև կար առևտուր:
-Ե՞րբ և ինչու՞ որոշեցիք վերադառնալ հայրենիք:
-Մենք վերադարձանք 1969թ.-ին: Դեռ մանկուց մենք երազում էինք վերադառնալ հայրենիք և մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ վերադարձանք:
-Իսկ ի՞նչն էր քեզ ամենից շատ դուր գալիս այնտեղ:
-Ազնվությունը: Այնտեղ բոլորն անկեղծ էին, և մեծ հավատ կար մեր մեջ: Եվ կարող եմ ասել, որ մենք ավելի ամուր էինք պահում մեր ավանդույթները և ավելի հավատարիմ էինք մեր արմատներն: