Sona Tumanyan

Կորցրած օր

Առավոտյան արթնացա դասղեկիս զանգից:

-Բարի լույս, Սոնա ջան, այսօր կգա՞ս դպրոց,- հարցրեց ընկեր Կոստանյանը:

-Ոչ,  ընկեր Կոստանյան, ինձ վատ եմ զգում,- պատասխանեցի ես:

Առաջին բանը, որ հագնվելուց հետո արեցի, դա մոտենալն էր վառարանին: Իհարկե, ես տրամադրություն չունեի, քանի որ չէի գնացել դպրոց: Այսօր դասարանով որոշել էինք խնջույք անել, որովհետև երեկ մեր հանդեսն էր, և դա մեզ համար առիթ էր նշելու հաջողված և, ինչու չէ, նաև չհաջողված ելույթները: Հանդեսը անցավ բարձր տրամադրությամբ, ծափերը չէին պակասում, և հյուրերը ժպտում էին անդադար: Միայն վերջին երգի ժամանակ ունեցանք տեխնիկական խնդիրներ, քանի որ անջատվեց երաժշտությունը, բայց երգողները՝ Անին և Հասմիկը, չկորցնելով  իրենց, շարունակեցին երգել ակապելա: Իսկ մենք վարագույրների ետևից ձայնակցում էինք նրանց: Դա երևի ամենահաջողված ելույթն էր:

Լավ, չշեղվենք թեմայից ու անցնենք խնջույքին: Ես անընդհատ զանգում էի Լիդային ու հարցնում, թե ինչ է կատարվում այնտեղ:

-Հը՞ն, Լիդ, ի՞նչ եք անում,- հարցրեցի ես:

-Սոն, արի, շատ լավ ա անցնում, շուտ արի ,-պատասխանեց նա:

-Չէ, Լիդ ջան, չեմ կարող,-ասացի ես:

-Լավ, դու գիտես, հետո փոշմանելու ես,-ասաց  նա:

Տղաները հրավիրել էին նաև մյուս դասարանների աշակերտներին, և դասարանական խնջույքը դարձել էր համադպրոցական:

Ես տխրեցի ավելի շատ, երբ իմացա ֆիլմի մասին: Խնջույքից հետո Վահեն, Անին, Հասոն, Սերոժը, Գոհարը և Նարեկը նկարահանել էին ֆիլմ, և ուղարկել 17.am-ին: Ֆիլմն Ամանորի մասին էր: Դե, ես չէի գնացել ու չէի նկարահանվել ֆիլմում: Դա ինձ համար երկրորդ մեծ  ցնցումն էր օրվա մեջ: Մանավանդ, երբ ամանորյա մեր շնորհավորանք-ֆիլմը տեսա կայքում:

Այդ օրը ինձ համար դարձավ տխուր ու ձանձրալի: Երևի  Լիդան ճիշտ էր, երբ ասում էր` փոշմանելու ես չգալու համար: Բայց դե վաղը կգա  նոր օր, և ես միգուցե այն դիմավորեմ ժպիտը դեմքիս: