Երևանում երթևեկության վատթարացումը, գերծանրաբեռնված երթուղայինները, ֆեյսբուքում ուսանողական կյանքին վերաբերող հրապարակումների կտրուկ աճը… Այս բոլորը վկայում են այն մասին, որ արդեն սեպտեմբեր ամիսն է, դասերն սկսվել են: Ինձ համար դասերը սկսվել էին դեռ օգոստոսի 26-ից: Այնպես որ կարող եմ հպարտորեն արձանագրել, որ ուսանողական կյանքիս առաջին երկուսուկես շաբաթը արդեն հետևում է: Զինակից ընկերներս ու ես հերոսաբար հաղթահարել ենք այդ, ենթադրաբար, ամենադժվար ու վախ ներշնչող առաջին երկու շաբաթները:
Բնականաբար, առօրյայումս շատ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց մասին, իմ պարտքն եմ համարում ձեզ տեղյակ պահել: Ինչի՞ց սկսեմ: Երևի առավոտյան արթնանալուց: Այստեղ միակ տարբերությունը այն է, որ եթե դպրոցական տարիներին ժամը 8-ն էր համարվում իմ օրվա սկիզբը, հիմա այն 7-ն է: Եվ քանի որ առավոտվա մեկ ժամ պակաս քնելը հսկայական ազդեցություն է ունենում իմ լիարժեք գործելու կարողության վրա, ստիպված եմ ավելի շուտ քնել: Հիմա կմտածեք` կարելի էր սա շատ ավելի կարճ ասել կամ էլ ընդհանրապես չասել, բայց սա իմ պատմությունն է, թույլ տվեք այն ներկայացնել՝ ամեն ինչ մանրակրկիտորեն բացատրելով:
Եվ այսպես, արթնանալու դժվարությունը հաղթահարելուց հետո, ես ստիպված եմ մարտական դիրքում սպասել Արմավիրից Երևան գնացող երթուղայինին: Պետք է, որ պատկերացնեք, թե ինչ պայքար է գնում առաջինը երթուղայինում տեղավորվելու համար: Միշտ ատել եմ այդ պայքարը, բայց հիմա հասկանում եմ, որ ոչ ոք էլ չի սիրել, ուղղակի ամեն մեկն էլ մի տեղից ուշանում է: Պետք է ըմբռնումով մոտենալ, բայց այդ ամենը երթուղայինում քո տեղը ապահովելուց հետո: Բոլոր տեղերը զբաղված են, շարժվեցինք: Ամեն ինչ հոյակապ է ընթանում, ես կարողանում եմ վերջապես իմ մտքերի հետ մենակ մնալ: Ի՞նչ է մեզ պետք մենակ մնալու համար՝ անաղմուկ միջավայր, մարդիկ, ում ես չեմ ճանաչում և ընթացքի մեջ լինելու զգացողություն: Այս հանգիստ ու հաճելի պահը ընդհատվում է ընթացքի դադարից հետո: Սա նշանակում է՝ Արգավանդում ենք: Խցանում է: Ես ամբողջ ընթացքում լարված սպասում եմ՝ երբ է խցանումը վերջանալու ու մեզ թույլ տալու նորից շարժվել: Այնպես եմ ուշադրությամբ հետևում ամեն մի մեքենայի շարժին, ասես իմ հայացքով ինչ-որ իշխանություն ունեմ այդ ամենի վրա: Իրականում լավագույնը, որ կարող է յուրաքանչյուր ուղևոր անել, այդ պահին հանգիստ սպասելն է:
Դե ինչ, հասանք Կիլիկիա ավտոկայան: Հիմա չորս հավանական ձևով կարող է պատմությունը շարունակվել: Առաջին՝ գալիս է 259 համարի ավտոբուսը, և ես երջանկությունից փայլելով ու հարմարավետորեն հասնում եմ համալսարան՝ ամբողջ ընթացքում մտածելով, որ կյանքը հրաշալի է: Երկրորդ, գալիս է 47 համարի ավտոբուսը, և ես բացահայտում եմ նորանոր դիրքեր, որոնցում ես կարող եմ մի կերպ գոյատևել այն 15-20 րոպեների ընթացքում, որ հասնում եմ համալսարան: Այն մնացած երկու տարբերակները իրար նման են ու ստանդարտ։ Այնպես որ, ժամանակ չծախսենք այդ երկուսի վրա:
Վերջապես հասա համալսարան: Բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ բարձրացել են Ամերիկյան համալսարանի աստիճաններով կհասկանան, թե ինչ է կատարվելու հաջորդիվ՝ շնչակտուր մտնում եմ համալսարան: Մի պահ ուշքի եմ գալիս ճանապարհներից, հասկանում, որ ես հենց համալսարան էի գալիս և ոչ թե հավերժ ճանապարհներին լինելու ու գնում եմ առաջին դասիս:
Դե, այստեղից էլ արդեն դաս, ընկերներ, լանչ ու այսպես շարունակ: Իսկ վերադարձի ճանապարհին ծանոթանալու համար, կարող եք ուղղակի հետ գնալ ու նորից կարդալ համալսարան գալու պատմությունը:
Առաջին երկուսուկես շաբաթվա համար այսքանն էին տպավորությունները: Մեզ բոլորիս հաջող ուսումնական տարի: