Ուղիղ վեց տարի առաջ կայացավ իմ և ստվերների թատրոնի առաջին «հանդիպումը»: «Այրուձի» հեծյալ ակումբի անդամները կազմակերպել էին արդեն ավանդական դարձած ազգային ձիախաղեր: Ձիախաղերի ավարտից հետո այրուձիականները երգեցին հայկական ժողովրդական և ազգային երգեր, որոնք ուղեկցվում էին հայկական պարերով: Այդ օրվա վերջին հատվածը եզրափակվեց անակնկալով՝ ստվերների թատրոնի ներկայացումներ դիտելով: Երբևէ չէի լսել թատրոնի այս տեսակի մասին, որ կա ստվերների թատրոն և, որ վեց տարի անց այն պիտի դառնար իմ դիպլոմային աշխատանքի թեման: Առաջին հայացքից այն ինձ արտասովոր մի բան թվաց: Ճիշտ է, տիկնիկային ներկայացում դիտել էի, բայց ստվերների՝ ոչ: Իսկ ինչպե՞ս կարող ենք ստեղծել ստվերների թատրոն:
Ստվերերի թատրոն ստեղծելու համար բավական է գտնել մի քանի էլեկտրական լամպ, սպիտակ պաստառ, որը կհանդիսանա որպես էկրան, պատրաստել մի քանի տիկնիկ և սկսել ստեղծագործել: Էկրանի հետևում կանգնում է դերասան-տիկնիկավարը, ով տիկնիկը շարժում է հակառակ կողմից կիպ մոտեցնելով էկրանին՝ հատուկ պատրաստված շյուղերի օգնությամբ, խոսելով տարբեր հերոսների ձայներով: Էկրանը իրենից ներկայացնում է ուղղանկյուն փայտե շրջանակ, որի վրա ձգված է սպիտակ կտոր: Լույսի աղբյուրը հակառակ կողմից ընկնում է տիկնիկի վրա և էկրանին հայտնվում է նրա ստվերը:
Իմ ուսումնասիրությունների արդյունքում պարզեցի, որ Հայաստանում տարածված է եղել Ղարագյոզ կոչվող ստվերների թատրոնը, որն ամբողջ աշխարհում հայտնի է իբրև թուրքական մշակույթի մի մաս: Սակայն Ղարագյոզը զուտ թուրքական երևույթ չէ: Այն իր մեջ կրում է շատ ժողովուրդների մոտ ընդունված նման կերպարների բնորոշ գծեր: 19-րդ դարի սկզբներին և ամբողջ այդ դարի ընթացքում Ղարագյոզը եղել է հայերի սիրած խաղերից մեկը: Սակայն հայերի մասնակցությունը չի սահմանափակվել միայն այն դիտելով, նրանք հանդես են եկել իբրև կազմակերպիչներ, իսկ թուրք պատմաբաններից շատերը լռում են այս մասին:
1984 թվականին «Այրուձի» հեծյալ ակումբի անդամները ձիերով արշավների են գնում և շրջում Հայաստանի տարբեր բնակավայրերով: Հենց այդ ժամանակ էլ ծագում է ստվերների թատրոնի վերականգնման միտքը: Եվ այս թվականից արշավների անբաժան մասն է կազմում ստվերների թատրոնը: Ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ժենյա Խաչատրյանը, ով զբաղվում էր ստվերների թատրոնի ուսումնասիրությամբ, նրանց է փոխանցում թատրոնի մասին նյութերը:
Այսօր հնարավորություն ունենք դիտելու ստվերների թատրոն «Այրոգի» թատերախմբի շնորհիվ: Խաղացանկում առկա են 19-րդ դարից պահպանված հայկական ստվերների թատրոնի որոշ բեմադրություններ: Դրանք պահպանել և 1960-ական թվականներին Հայաստանում վերականգնել են Խաչատուր Թումասյանը և Հովհաննես Մելքոնյանը: Այժմյան թատրոնի տիկնիկների մի մասը Խաչատուր Թումասյանի տիկնիկների կրկնօրինակներն են: Ներկայացման հետ կապված իրերը, խաղացնելու ձևը և տեքստը ժառանգաբար է փոխանցվել: Տեքստը հեղինակ չունի: Ինչպես նախորդները, այնպես էլ Խաչատուր Թումասյանը տեքստը հարմարեցրել է հանդիսատեսի ճաշակին: Դա հնարավորություն է տվել տեքստի բուն բովանդակությունը չփոխելով դիմել իմպրովիզացիայի: Կա սյուժե, որ մեզ է հասել 5-րդ դարից: Պատմիչ Փավստոս Բուզանդը նկարագրում է զվարճալի պատմվածքներ ոմն Յոհան եպիսկոպոսի մասին՝ հարբեցող, խաբեբա ու խարդախ մի մարդու, ով հարստանալու համար պատրաստ է ամեն ինչի:
Իհարկե, այս ավանդույթը կորցնել չարժե, և մենք ինչ-որ տեղ նաև հետ ենք մնում. մինչ փորձում ենք պահպանել, ուրիշ ժողովուրդներ այն զարգացնում են և մատուցում նոր տեխնոլոգիական հնարքներով: