Astghik Hunanyan vayots dzor

Մենք կանք

Արթնացա զարթուցիչի անբարեհաճ ձայնից: Մի կերպ բաժանվելով մահճակալիցս՝ հագա առաջին պատահած հագուստը, լվացվեցի, ինչպես միշտ՝ գոլ ջրով, սանրեցի գզգզված մազերս ու քթիս տակ ինչ-որ բառեր մրթմրթալով՝ քայլերս ուղղեցի դեպի խոհանոց: Հերթը էլի թեյինն էր. կրկնեցի արդեն ձեռքերիս սովոր գործողությունները՝ պատրաստեցի թեյը, խմեցի ու հագնելով փոշոտ կոշիկներս՝ դուրս եկա տնից: Չէ, մի րոպե, հետ ենք դառնում՝ ականջակալներս եմ ինչպես միշտ մոռացել:

Վերցրի ականջակալներս, միացրի Imagine Dragons-ի երգերից մեկն ու քայլում եմ: Չգիտեմ էլ՝ ուր եմ գնում, ոտքերս ինձ դեպի շուկայի փողոց են տանում, երևի ինչ-որ հետաքրքիր բան տեսնելու ակնկալիք ունեմ: Ձեռքիս տետրեր են, առանց խուփի գրիչ, որ անուշադրությանս պատճառով ամբողջ ձեռքերս թանաքոտել է: Հեռախոսս էլ, որ ֆոտոխցիկի տեղ է ծառայում՝ մյուս ձեռքիս է՝ սպասում է, որ սովորականից մեծ աչքերս ինչ-որ հետաքրքիր բան տեսնեն մարդկանց բազմության մեջ, նկարեմ:

Մի խումբ ավտոմեքենաներ սլանում են փողոցներով՝ մոռանալով, որ լուսակիր գոյություն ունի, մի խումբը դանդաղ է վարում, որ ճանապարհային ոստիկանները չտուգանեն, մի խումբ վարորդներ սպասում են, որ լուսակիրը զմրուխտի գույն ստանա, որպեսզի շարունակեն երթևեկությունը՝ մատները ավտոմենքենայի ղեկին նյարդային տկտկացնելով, մերթընդմերթ էլ ձեռքով ճակատի քրտինքը սրբելով. կամ իսկապես ինչ-որ շատ կարևոր տեղ են շտապում, կամ էլ ուղղակի շոգում են: Բոլորն են շոգում՝ կանայք արագ-արագ հովհարը շարժելով քայլում են՝ ինչ-որ բաներ բամբասելով, օրինակ՝ երկու օր առաջ էսինչն էր մահացել, բայց նրա հորաքրոջ ամուսնու հարևանի ջահել հարսի պապիկի եղբորորդու բանակի ընկերոջ սանիկի եղբայրը թաղմանը ներկա չի եղել, կամ ասենք՝ Պողոսը նոր լվացքի մեքենա է առել, հաստատ «մութ» գործերի մեջ է: Տղամարդիկ էլ շոգելով ուղիղ փողոցի մեջտեղում կանգնած «պատերազմի» մեջ են, իրարից ինչ-որ պարտքեր են պահանջում, կամ էլ իրենք էլ են իմացել, որ Պողոսը նոր լվացքի մեքենա է առել, բուռն քննարկում են, էլի: Իսկ տղաները Պողոսի դարդին չեն, ուղղակի սփիները պտտացնելով մի խումբ աղջիկների հետևից են գնում, համենայնդեպս՝ տպավորությունն այդպիսին է: Մի խումբ մարդիկ էլ անտարբեր, դատարկ հայացքներով շարժվում են տարբեր ուղղություններով: Իսկ տատիկնե՜րը, մի քանի ամիս թոշակ չստացածի դեմքով դեպի շուկա են գնում՝ մեկ սեփական հարսին թողած հարևանի հարսին գովելով, մեկ Իչայի ու Վիրի կյանքը քննարկելով, մեկ էլ շոգից են բողոքում:

Շուկայի մոտ եմ. մի քանի տղամարդիկ ձմերուկ են գնում՝ այն ականջի մոտ պահելով ու մատներով տկտկացնելով, իբր այդպես կհասկանան՝ իսկապես հասած ու քաղցր է, թե վաճառողը խաբում է: Վաճառողն էլ ի՞նչ անի, արևից վառված ու սևացած դեմքով սպասում է, մինչև կորոշեն գնել ու տուն տանելու գումար կաշխատի: Թռչուններն էլ են շոգում. ձևի համար մի հատ թռչուն չես տեսնի երկնքում, դե, բնական է, ով էլ մի քանի վայրկյան էս շոգին երկնքում մնա, «ժարիտ» կդառնա:

Ախ, այո, մոռացա ներկայանալ. բարև, ես Աստղն եմ, Հայաստանի սովորական, անչափահաս քաղաքացի, որն արդեն 3 ամսից ավելի է՝ թղթակցում է ոչ սովորական մի կայքի՝ 17.am-ին, որի խոսքն արդեն լսելի է, որն ունի ազատ արտահայտվելու, ապրումներն ու զգացումները իր նման հազարավոր պատանիների ու մեծերի հետ կիսելու հնարավորություն: Էլ իմաստ չունի ասելը, թե ինչքան է ինձ փոխել «Մանանան», բայց մեկ է՝ կասեմ: Մինչ պատանի թղթակից դառնալը ես պատկերացում էլ չունեի, որ աշխարհին կարելի է նայել ուրիշ աչքերով, որ կարելի է ուշադրություն դարձնել շուրջդ տիրող անգամ աննշան երևույթներին, սկսեցի արժևորել ու գնահատել ամեն մի մանրուք, անգամ մեր թաղի Սուրեն պապի «դու ես պնդո՞ւկ, թե՞ ախպերդ ա պոպոկ» հարցը, անգամ Վանիկ պապի «անհամ» ավտոմեքենան, որի ձայնը մեկ-մեկ ավելի շուտ է արթնացնում ինձ, քան զարթուցիչի կամ տատիկիս սերիալների ձայները, մեր քաղաքի բարբառն ու հին տները, որոնք ավելի գրավիչ են դարձել իմ աչքերում, քան նոր կառուցված շենքերն ու գրական խոսքը: Սկսել եմ ապրել, մտածել, պրպտել, անտարբերությունս էլ իր տեղը զիջել է հետաքրքրասիրությանս: Մինչ թղթակից դառնալն ու վորքշոփին մասնակցելը կարծում էի՝ ինչ-որ անիմաստ բառերով փիլիսոփայելն ավելի լավ է, քան ամենահասարակ բառերով ուզածդ ներկայացնելը, դեռ այդքան չէի սխալվել: Ես անգամ մարդկանցից էի վախենում՝ բոլորից, մի քանիսն էլ ինձ «մուկ» էին անվանում դրա համար, հետո կամաց-կամաց սկսեցի բացվել, խոսել, երևի ֆոտոարշավներն օգնեցին, չէ՞: Արդեն ազատ, առանց ձայնս դողացնելու կարող եմ հարցնել՝ թույլ կտա՞ք ձեզ նկարեմ, ու մերժվելուց չնեղվել էլ եմ սովորել: Հիմա բոլոր հեռու թե մոտիկ բարեկամներս, հարևաններս, ընկերներս, դպրոցս, անգամ կանգառում միշտ նստած պապիկները, որոնց մի քանի անգամ նկարել եմ, բոլորն ինձ որպես լրագրող են ճանաչում, դե՝ պատանի թղթակից: Ովքեր նյութերս կարդում են, ասում են՝ աննորմալ եմ, որ այդպես ազատ գրում եմ, որ նյութերումս խոստովանում եմ՝ անփույթի մեկն եմ, կամ որ սենյակս Անիի ավերակներին է նման. դուռը բացես՝ ինչ ասես գլխիդ կընկնի, բայց նաև ասում են՝ լավ աննորմալ եմ: Բոլորը գովում են, չնայած՝ այն ժամանակ էլ էին գովում, երբ անիմաստ բառերն իրար էի կպցնում՝ էնքան որ հանգերը բռնեն, ու բանաստեղծություններ գրում:

Կա աշխարհում Բեյքըր Սթրիթ, բնակարան 221 Բ, կա Բեքըն Հիլլս ու «գիշերն անչափահասներին արգելվում է անտառ մտնել» ցուցանակով անտառը, կա Ռիվերդեյլ քաղաքը, որն էլ երբեք առաջվանը չի լինի, ու կա Մաշտոցի 45 Ա, բնակարան 40՝ Հայաստանի սիրտը: Միլիարդավոր երեխաներից կամ ես, կաս դու, ու կան մյուս հազար թղթակիցները, կան լրատվամիջոցներ, կա Շամշյանն ու կա «Մանանան»: Կա տասը մարզ, 48 քաղաք, 953 գյուղ ու այնտեղ ապրող իմ ընկերները, ու կան միլիարդավոր քննարկված թեմաներ ու միլիարդավոր էլ թեմաներ, որ քննարկման են սպասում: Մի տեսակ հպարտանալու տեղիք է տալիս, չէ՞, լինել 17-ի մեծ ընտանիքի փոքր անդամ, ներկայացնել քո մարզը, քո գյուղն ու քո քաղաքը, քո ընտանիքն ու քո խնդիրները, ներկայացնել՝ համոզված լինելով, որ քեզ լսելու են…

-Աղջիկ ջան, մի կողմ գնա, անցնենք, չես տեսնո՞ւմ, որ փակում ես մեր ճանապարհը, էս ինչ սերունդ ա, տո,- ասաց մի կին՝ բարձր գոռալով:

-Մենք էն սերունդն ենք, որ ասելու բան ունի:

Դժգոհ էր, գուցե իր համար անհեթեթություն թվաց ասածս, ինչևէ, տուն եմ վերադառնում, էլի Imagine Dragons-ը, էլի նույն փողոցներն ու էլի Պողոսը: Վայ չէ, Պողոսը չի, էս անգամ Պետրոսն է, ասում են՝ համակարգիչ է գնել: Քննարկում են…