Փետրվարի 25-ին ԼՂՀ Մարտունու N զորամասում կրկին տոնական իրարանցում էր: Զորամասի մուտքի մոտ անհաշվելի թվով բազմություն էր հավաքվել: Զորամասում կատարվում էր այս ձմռան զորակոչի վերջին երդման արարողությունը:
Եղբայրս արդեն մեկ ամիս է՝ ծառայում է Հայոց բանակում (այդ թեմայով չեմ կարողանում գրել):
Երդման արարողությունը կատարելու համար նորակոչիկներին բաժանել էին մի քանի խմբերի, որովհետև գիշերը լարված էր եղել, ու դրսում չէին կարող կատարել արարողությունը: Երբ եղբայրս իր երդումը տվեց, նրանց տեղափոխեցին մեկ այլ մասնաշենք, իսկ մենք` բառիս բուն իմաստով, վազում էինք նրանց հետևից:
Մինչ դռան մոտ կանգնած սպասում էինք, ես հերթով զննում էի կողքիս մարդկանց ու հանկարծ ինձ ծանոթ դեմք տեսա:
-Մամ, մեր Արտյոմի պապան ա,- առանց մայրիկին նայելու խոսում եմ:
-Ո՞վ ա, ի՞նչ Արտյոմ, ի՞նչ ես խոսում:
-Մամ, մեր «Մանանայի», մի րոպե, եկա,- ու քայլերս ուղում եմ դեպի ինձ ծանոթ դեմքերը:
-Ներեցեք, Դուք Արտյոմի մամա՞ն եք,- մեջքով կանգնած կնոջ հետևից խոսում եմ:
-Այո,- մի տեսակ շփոթված պատասխանում է Արտյոմի մայրիկը:
-Ես Արտյոմի ընկերներից եմ, մենք միասին թղթակցում ենք 17.am-ում, ճամբարի էլ ենք մասնակցել միասին:
Մի քանի րոպե զրույցից հետո արդեն նրանք ինձ հիշեցին:
Արտյոմի ծնողները նույնպես սպասում էին նրա դուրս գալուն:
15 րոպե անց դուռը բացվեց: Իրար հետևից դուրս են գալիս տղաները, որոնց հայացքները նույնն են, բոլորն էլ փնտրում էին իրենց ծնողներին:
Ուշադիր նայում եմ, որպեսզի երկու ծանոթ զինվորներիս տեսնեմ` եղբորս ու Արտյոմին, ու հանկարծ լսում եմ.
-Իյա, Մա՞ն,- Արտյոմն էր:
Երկար-բարակ զրույցից հետո որոշեցինք լուսանկարվել, որպեսզի 17.am-ում նյութ ունենանք մեր հանդիպման մասին:
Հ.Գ. Արտյոմը բոլորիդ ջերմ-ջերմ բարևներ էր ուղարկում տաք Արցախից, ու ասում էր. «ժողովուրդ ջան, հանգիստ քնեք, Տյոմը ստեղ ա»…
Իսկ 17-ի թղթակիցներն ամենուր են: