Anush abrahamyan

Գարնանային անծանոթուհին

Տարիներ առաջ, երբ ես դեռ փոքր էի, գարունն ինձ համար ուրիշ տեսք ուներ: Այն ժամանակ ես բռնում էի եղբորս ձեռքը ու առավոտ վաղ արևի կարմիր շողերով ողողված փողոցը մեզ տանում էր այն տուն, որը զուրկ լինելով բնակիչներից, կրում էր իր մեջ եղանակների էությունը: Հաղթահարում էինք ցածր պատի դժվարությունը ու հայտնվում այդ տան անձեռակերտ այգում: Խնամքով հավաքում էինք կապույտ ու դեղին ծաղիները, լինում էր նաև այնպես, որ դրանց կեսը ճանապարհին թափվում էր՝ ամուր չբռնելու պատճառով: Այդ ծաղիկները մնացել և մնում են իմ մանկության ու գարնան առաջին ծաղիկներ ինձ համար: Այգում մնում էինք այնքան, մինչև լսվեր մայրիկի բարձր ձայնը, և մենք նորից ծաղիկները խնամքով դնում էինք պատին, իսկ իջնելուց հետո վերցնում: Ամբողջ ճանապարհին գրեթե վազում էինք այն նպատակով, թե ով առաջինը կնվիրի դրանք մայրիկին: Գրեթե միշտ ես էի առաջինը նվիրում, դրա համար ամբողջ օր վիճում էինք: Նվիրելուց հետո այդ ծաղիկները դնում էինք մի կանթ (բռնակ) չունեցող հին բաժակի մեջ ու, տեղավորելով հացատան լուսամուտին, ամբողջ օրը զմայլվում դրանով: Տարիներ հետո ես այդ այգի էի տանում նաև իմ երկու փոքր եղբայրներին այն ժամանակ, երբ նրանք ուզում էին մեծահասակների հետ շուկա գնալ, իհարկե, ես չէի խաբում նրանց, այլ ուղղակի շեղում էի նրանց ուշադրությունը: Կարող եմ ասել, ծաղիկ հավաքելը նրանց էլ շատ էր դուր գալիս: Նախորդ տարի այդ տան բնակիչները մի քանի օրով վերադարձան, ու դարձնելով այդ պատը ավելի բարձր, կրկին հեռացան: Կարծես ցանկանում էին ասել, թե այլևս գործ չունեք այստեղ: Ինչ էլ ուզում է լինի, ես երբեք չեմ կասկածի, որ այնտեղ ապրում են բնության եղանակները, ու այդ այգում աճած ծաղիկները կլինեն իմ մանկության ծաղիկները:

Գարնան առաջին օրը, երբ արթնացա, զգացի, որ արևի շողերը շուրջպար են բռել դեմքիս, ու դա այն առավոտներից մեկն էր, երբ բարձր տրամադրությամբ էի արթնանում: Այդ օրը դպրոցից տուն վերադառնալիս, երբ հրաժեշտ տվեցի ընկերուհուս, նկատեցի մի երիտասարդ աղջկա: Նա միանգամից ուշադրությունս գրավեց, նրա աչքերը երբևէ իմ տեսած աչքերից ամենապայծառ աչքերն էին: Նա ժպտում էր անգամ առանց շրթունքները շարժելու, նույնիսկ շրթներկն էր գարնանային, և ես միանգամից հիշեցի իմ ծաղիկերը: Ներքին մի համառ ուժի մղումով մոտեցա ու շնորհավորեցի նրան գարնան առաջին օրվա կապակցությամբ (թեև ինձ մի պահ թվաց, թե նա հենց այդ գարնանային օրն էր), նա էլ ինձ շնորհավորեց, և մենք ծանոթացանք: Ռուսաց լեզվի ֆակուլտետում սովորող այդ ուսանողուհու հետ զրույցը կարճ տևեց, և ես նրան այդպես էլ չասացի, որ նա այս գարնան առաջին մարդն էր, ով ինձ նվիրեց մի փունջ գարնան բույր: Հուսամ նրան մեկ անգամ էլ կհանդիեմ կյանքում և այդ անգամ հաստատ կասեմ:

Հաստատեք գարունը ձեզ համար, հավերժացրեք կապույտում շրջաններ գործող թռչնին ձեր մեջ: Չէ որ մենք հասկանալով, որ գարնանը ճանապարհների ձյունը կհալվի, ու ամբողջովին ցեխոտված կգանք տուն, որ հողի աշխատանքները կսկսվեն, այնուամենայնիվ սիրում ենք գարունը: Հենց դրա համար չեմ խախտի գարնան երեք կանոնները.

1.Ապրել կենսատու արևի հետ ու դառնալ նրա ներկայացուցիչը երկրի վրա:

2. Գտնել իսկական գարունը ու բոլորին առաջնորդել դեպի այդտեղ:

3. Եվ հաղթանակել առանց կեղծելու, հաղթել քո սրտի կործանարար հեղեղին: