Հեծանիվ քշելու արագությամբ

Պարապմունքից տուն ճանապարհին լավագույն բանը, որ կարող է տրամադրությունս բարձրացնել, խաղահրապարակի ճանապարհով գալն ու երեխաներին տեսնել է: Նրանց դեմքին այնքա՜ն բարություն ու ժպիտ կա ,որ ինչքան էլ հոգնած լինեմ, ուզում եմ էլի հետները խաղալ, վազել ու հեծանիվ քշել:

-Էրեխե՜ք, Մարիետան եկավ…

-Վերևի ճյուղի ցոգոլը կտա՞ս…

-Արի՝ պարան թռնենք…

-Չէ, ինձ հետ կլասս ա խաղալու…

-Պարանը պտտի՝ թռչեմ, էլի… Երեխեքը լավ չեն պտտում…

Ու այնքա՜ն եմ ուզում նորից իրենց պես փոքր լինել, ամբողջ օրը բակում խաղալ, վազել ու չարաճճի բաներ անել:

Մենք այնքան զբաղված ենք՝ մտածելով մեծանալու մասին, որ չենք էլ գնահատում մեր անհոգ օրերը, ու հեծանիվ քշելու արագությամբ էլ ավարտվում է մեր մանկությունը: