Ճանաչի՛ր ինձ

«Ցանկացած երեխա հատուկ է, և այս աշխարհի յուրաքանչյուր փոքրիկ իր հետ հատուկ մի բան է բերում կյանք: Սակայն, շատ հաճախ մենք ենք սահմանափակումներ ունենում և չենք կարողանում հասկանալ, թե հատուկ կարիքներ ունեցող երեխաները ինչ յուրահատուկ գծեր կարող են ունենալ…»,- Երեխաների իրավունքների պաշտպանության օրը իր խոսքում նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Հունիսի մեկը երեխաների ամենասիրելի օրն է, տարվա այն յուրահատուկ օրը, երբ ամեն փոքրիկ բոլորից առավել ունի լիարժեք երջանիկ լինելու հնարավորություն: Չնայած նրան, որ միայն մեկ օրը բավական չէ, բայց հունիսի մեկը ևս մեկ առիթ է անդրադառնալու երեխաների իրավունքների պաշտպանությանը, և հատկապես նրանց, ովքեր ամենից առավել ունեն դրա կարիքը:

Հատուկ կարիքներ ունեցող երեխաների իրավունքներին էին անդրադարձել նաև Dasaran կրթական ծրագիրը, UNICEF-ը և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նրանք հավաքվել էին՝ ներկայացնելու «Իմ ընկեր Ավգուստը» օնլայն խաղը և ամփոփելու «Ճանաչի՛ր ինձ իմ ունակություններով» նկարչական մրցույթը: Թե՛ մեկը, թե՛ մյուսը նվիրված էին հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքներին:

ԱՄՆ փոխդեսպանը միջոցառման ընթացքում նշեց, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ նպատակ ունեն մինչև 2025 թվականը Հայաստանի բոլոր դպրոցներում ապահովել ներառական կրթության համար անհրաժեշտ պայմաններ, ինչին մեծապես օգնում է նաև Dasaran-ի «Նոր Սերնդի դպրոց» ծրագիրը: Ռաֆիկ Մանսուրը նշեց նաև, որ ամենևին էլ կապ չունի երեխան հաշմանդամ է, թե ոչ. նա իրավունք ունի լիարժեք կրթություն ստանալու:

Շնորհանդեսում ներկայացվող «Իմ ընկեր Ավգուստը» խաղի հիմքում Ռ․ Ջ․ Պալացիոյի «Հրաշքը» և «Ջուլիանան» գրքերն էին, իսկ խաղի հերոսը՝ Ավգուստը՝ «Հրաշքը» գրքի հաշմանդամություն ունեցող հերոսը:

Dasaran կրթական ծրագրի հիմնադիր տնօրեն Սուրեն Ալոյանը, շնորհավորելով ներկա և աշխարհի բոլոր փոքրիկներին՝ ամենաուրախ տոնի կապակցությամբ, նշեց, որ մրցույթի և խաղի հիմնական նպատակը հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ հանդուրժողականության և կրթական հավասար հնարավորություններ ունենալու գաղափարի ամրապնդումը և տարածումն է.

«Խաղը դեռ փորձնական շրջանում է, սակայն ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն իսկ մոտ քսաներեք հազար աշակերտներ փորձել են իրենց ուժերը: