mariam tonoyan

Հոգեբանական խորհրդատվություն

-Ես հիվանդ եմ երևի,- սպիտակ կահավորված սենյակի միակ կարմիր աթոռին զգույշ նստելով՝ սկսեց Կ.-ն՝ մոտ երեսուն տարեկան, կոկիկ հագուկապով, կարմրամաշկ ու ամրակազմ մի տղամարդ,- Ես ոչ մի տեղից չեմ կարողանում փախչել։

-Ինչու՞ փախչել,-հարցնում է իր առջև նստած հոգեբանը՝ վստահություն ստեղծելու համար հնարավորինս բնական ժպիտ դեմքին նկարելով։

-Դե…- տղամարդը թմբիրից նոր արթնացածի նման տրորում է աչքերը ու շարունակում,- քանի դեռ տունդ չես գտել, անընդհատ փախչելու ես։

-Ո՞ւր։

-Դուրս։ Երբևէ լսե՞լ եք, թե երեկոյան ժամերին ինչպես է ծփում ծովը Գուրդոնի լեռներից այն կողմ։

-Ցավոք, երբեք չեմ եղել այնտեղ…

-Ես էլ։ Բայց ես լսում եմ։ Եթե սա հիվանդություն է, ապա ես արդեն տասը տարի է` տառապում… չէ, ներեցեք, ապրում եմ դրանով։

Առաջին անգամ ինձ կանչեցին հրանունկները. անթիվ արևագլխիկներ, ցողուններից կախված, օրորվում էին քամու տակ՝ կանաչ ու երկնքի նման անեզր դաշտով մեկ սփռված։ Տապ էր։ Միայն տզզոցն ու թևերիս ծակծկոցներն էին թույլ տալիս կարծել, որ արևի ճառագայթների տակ հազիվ երևացող, փոշու հատիկներ հիշեցնող սև, արագ տեղաշարժվող կետերը մժղուկներ են։ Նրանք օգտվում էին իմ արյունից։ Ես ինձ առաջին անգամ պետքական էի զգում։

-Ի՞նչ հարաբերություններ եք ունեցել ծնողների հետ,- ոգևորված այն փաստից, որ Կ.-ն միանգամից սկսեց մանրամասնել, ընդհատեց հոգեբանը՝ տնակի տանիքի նման հոնքերը վեր բարձրացրած։

-Ոչ-ոչ, միշտ էլ ծնողներիս ուշադրության կենտրոնում եմ եղել, բանն այն է… Ուրեմն, երկրորդ անգամ մի ճնճղուկ թռավ, կանգնեց պատուհանագոգիս։ Սկսեցի ամեն օր հացի փշուրներ թողնել այդտեղ ու սպասել իմ հյուրին։ Շուտ ընկերացանք. նա մի քանի անգամ կտցահարում էր գարու հատիկի չափ հացը, իսկ ավելի մեծ պատառները շուտով ագռավներն էին թռցնում։

Երբ նորից ականջիս ձայներ հասան, այս անգամ՝ Աա գետից, ես ստիպված կողպեցի բնակարանս, անորոշ ժամանակով մեկնեցի դեպի կանչը ու էլ չտեսա թռչնին։ Այդ անգամ ձայնն ահազանգի էր նման։ Քչքչոցն ականջներումս կանացի ճիչ էր հիշեցնում՝ բարակահունչ ու չարագույժ «աա՜»։ Շտապում էի՝ ասես փրկության հասնելու։

-Այսինքն՝ առանց հեռանկարի ճանապա՞րհ ընկաք։

-Իհարկե։ Միշտ պետք է հետևել ձայներին։

-Փրկեցի՞ք կնոջը,-հեգնեց հոգեբանը։

-Ոչ… Այն հատվածում, որտեղ գետը Հյուսիսային ծովին էր միախառնվում, ճիչն ամենաուժգինն էր։ Գետն ամեն անգամ ծովին հանդիպելիս ճիչով մեռնում էր՝ հավիտենական շրջապտույտի մեջ ընկած։

Հոգեբանը ներողություն խնդրեց ու մի պահ դուրս եկավ աշխատասենյակից։ Երբ դռան հետևում ոտնաձայները մարեցին, Կ.-ն կանգնեց, մի կողմ քաշեց երկնակապույտ վարագույրը, բացեց աշխատասենյակի՝ դեպի քաղաք բացվող պատուհանը և նորից իր տեղը վերադարձավ։

-Ինձ համար որոշ բաներ դեռ պարզ չեն,-ակնհայտ շփոթված ներս մտավ հոգեբանը,-ասում եք՝ հաճա՞խ եք ճանապարհորդել։

-Ես պարզապես հասել եմ աշխարհի ցանկացած կետ, որտեղ ինձ սպասել են։

-Դուք գանգատվում էիք, որ չեք կարողանում ոչ մի տեղ փախչել։ Բայց շրջագայությունները…

-Դուք մոլորվել եք, տիկի՛ն,-համբերատար ժպտաց Կ.-ն,- Լսե՛ք։ Իմ 15-րդ կանչը Հենշան լեռան կողմից էր։ Այդ անգամ ես ոչ թե զգացի, այլ երազ տեսա։ Հսկա լեռը կնոջ կերպարանքով էր՝ կրակե մազերը լանջերին փռած։ Չգիտեմ՝ ինչից է՝ կանացի սկիզբն է միշտ ուղիներ գծում ինձ համար։ Հենշան ասաց ինձ.«Ես հող եմ էությամբ, բայց կրակից եմ ծնված…»։ Հաջորդ օրը դարձյալ ճանապարհ ընկա…

-Ներեցեք, ներեցեք, պարո՛ն, միայն մի ճշտում,- խոսեց կինը՝ թևին կապված ժամացույցը գլխիվայր շրջելով,-միգուցե ևս մեկ հանդիպո՞ւմ նշանակենք վաղը, այսօր աշխատանքային ժամս արդեն ավարտվում է։

-Վաղը չեմ կարող, Գուրդոն պետք է մեկնեմ, գուցե այնտեղ էլ գտնեմ ճնճղուկին։

-Իսկ դուք ասում էիք, որ չեք կարող փախչել, -խորամանկ ժպտաց հոգեբանը։

-Այո, փախչել չեմ կարող, որովհետև փախչելու տեղեր չեն մնացել, բոլոր ուղիները գծված են, բոլորն ասֆալտապատ։ Իսկ արդեն սահմանված ճանապարհով գնալը փախչել չէ։ Բացի այդ՝ մեկը անձնագիրդ է ստուգում, մյուսը ստիպում թղթեր լրացնել ուզածդ վայրում գոյություն ունենալու համար, երրորդը քեզ վռնդում է, որովհետև ուղղակի լեռը շրջանցելիս ինչ-որ երկրի սահման ես հատել… Դե հասկանում եք, չէ՞։

-Իհարկե, անշուշտ,-վրա բերեց հոգեբանը,-պարզապես կարծես թե փոքր-ինչ մրսել եմ, հիվանդացել, այնքան էլ առույգ չեմ զգում։ Ձեզ հարմար կլինի՞ ուրբաթ օրը հաջորդ խորհրդատվությանը գալ։

-Հուսով եմ,-ժպտաց Կ.-ն, ջերմորեն մեկնեց ձեռքը՝ հրաժեշտի, անշտապ քայլեց դեպի դուռը։ Դուրս գալիս մի պահ հետ նայեց ու տեսավ, թե ինչպես է հոգեբանը ծածկում պատուհանը երկնակապույտ վարագույրով։