Anna Sargsyan

անվերնագիր

այն հրացանը,

որ կրակեց աշնանային մի տաք օր,

երբ կրակողի մատներն էլ քարացել էին վախից,

չգիտեր, որ Քեզ է դիպչելու…

 

փամփուշտն ինքն էլ մտածեց մի քանի վայրկյան,

ու Քո մեջ հավերժ մնալով` կյանքդ խլեց,

որ ինքն ապրի

 

անիծյալ փամփուշտը,

որ տարավ կյանքդ իր կյանքի համար,

այսօր ասես զենքի մեջ խցանված լինի,

բայց մի օր նրա բաժակն էլ է լցվելու

համբերության

ու Քեզ նման դեպի արևն է գնալու,

որ շողա ու ապրի հավերժ…

 

և այն պահին,

երբ վերջին անգամ արևն ասես համբուրեց Քո սպիտակ ճակատը,

անձրևեց,

ու Դու որոշեցիր աչքերդ փակել,

 

ցեխոտ կոշիկներդ տուն չմտան,

ու վերադարձավ միայն հաղթանակը,

որ ցավեցնում էր ո´չ ինչպես ծնկած աղոթքի պահին ծնկներն են ցավում,

այլ` սիրտ խոցող աղեղի նման,

որ խրվում է մինչև հոգու ամենախորքը…

 

դրսում անձրևը դադարել է,

իսկ Դու դեռ չես եկել.

երևի կորցրել ես կոշիկներդ

 

այն, որ չեկար, դեռ չի նշանակում, որ տանը չես,

կամ հակառակը`

այն որ տանը չես, դեռ չի նշանակում, որ չեկար…

 

իսկ գրողի տարած կարոտը ինձ դանդաղ սպանում է ներսից,

և ես չեմ ծնկում, այլ չոքում եմ,

որ մարմնիդ մոտ պահեմ իմ մեջ ապրող Քո հոգին

 

և սեղմում եմ ինձ,

բառերս կուլ տալու համար լալիս եմ,

ձեռքերս բռունցք եմ անում

ու եղունգներովս սեղմում եմ ափերս,

որ խլացնեմ լացս եկող-գնացող մեքենաների ֆոնին,

որ լսեմ` ինչպես է մեքենան կայանում

Քո անունը կրող սև ժապավենի տակ,

և իջնում ու ինքդ էլ զարմանում ես նրա սև գույնից:

 

բայց չես գալիս, չէ՜…

ու բռնում եմ ինձ չգալուդ մտքի վրա

և կրկին սեղմում եմ ափերս,

ու անհավասար աճած եղունգներովս

սևացած ափերիս մեջ

գրվում է անունդ` ոսկեգույն տառերով,

 

որովհետև Դու լավագույնն էիր,

որ եղար,

և որ չես լինի այլևս,

 

իմ մանկությունն ավարտվեց Քեզ հետ

ու Քեզ հետ էլ սկսել էր,

և ես դժբախտ եմ, որ չկաս,

ու երջանիկ, որ եղել ես:

 

Քեզ հավերժ կկանչեմ, բայց էլ չես ձայնի.

պատասխան որպես ես կընդունեմ

գիշերային ծղրիդի այն խուլ ձայնը,

որ գուցե անդադար այդպես կանչում է

ինչ֊որ մեկին գտնելու համար…

 

վերմակով կփակեմ բերանս,

որ լացս խլանա,

կժպտամ ամեն լացելուց հետո,

որ թվա` ուժեղ եմ,

բայց չունեմ Քո ուժից

 

ժպիտը դեմքիս կքայլեմ,

մինչև նորից մնամ մենակ ու ողբամ

մահդ,

ու ոչ ոք, ոչ ոք չիմանա,

որ ամեն անգամ լացում եմ այնպես,

ասես հենց նոր սիրտդ կանգ առավ,

և ինձ ասացին

 

ես այնքան կլինեմ անճար,

որ կուրախանամ Քեզ շուտ գտնելու համար,

կուրախանամ, որ գերի չընկար,

ու կտխրեմ,

երբ չլինես եկող գերիների մեջ…

 

հիմա արևն էլ չգիտի` ում ընտրի Քո փոխարեն

ու շողում է ամեն անգամ,

երբ Անունդ ենք տալիս:

 

զենիթում արևը չէ, ախպերս,

այլ անունն է Քո`

Արտա՜կ

 

Դու էիր արևի պրոեկցիան էս անտեր երկրի վրա…

Արտակ Սերոբի Սարգսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Ճարտարում, երբ ԱԹՍ-ով հարվածել են նրան տեղափոխող շտապ օգնության մեքենային: