-Քանի որ, երեխեք ջան, մենք բոլորս, ի՞նչ ենք, այո, օրինապես ազատ ենք, չէ՞,- առաջին ժամ, լսարանը լիքն է քնած ուսանողներով, ու մեր ընկեր․․․ ընկեր Ընկերը ինչ-որ բան է բացատրում մարդկանց իրավունքների ու ազատության մասին։
Հիմա իմ ընկեր Ընկերը կմտածի, թե ի՞նչ եմ խորհում մտամոլոր ու այլալված հայացքով։ Էլ չի ասի, որ բարդ բառեր եմ մտածում՝ նյութ գրելու համար։ Ախր, այ ընկեր Ընկեր, դուք մեզ ընդամենը մեկ կիսամյակ եք դասավանդելու ու մի նեղացեք, որ ես ձեր ազգանունը չեմ հիշում, որովհետև դուք էլ իմ անունը չեք հիշում․
-Բան ջան, աղջիկս, մի հատ էս մի հոդվածն ասա ու անցնենք առաջ։
Ոչինչ, ընկեր Ընկեր, դուք էլ ինձ «բան ջան» ասեք, ես դեմ չեմ։ Կարևորը՝ մի բան կսովորեմ մարդու իրավունքներից, ինչպես, օրինակ՝ անցյալ տարի սովորեցի, որ մարդիկ իրավահավասար են։
Մտածում եմ, երբ ավարտենք ու փողոցում իրար տեսնենք՝ կճանաչե՞նք։ Ես ձեզ նորից կասեմ․
-Բարև ձեզ, ընկեր Ընկեր։
Դուք էլ մի փոքր շփոթված կասեք․
-Բարև, բան ջան։
Ու երկուսս էլ ժպտալով կանցնեք փողոցը՝ ամեն մեկս մեր գործերով, մի փոքր հանգիստ, որ իրար ասել ենք հարազատ դարձած անվանումները։
Էլ ի՞նչ եք գլուխ կոտրում, այ ընկեր Ընկեր։ Չե՞ք տեսնում, որ առաջին ժամով մի քանիսը քնած ու սոված են, մնացածին պետք չեն մարդու իրավունքների հոդվածները՝ ամուսնանալու են ու մոռանան, իսկ ձեր սիրելի «բան ջան»-ն արդեն գիտի դրանք ու դուք երբեք նրա ձեռքին ուշադրություն չեք դարձնում։
Մտածում եմ, թե ո՞նց են հիմա իմ լավագույն տարիներն անցնում։ Հիշում եմ ավտոբուսում նստած տատիկների հոգնած դեմքերը ու պատկերացնում, որ սրանից մի քանի տարի առաջ իրենք էլ ինձ նման նստած են եղել դասին ու դասախոսին «ընկեր Ընկեր» են անվանել, որովհետև չեն հիշել ազգանունը։
«Նայի, դու էլ ես սենց լինելու մի օր։ Չնայած, եթե հիմա մարդու իրավունքները լավ սովորես՝ միգուցե լավ գործ ունենաս ու մի թեթև ջահել կերևաս»,- դե, կարիք չկա ասելու, որ ենթագիտակցությունս էր իրեն ցույց տալիս։
Հիմա ձեզ ո՞նց ասեմ, որ չնայած նրան՝ ձեր ազգանունը չեմ հիշում, բայց ձեզ ամենաշատն եմ կարոտելու, միշտ ժպտալով եմ հիշելու, նյութերիս մեջ ձեր անունն եմ գրելու ու չեմ հարցնելու․
-Ընկեր, կարո՞ղ եմ գրել ձեր մասին։
Մի երեք ժամ հետո տուն կգնամ, դրանից ևս երեք ժամ հետո մայրս կգա ու կասի․
-Ի՞նչ կար։
Ես էլ կասեմ․
-Հեչ, մարդու իրավունքներ կային։ Լավ էր, կրկին «նստիր, 9» ստացա։
Մայրս էլ կմտածի, թե ես մարդու իրավունքները լավ գիտեմ։ Էլ չի ասի, որ ես է՛լ, իմ ընկեր Ընկերն է՛լ մարդու իրավունքները գիտենք, բայց երբեք դրանք չենք պաշտպանում։
-Երեխեք ջան, դեկտեմբերի 10-ին էլ նշվում է մարդու իրավունքների պաշտպանության օրը։
-Բայց պաշտպանվո՞ւմ են դրանք,- առաջին նստարանից հարցրի։
-Նայած ժամանակ, բան ջան։
-Հա՜, սպասելի էր․․․
Իմ խոսքերի վրա, սովորականի պես, ավարտվեց առաջին ժամը ու մենք էլ հանգիստ գնացինք երկրորդին։ Ոչ մեկս էլ չէր մտածում ո՛չ դեկտեմբերի 10-ի, ո՛չ հոդված առաջինի, ո՛չ էլ ընկեր Ընկերի մասին։