Մենք հաճախ բարի ենք, մեկ-մեկ` նախանձ, իսկ երբեմն` հաճախն ու մեկ-մեկը տեղերը փոխած։
Օրեր են լինում` մենք տրանսպորտում տեղ ենք զիջում, բայց երբեմն էլ ուղղակի աչքերը փակում ենք, որ նույնիսկ չտեսնենք տարիքով մեծերին։
Մեկ-մեկ դասը ուշադիր լսում ենք ու մտքում ջղայնանում խանգարողների վրա, երկու-երկու էլ մենք հենց այդ խանգարողներն ենք։
Ժամանակ առ ժամանակ հավես է տնային գործերով զբաղվելը, բայց երբեմն էլ քեզ ոչինչ չի կարող կտրել բազմոցից ու հեռուստացույցից։
Հաճախ համեղ ենք պատրաստում, երբեմն՝ անհամ, մեկ-մեկ ինքնավստահ ենք, երբեմն` կոմպլեքսավորված, հաճախ գեղեցիկ ենք մեզ զգում, երբեմն` ոչ այնքան: Հաճախ այնքան լավ ենք աշխատում, որ մենք մեզ օրվա լավագույն աշխատող կոչում կտայինք, իսկ երբեմն էլ մենք մեզ գործից հաստատ կազատեինք: Մեկ-մեկ` երբեմն ու հաճախը տեղերը փոխած։
Մենք երբեք միշտ չենք ու ընդհանրապես, միշտը հեչ լավ բառ չէ, որովհետև մեր արարքներն ու բնավորությունը երբեմն փոխվում է, մեկ-մեկ էլ` հաճախ։ Մենք բոլորս հաճախ (երբեմն էլ մեկ-մեկ) իրար նման ենք, բայց սովորաբար անձնական վերաբերմունքից կամ մեզ արդարացնելու համար, վատ կամ լավ, «միշտ» ենք կցում իրար:
Փոփոխվելը միշտ պատճառ ունի: Մեկ-մեկ քեզ զննիր, որ «չմշտացնես» ուրիշներին: Միշտը իրոք հաճախ լավ բառ չէ, իսկ միգուցե երբեմն էլ մեկ-մե՞կ: